Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գործունեության 100 օրվա ամփոփ տեղեկանք

Օգոստոս 17,2018 17:25

Հիմք ընդունելով  ՀՀ վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 2018 թվականի   մայիսի 11-ին Հրամանագիր է ստորագրել Սուրեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ տարածքային կառավարման և զարգացման նախարար նշանակելու մասին:

Մայիսի 18-ի նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով ձևավորվել է աշխատանքային խումբ, որը զբաղվում է քաղաքացիների կողմից ներկայացված դիմում-բողոքների ուսումնասիրման, բարձրացված խնդիրների արագ արձագանքման և վերջիններիս օպերատիվ լուծումներ տալու հարցերով: Ստացվել է 1000-ից ավելի  դիմում, որոնք հիմնականում վերաբերել են համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության, քաղաքաշինության, բնակարանային և կոմունալ տնտեսության, տրանսպորտ ու ճանապարհաշինության, սոցիալական ապահովության, կրթության և առողջապահության, փախստականների ու միգրացիայի, գյուղատնտեսության և հողօգտագործման բնագավառներին, ինչպես նաև աշխատանքի տեղավորման հետ կապված հարցերին։

Հանդիպումներ ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի, Իրանի, Ճապոնիայի,Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպանների, Մեծ Բրիտանիայի գործարար պատվիրակության, Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի, ԳՄՀԸ «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավարի հետ:

Հանդիպումներ և ոլորտային քննարկումներ միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների պատվիրակությունների հետ, որոնց թվում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, USAID-ի Save the Children, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, Ասիական զարգացման բանկի, World vision-ի հայաստանյան պատվիրակությունների հետ:

Հանգստյան օրերին ճանաչողական և աշխատանքային այցեր հանրապետության համայնքներ, որոնց շրջանակներում շրջայցեր է իրականացրել հունիսի 23-ին՝ Արմավիրի մարզի, հունիսի 30 և հուլիսի 1-ին` Արարատի մարզի, հուլիսի 21-22-ին` Տավուշի մարզի, հուլիսի 27-29-ին Սյունիքի մարզի համայնքներում, տեղում ծանոթացել է համայնքային խնդիրներին, քննարկել դրանք համայնքապետերի հետ: Այցերի ընթացքում հանդիպումներ է ունեցել համայնքների բնակիչների հետ, առանձնահատուկ ուշադրության են արժանացել սահմանապահ համայնքների խնդիրներն ու բնակիչների կարիքները:

Մարզային այցելություններից առաջ նախարարը ստացել է բազմաթիվ դիմում-բողոքներ համայնքների բնակիչների կողմից, որոնք բարձրաձայնվել և քննարկվել են համայնքի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում:

Հունիսի 19-ից նախարարի նախաձեռնությամբ մեկնարկել են երկշաբաթյա պարբերականությամբ աշխատանքային խորհրդակցությունները ՀՀ մարզպետների հետ: Մինչ օրս կայացել նախարար-մարզպետ ձևաչափով 5 խորհրդակցություններ, որոնք հնարավորություն են ընձեռել հետևել դրանց ընթացքում տրվելիք հանձնարարականների կատարման ընթացքին, արագ և օպերատիվ կերպով լուծել առկա խնդիրները:

Հունիսի 29-ին տեղի է ունեցել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարությունների կողմից համատեղ անցկացվող ամենամյա հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը։ Ստորագրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև միջտարածաշրջանային համագործակցության ծրագրի 2018-2021թթ. իրականացման միջոցառումների ծրագիրը։ Համաձայնագիր է ստորագրվել նաև տեղեկատվական անվտանգության ոլորտում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և ռուսական Այ Բի խմբի միջև փոխգործակցության վերաբերյալ։

Հուլիսի 8-ին նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին, որի նպատակն է ներգրավել առաջատար ռուսաստանցի գործարարների՝ սահմանամերձ համայնքներում ներդրումներ կատարելու համար: Համաժողովի ընթացքում նախարարը գործարարներին հորդորել է, որ օգնություն ցույց տալուց անցում կատարեն Հայաստանում ներդրում կատարելուն:

