Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հակահեղափոխականներն ակտիվացել են․ այս հանրահավաքով պիտի ցույց տանք մեր ուժը»․Սուրեն Ավդալյան (տեսանյութ)

Օգոստոս 17,2018 17:33

Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Սուրեն Ավդալյանը, որն այսօր Գյումրիից ավտոերթով շարժվեց դեպի մայրաքաղաք՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Գնում եմ մասնակցելու այսօրվա հանրահավաքին, որովհետև գտնում եմ՝ հակահեղափոխականներն ակտիվացել են, աննախադեպ ակտիվություն են ցուցաբերում։ Դրա վառ ապացույցը Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցն էր։ Ես մինչ երեկ այս հանրահավաքն ընկալում էի մեկ այլ կերպ․ երեկվանից հասկացա, որ այս հանրահավաքը պետք է դիտվի, ընկալվի որպես ուժի ցուցադրություն դեպի հակահեղափոխությունը։

Ցանկացած հեղափոխություն, երբ այն տանում է դեպի ծաղկում, հարկ եղած դեպքում պետք է պահել ուժով։ Եվ երկրորդն՝ այդ ուժի ցուցադրությունը պետք է հստակ մեսիջ լինի բոլոր արտաքին ուժերին, որոնք փորձում են իրենց միջամտությունը բերել մեր ներքին քաղաքականության գործերին ու աջակցել հակահեղափոխական որոշ մարմինների։

Առաջին հերթին ինձ դա է մղել այսօրվա հանրահավաքին, երկրորդն՝ աջակցությունն է Նիկոլ Փաշինյանին․ ես գտնում եմ, որ եթե մենք այսօր հրավիրված ենք Հանրապետության հրապարակ հանդիպման Փաշինյանի հետ, ուրեմն Փաշինյանը գտնվում է մի իրավիճակում, որ ունի ժողովրդի աջակցության կարիքը։ Ժողովրդի վրա հենվելով՝ այս հեղափոխությունը ինձ համար չունեցավ կոնկրետ առաջնորդ։ Այս հեղափոխությունն արեց ժողովուրդը, ու պարոն Փաշինյանը, որն առաջադրվեց որպես ժողովրդի թեկնածու, մեր վարչապետն  է, ունի մեր աջակցության կարիքը նորից, ու եթե մենք հիմա, այս պահին չլինենք ավելի ուժեղ, քան երբևէ, այս հեղափոխությունն անմիաստ կլինի»։

Ըստ մեր զրուցակցի, մարդիկ չպիտի գնան Հանրապետության հրապարակ սելֆիներ անելու, որ տեսեք՝ մենք էլ ենք մասնակցել հանրահավաքի, այլ պիտի գնան այն հստակ գիտակցմամբ, որ ինքը հեղափոխության տերն է ու գնում է իր սեփականությանը տեր կանգնելու։

Իսկ թե 100 օրվա ընթացքում ո՞րն է եղել ամենազգալի ու կարևոր փոփոխությունը մեր երկրում, Սուրեն Ավդալյանն ասաց․«Ամենակարևոր փոփոխությունն իմ համար այն է, որ մարդիկ ցանկացած պետական կառույց մտնում են այն վստահությամբ, որ իրենց հարցը լուծվելու է, իրենցից չեն պահանջելու մաղարիչ կոչված ավանդական երևույթը՝  երբեմն փողի տեսքով։ Մարդիկ սկսել են հետաքրքրվել իրենց իրավունքներով, իսկ դա, կարծում եմ, ցանկացած պետության համար շատ կարևոր է, դա նույնիսկ պետության համար կյանք արժե, դա պետությանը կյանք տվող էլիքսիր է։ Իրավագիտակից քաղաքացի կցանկանա ունենալ ցանկացած երկրի ադեկվատ ղեկավար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031