Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանն ի՞նչ կասի նրա մասին, որ Սպարապետի մայրն օրերով նստած էր նախագահականի մոտ, ինքը չէր ընդունում». Էմմա Խուդաբաշխյան

Օգոստոս 17,2018 17:19

ՀԺԿ նախաձեռնող խմբի անդամ, նախկին պատգամավոր Էմմա Խուդաբաշխյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցրած տեսակետների առիթով մի դրվագ հիշեց Քոչարյանի նախագահության տարիներից:

Aravot.am-ի հետ զրույցում Էմմա Խուդաբաշխյանը պատմեց. «Սպարապետ Վազգեն Սարգսյանի մայրն օրերով որ նստած էր նախագահականի առաջ և նստացույց էր անում օրերով, գիշերներով, Քոչարյանն իրեն չէր ընդունում: Այսօր Քոչարյանը խոսում է արդարությունից, ասում է, թե ես մեկուսացված եմ, բա չի՞ հիշում, թե ինքն ինչ էր անում»:

Հետաքրքրվեցինք՝ ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն ստացավ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից, Էմմա Խուդաբաշխյանը վստահեցրեց՝ Քոչարյանն իր ոճի մեջ էր, ինքն իր բնավորությունը չի փոխել: Այնուհետև հիշեց. «Ինքն անգամ կանանց նկատմամբ է հաշվեհարդար տեսել, չի ներել ընդդիմախոս կանանց, ինքը մոռացե՞լ է այդ բոլորը: Եվ, ամենակարևորը, Սպարապետի մայրը նստած նախագահականի մոտ, չէր ընդունում օրերով, ի՞նչ կասի դրա մասին»:

Մեր հիշեցմանը, թե Ռոբերտ Քոչարյանը պնդում է, որ ունի աջակիցներ, Էմմա Խուդաբաշխյանն արձագանքեց՝ թող գան, կանգնեն Քոչարյանի կողքին, ո՞ւր են: Էմմա Խուդաբաշխյանը հայտարարեց՝ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահական ընտրություններում առաջին փուլում չի ընտրվել նախագահ. Դեմիրճյանն է ընտրվել: Այնուհետև նշեց, թե Քոչարյանի արածների դիմաց Սերժ Սարգսյանը հրեշտակ է, քանի որ Սերժ Սարգսյանի ժամանակ քաղաքական սպանություններ չեն եղել. «Չեմ ուզում Սերժ Սարգսյանին գովալ, ի սեր Աստծո, դա ինձ հետաքրքիր չէ, բայց Քոչարյանի արածներն անտանելի են եղել: Ինքը հիշաչար մարդ է եղել, և մինչև հիմա էլ դա իր դեմքից երևում է»:

Մեր դիտարկմանը՝ Ռոբերտ Քոչարյանի խոսքում այն զգուշացումը կար, թե կդառնա քաղաքական բանտարկյալ՝ իր տպավորությամբ, դա զգուշացո՞ւմ, սպառնալի՞ք, թե՞ քաղաքական դիվիդենտներ շահելու համար արված հայտարարություն էր, Էմմա Խուդաբաշխյանը պատասխանեց. «Քաղաքական դիվիդենտներ»:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում պետք է դատական մարմինները ճիշտ որոշում կայացնեն, և ամեն մեկն անցնի իր աշխատանքին, որ ժողովրդի մոտ էլ նոր իշխանությունների նկատմամբ հիասթափություն չառաջանա:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031