Հուլիսի 11-12-ն  աշխատանքային այց է իրականացրել Արցախի Հանրապետություն, հանդիպումներ ունեցել ԱՀ նախագահի, պետական նախարարի, գյուղատնտեսության նախարարի հետ: Այցի արդյունքում`  Արցախի Հանրապետության գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկում կազմակերպել վարչատարածքային բարեփոխումների շուրջ փորձի փոխանակման վերաբերյալ:

Հուլիսի 27-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի նախաձեռնությամբ Սյունիքի մարզի Գորիս համայնքում արցախցի գործընկերների համար կազմակերպվել է «ՀՀ վարչատարածքային բարեփոխումներ․ ձեռքբերումներ և անելիքներ» թեմայով շնորհանդես-քննարկում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, Արցախի հանրապետության ԱԺ պատգամավորներ, ՏԿԶ նախարարության, Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի և Արցախի տարբեր համայնքների և վարչական շրջանների պաշտոնատար անձինք։

Վարչապետին ուղեկցել է վերջինիս՝ Սյունիքի (hուլիսի 7-8) և Տավուշի (օգոստոսի 11-12) մարզի համայնքներ կատարած  այցերի ընթացքում:

Հուլիսի 20-ին Սուրեն Պապիկյանը հանդիպել է «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։

Նախարարն  իր մտահոգություններն է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։

Նախարարի հանձնարարությամբ  Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը նախաձեռնել է համայնքների հողի և գույքի օտարման միասնական առցանց տեղեկատվական հարթակի ու համայնքների անձնագրերի կազմման գործընթաց: Առաջինը ենթադրում է, որ յուրաքանչյուր համայնք տարվա սկզբում պետք է ներկայացնի օտարման ենթակա այն գույքի, այն հողերի ցանկը, որ այդ տարի ենթադրվում է, որ պետք է օտարվի: Պետք է նշվի նաև օտարման արդյունքում ստացվող ակնկալիքները` ինչ են տալու համայնքին  և որտեղ են օգտագործվելու առաջացած ֆինանսական միջոցները: Սա երկու հիմնական խնդիր է լուծում. մի կողմից խնամի-ծանոթ-բարեկամների համար համայնքապետերի թեթև ձեռքով ավագանու որոշմամբ հողակտոր օտարելու հարցը, իսկ մյուս կողմից ստեղծում նոր ներդրումների հնարավորություն /տեղի և արտերկրի ներդրողների ներգրավմամբ/: Ինչ վերաբերում է  համայնքների անձնագրին, ապա այն արտացոլելու է համայնքի ընդհանուր պատկերը՝ բնակլիմայական պայմանները, ժողովրդագրական պատկերը, համայնքում առկա ռեսուրսը և զարգացման հնարավորությունները:

Մասնակցություններ մի շարք ծրագրերի ու կենտրոնների բացմանը, մասնավորապես՝ Ամասիա համայնքում Եվրամիության կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն Շիրակի մարզին։ Նոր աշխատատեղեր շնորհիվ բրդի արտադրության» ծրագրի, Ստեփանավանում քաղաքացիների սպասարկման գրասենյակի, Դեբեդ համայնքում COAF Smart Center-ի բացման հանդիսավոր արարողություններին:

Համայնքներում կրթության զարգացման շրջանակներում նախարարը հուլիսի 25-ին այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, հուլիսի 31-ին հանդիպում-զրույց է ունեցել «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի ղեկավար թիմի հետ:

Տեղեկատվություն    հաշվետու 100-օրյա ժամանակահատվածում տարածքային կառավարման ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքների վերաբերյալ

Համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթաց

ՀՀ տարածքային համաչափ զարգացումն ապահովելու,  ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքները  զարգացնելու  նպատակով շարունակվում է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը` ուղղված ՀՀ համայնքների ճանապարհների, այգիների, հրապարակների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, հանրային և համայնքային շենքերի վերանորոգմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը և այլն:

