Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում, որի հյուրերն էին օրերս Եվրոպայի առաջնության սինքրոն աշտարակացատկում բրոնզե մեդալ նվաճած Լեւ Սարգսյան-Վլադիմիր Հարությունյան զույգը եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը, նշվեց, որ սա առաջին մեդալն է, որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունում մեր ջրացատկորդները նվաճում են անկախ Հայաստանի պատմության մեջ:
Նշվեց նաեւ, որ խորհրդային տարիներին ջրացատկը եղել է Հայաստանի առաջատար մարզաձեւերից մեկը ու տվել է այնպիսի լեգենդներ, ինչպիսիք են օլիմպիական խաղերի մեդալակիրներ Դավիթ Համբարձումյանը, Սիրվարդ Էմիրզյանը, ԽՍՀՄ եւ միջազգային մրցաշարերի բազմակի չեմպիոններ եւ մրցանակակիրներ Սերժ Քոչարյանը, Վասիլի Կուվշինկինը, Արսեն Ջավադյանը, Ռաֆայել Բաղդադյանը, Արմինե Մելքումյանը, Մարիետա Հակոբյանը եւ էլի շատ ուրիշներ:
Սակայն Հայաստանի անկախացումից հետո լողավազանները փակվեցին, եւ ջրային մարզաձեւերը գրեթե վերացան: Եվ այս մեդալը առաջին ծիծեռնակն է ջրային մարզաձեւերի վերածնման ճանապարհին:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը ցավով նշեց, որ Հայաստանում ջրացատկով զբաղվելու համար միակ տեղը Դավիթ Համբարձումյանի անվան մարզադպրոցն է, սակայն այդ մարզակառույցն էլ շատ հին է եւ նախատեսված չի եղել սինքրոն աշտարակացատկի եւ սինքրոն ոստնակացատկի համար, որոնք նոր դիսցիպլիններ են: Իսկ մյուս սեփականաշնորհված լողավազաններում դրանց տերերը աշտարակները կամ քանդել են, կամ էլ ձեւափոխել ըստ իրենց «ճաշակի», որտեղից ցատկելը վտանգավոր է մարզիկի կյանքի համար:
Պատասխանելով հարցին, թե ինչպես պատահեց, որ բրոնզե մեդալ նվաճեցին, Լեւ Սարգսյանն ասաց. «Սինքրոն ջրացատկը նույնպես թիմային մարզաձեւ է, ինչպես ֆուտբոլը: Այստեղ էլ զույգը մարզչի գլխավորությամբ թիմային աշխատանք է կատարում, որի անդամները պետք է հասկանան միմյանց, լինեն ներդաշնակ: Արդեն մեկ տարի մենք գնում էինք մեդալի հետեւից ու նպատակին հասնելու համար անում ամեն ինչ: Շատ էինք ցանկանում ցույց տալ, որ Հայաստանում ջրացատկը դեռ ողջ է, որ հայ ջրացատկորդները մրցունակ են ցանկացած երկրի մարզիկների համար: Ուրախ եմ, որ դա անել մեզ հաջողվեց: Հիմա հույս ունեմ, որ ջրացատկն այստեղ ավելի շատ ուշադրության կարժանանա»:
Վլադիմիր Հարությունյանը հավելեց. «Շատ դժվար է եվրոպական, համաշխարհային մակարդակի հասնել այն պայմաններում, որտեղ մենք ենք մարզվում: Բայց մեր մարզչի ղեկավարությամբ արեցինք ամեն ինչ Եվրոպային շոկի մեջ գցելու համար, եւ դա մեզ հաջողվեց: Ցանկությունը մեծ է զարգացնել այս ձեռքբերումը եւ Հայաստանի դրոշը միշտ բարձր ծածանել»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