«Հուսով ենք՝ սինքրոն աշտարակացատկում մեր տղաների նվաճած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը կփոխի վերաբերմունքը ջրացատկի նկատմամբ: Նկատի ունեմ թե մարզաբազայի, թե գույքի, թե ֆեդերացիայի բյուջեի խնդիրները», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ջրացատկի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը:
Մեզ հետ զրույցում պարոն Չանդիրյանը նշեց, որ Հայաստանի ջրացատկորդների կատարումներով հիացած էր ամբողջ Եվրոպան, իսկ մեդալների համար պայքարում մեր հիմնական մրցակիցների, որոնք մարզաձեւի գերտերություններ են համարվում, կյանքը Եվրոպայի առաջնությունում խաթարվել էր:
Հրաչյա Չանդիրյանն ասաց, որ ինքը, ֆեդերացիան եւ տղաները մրցավայր մեկնելուց առաջ հավատում էին, որ սինքրոն աշտարակացատկում մեդալ նվաճելու ի վիճակի են: «Թող ամպագորգոռ չհնչի, ծանր աշխատանք ենք կատարել՝ փաստացի ունենալով նվազագույն պայմաններ: Ում ասես՝ չի հավատա, որ Եվրոպայի առաջնություն մեկնել ենք առանց նախապատրաստական ուսումնամարզական հավաք անցկացնելու, առանց շատ թե քիչ բարվոք վիճակում գտնվող լողավազանում մարզվելու, առանց նորմալ աշտարակի ու ոստնակների: Սինքրոն աշտարակացատկում մեր տղաները Հայաստանում ոչ մի անգամ միասին չեն ցատկել` համապատասխան աշտարակ չկա: Միայն սկզբնամասն են՝ մինչեւ աշտարակից հրման գծին հասնելը, երկուսով հղկելու հնարավորություն ունեցել, այն էլ՝ լողավազանի եզրին կամ դահլիճում: Մնացածը կատարել են առանձին-առանձին: Նրանց ցատկերի տարրերը, մաքրության աստիճանը, տեխնիկան եւ ժամանակի տեւողությունը մտապահել, համադրել եմ հիշողությունով: Իսկ Շոտլանդիայում, ինչպես ամեն անգամ, մեկնարկից առաջ լիարժեք մեկ կամ երկու մարզման հնարավորություն ենք ունեցել», – ասաց մարզիչը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