Լրահոս
Օրվա լրահոսը

«100 օրվա ընթացքում հասկացանք, որ մեր երկիրը միայն քերթել են»․ գյումրեցիներն ավտոերթով միանում են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին

Օգոստոս 17,2018 16:18

Այսօր մեծ թվով գյումրեցիներ հավաքվել էին Գարեգին Նժդեհ փողոցում տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի դիմաց՝ ավտոերթով մայրաքաղաք շարժվելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու։ Ավտոերթը համակարգող Կարեն Խաչատրյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ 5 օր է՝ ինչ հայտարարություն են տվել, մեծ թվով գյումրեցիներ՝ տարբեր բնագավառներից, եկել են ՔՊ գրասենյակ, հերթագրվել հանրահավաքին մասնակցելու։ Այսօր 50-ից ավելի մեքենաներով են շարժվելու դեպի մայրաքաղաք, ճանապարհին  միանալու են Արթիկի, Մարալիկի ու շրջակա գյուղերի բնակիչները։

Հանրահավաքին մասնակցող երիտասարդներից մեկը՝ Արմեն Մելքոնյանն ասաց․ «Ամենակարևոր փոփոխությունը հարյուր օրվա ընթացքում այն է, որ ժողովուրդն է իշխանությունն իրականացնում։ Ու այսօր գնում ենք այդ փաստը մեկ անգամ ևս ամրագրելու։Մեկ անգամ ևս մեր վստահությունն ենք հայտնում պարոն Փաշինյանի կառավարությանը, որպեսզի նորանոր բարեփոխումներով, նորանոր ժպիտներով այս երկիրը տանի առաջ»։

Մեկ այլ երիտասարդ էլ ասաց․ «Փոփոխությունները կշարունակվեն, նախ այն, որ մարդիկ հասկացել են՝ կարող են բան փոխել երկրում։ 20 կամ 30 տարի երևի՝ արցախյան շարժումից ի վեր, մեր ազգաբնակչությանը  թվում էր, թե ամեն բան կանխորոշված է, ինքը ոչինչի չի կարող անել։ Հուսով եմ, որ ավելի մեծ թվով մարդիկ այդ զգացողությունը կունենան, որ իրենք երկրում կարող են ինչ-որ բան փոխել»։

Ակտիվիստ Վահագն Խաչատրյանն էլ  ասաց․ «Ճիշտն ասած՝ 100 օրն ամփոփելուց ինձ ամենակարևորը կոռուպցիայի բացահայտումներն են։ Հասկացանք մի բան, որ Հայաստանի Հանրապետությունը միայն քերթել են, ինչքան կարողացել են, կերել են, թալանել են։ Եվ ամենակարևորը 100 օրվա` Ռոբերտ Քոչարյանին բերելն է պատասխանատվության, որովհետև մարտի մեկը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ամոթն է։ Վստահ եմ, Ռոբերտ Քոչարյանը կնստի բանտախցում, երկար չի մնացել դրան։ Քոչարյանն ուզում է վերադառնալ քաղաքականություն՝ իր հին միջոցներով, մեթոդներով՝ չհասկանալով, որ սա նոր իրավիճակ է։ Երեկվա իր հարցազրույցից մի բան հասկացա, փորձում էր ասել՝ դուք ո՞վ եք, Ռուսաստանին իրավունք չունեք պարտադրելու, Եվրոպային իրավունք չունեք պարտադրելու։ Պարոն Քոչարյանին պիտի ասենք, որ Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է,  անկախ է իր միջազգային և արտաքին հարաբերություններում, և պարոն Քոչարյանը պիտի հասկանա, որ սա 2008 թիվը չէ, սա 2018 թվականն է, նոր սերունդն է փողոց դուրս եկել»։

Մասնակիցներից մեկն էլ ասաց, որ 100 օրվա ընթացքում մարդիկ սկսել են ժպտալ, սկսել են վերադառնալ հայրենիք. «100 օրվա ընթացքում հնարավոր չէր հետ բերել  20 տարվա կեղեքածները, բայց տեսնում ենք, որ աշխատում են»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031