Մինչ այժմ հավանության է արժանացել համայնքների կողմից ներկայացված թվով 117 ծրագիր, որից 33-ը` 2018 թվականի հուլիսի 13-ին կայացած միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: 117 ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 4,54 մլրդ ՀՀ դրամ, որից պետական բյուջեի համաֆինանսավորման չափը` 1,4 մլրդ ՀՀ դրամ:

Հավանության արժանացած վերոհիշյալ ծրագրերից 2018 թվականի օգոստոս ամսին ՀՀ պետական բյուջեից կհամաֆինանսավորվի 50 ծրագիր` 596,0 մլն ՀՀ դրամ արժեքով` ուղղված համայնքների ճանապարհների, հրապարակների, մանկապարտեզների, մշակութային տների կառուցմանն ու վերանորոգմանը, էներգախնայող լուսավորության անցկացմանը, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու վերանորոգմանը:

Գործընթացի շրջանակներում մոտակա օրերին նախատեսվում է ևս 100 ծրագրերի քննարկում` 1,7 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափը կկազմի մոտ 1,0 մլրդ ՀՀ դրամ:

ՀՀ մարզերի համայնքներում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների վերաբերյալ

ՀՀ մարզերի համայնքներում անհրաժեշտ տնտեսական միջավայրի բարելավման համար նախատեսվում է իրականացնել թվով շուրջ 230 ծրագիր՝ ավելի քան 4,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով, որից՝ մոտ 570 մլն դրամը կտրամադրվի համայնքային բյուջեներից: Վերոնշյալ ծրագրերից նախագծա-նախահաշվային փաստաթղթեր ունեն թվով 43-ը։ Ծրագրերը հիմնականում ուղղվելու են հանրակրթական, նախադպրոցական, առողջապահական հաստատությունների, ջրամատակարարման, ոռոգման ցանցերի վերանորոգմանը։

Միավորված բազմաբնակավայր համայնքներում իրականացված ծրագրեր

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագրի» շրջանակներում Աշոցք, Ուրցաձոր, Գորայք, Ջերմուկ, Զառիթափ, Տեղ, Կողբ, Նոյեմբերյան և Այրում (թվով 9) միավորված բազմաբնակավայր համայնքներին տրամադրվել է 36 միավոր տեխնիկա (ավտոգրեյդերներ, հողհարթեցնող տապաններ, տրակտորներ, խոտհնձիչներ, բեռնատար ինքնաթափեր, հացահատիկային կոմբայններ և այլն)

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հետ համատեղ , «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում քաղաքացիների սպասարկման գրասենյակներ են հիմնվել Ստեփանավան և Կողբ միավորված բազմաբնակավայր համայնքներում: Նույն ծրագրի շրջանակում Կապան, Սիսիան, Տեղ, Ապարան, Արագածավան, Բյուրեղավան, Ջրվեժ, Չարենցավան, Եղվարդ, Անի, Արենի և Օձուն համայնքներում ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ (ՀԿՏՀ), որի շնորհիվ համայնքային վարչական ծառայություններն հավասարապես հասանելի են դառնում համայնքի կենտրոնում և բնակավայրերում: Տեղեկատվական համակարգերի շահագործման նպատակով ուսուցանվել են 330 համայնքային ծառայողներ:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման 
նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Պարոն Նախարար կուզեի իմանալ Ձեր այցելությունների ժամանակ Ձեր բնական կարիքները ոնց եք հոգացել?Խնդրում եմ մեծ ուշադրություն դարձրեք միջպետական ճանապարհներին սան հանգույցների առկայությանը. հատկապես այն ճանապարհներին որոնցով զբոսաշրջիկներն են երթևեկում:Արդյոք տեսել եք Դիլիջանում Մ. Մկրտչյանի արձանի շրջակայքի աղտոտությունը?

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031