Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս»

Օգոստոս 17,2018 14:09

«Առավոտի» զրուցակիցն է «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը

Ամուլսարի շահագործման դեմ շարժումը վերջին շրջանում ավելի լայն թափ ստացավ. Մարդիկ փողոցներ փակեցին, բողոքի տարբեր ակցիաներ իրականացրին: Հիմնական մտահոգությունները վերաբերում են թթվային դրենաժի կարգավորմանը եւ ցիանիդի օգտագործմանը, որոնք կվնասեն խմելու ջուրը: Այս ուսումնասիրությունները նախօրոք չէի՞ն իրականացվել: Հանքի շահագործման դեմ պայքարողների փաստարկներին ի՞նչ ունեք հակադրելու:

– Ջրին, հողին, շրջակա միջավայրին ոչ մի վտանգ չի սպառնում: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել, որ Ամուլսարի կողմից կիրառվող պաշտպանիչ միջոցառումները բացառիկ են Հայաստանի համար և կիրառվում են միջազգային լավագույն հանքերում: Ցիանիդի մասին արդեն զավեշտալի է խոսել, երբ Ամուլսարից քիչ թե շատ տեղյակ բոլորը գիտեն, որ այն կիրառվելու է լիովին փակ ցիկլով ու ոչ մի տեղ չի արտահոսելու: Ինչ վերաբերում է հետազոտություններին. որտեղի՞ց են ընդհանրապես հայաստանյան բնապահպաններն իմացել թթվային դրենաժի մասին: Մեր հետազոտություններից: Փորձեք գտնել գոնե մի հրապարակում, հայաստանյան հարյուրավոր բնապահպանական կազմակերպությունների կողմից, որտեղ հիշատակվում է թթվային դրենաժի խնդիրը. մինչև այդ մասին գրեց Լիդիանը իր փաստաթղթերում 2015-ին: Ընդ որում, մենք նկարագրել ենք այն բոլոր ժամանակակից միջոցառումները, որոնց շնորհիվ ջրի վրա ոչ մի բացասական ազդեցություն չի լինելու: Հա’մ մեզանից իմացել են այդ խնդրի մասին, հա’մ մեր դեմ են ուզում օգտագործել: Ես նման մոտեցմանը կարող եմ միայն մեկ բան հակադրել. ուրախ ենք, որ ակտիվիստներին ծանոթացրել ենք հանքարդյունաբերության մեջ այս կարևոր խնդրին: Ամուլսարում կառուցվում են կանխարգելման ամենաժամանակակից միջոցառումները: Հիմա, հուսամ, իրականում անկեղծ մտահոգ բնապահպանները այս գիտելիքը ճիշտ կօգտագործեն, և կփորձեն պարզել թե մինչ այժմ ինչպե՞ս է վերահսկվել թթվային դրենաժը հայաստանյան այլ ծրագրերում:

Ամուլսարի հանքի 600 աշխատակից ազատվել է աշխատանքից, ծրագրի իրականացման աշխատանքները դադարեցվել են. արդյո՞ք սա նշանակում է, որ ծրագիրն ընդհանրապես կփակվի: Ի՞նչ չափի ներդրումներ են արվել արդեն, դրանք ինչպե՞ս պետք է փոխհատուցվեն:

– Ծրագիրը օրինական հիմքով չի կարող «փակվել»: Դրա համար չկան ո’չ իրավական, ո’չ բնապահպանական նախադրյալներ: Լիդիանը անցել է օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը, և ի հեճուկս տարբեր ուժերի կողմից տարիներ շարունակ ստեղծված արհեստական խոչընդոտների, արդար ճանապարհով ստացել է լիովին օրինական շահագործման իրավունքը և արդեն իսկ ներդրել է ավելի քան 350 միլիոն դոլար շինարարության մեջ: Աշխարհի ցանկացած պրոֆեսիոնալ աուդիտ կապացուցի, որ Ամուլսարի ծրագրում իրականացվող բնապահպանական միջոցառումները համապատասխանում են միջազգային չափանիշներին և աննախադեպ են Հայաստանի համար: Հետևաբար, չկա որևէ հիմք ծրագիրը կասեցնելու համար, ո’չ իրավական, ո’չ բնապահպանական ամենախիստ չափանիշների տեսանկյունից: Մի խումբ մարդիկ ապօրինի խոչընդոտում են ընկերության աշխատանքները: Քանի դեռ ճանապարհները փակ են, մենք ստիպված ենք լինելու աշխատանքից ազատել մարդկանց, մինչև որ խնդիրը ստանա օրինական, իրավաչափ լուծում: Արդար, իրավական, օրինական և շուտափույթ լուծումը ամեն առումով բխում է պետության շահերից:

Վերջերս վարչապետը հայտարարեց, որ հանձնաժողով է ստեղծվելու, որը պետք է ուսումնասիրի Հայաստանում մետաղական հանքերի շահագործման պայմանները: Աշխատանքներ արդեն տարվո՞ւմ են, նախնական արդյունքները հայտնի՞ են: Ի՞նչ մտահոգություններ ունեք, այդ ստուգումները ի՞նչ գաղտնիքներ կարող են հայտնաբերել կոնկրետ Ամուլսարում:

– Չկա որևէ աուդիտ կամ ստուգում, որի հետ կապված մենք ունենանք մտահոգություն, եթե այդ ստուգումները արդար են, պրոֆեսիոնալ ու հավասար կիրառվելու են բոլորի հանդեպ: Չկա ոչ մի գաղտնիք: Այցելեք մեր կայքը, ու կտեսնեք, որ Հայաստանում որևէ ոլորտում չկա ավելի բաց և թափանցիկ ընկերություն` թե’ բնապահպանական, թե’ ֆինանսական տեսանկյունից: Միաժամանակ ուզում եմ շեշտել, որ թե’ մեր բաժնետերերը, թե՛, վստահ եմ նաև միջազգային ներդրումային շուկան Հայաստանից ակնկալում են հավասար խաղի կանոններ, և չեն հանդուրժի վհուկաորս: Տարիներ շարունակ մենք աշխատել ենք այնպիսի պայմաններում, որ ստիպված ենք եղել մաքուր ու ազնիվ լինելու համար վճարել ամենաբարձր գինը` անընդհատ կռիվ տալ նպատակային, կազմակերպված և պատվիրված ապատեղեկատվության դեմ: Եթե այլ ծրագրերից ակնկալվել է  x  քանակի ջանքեր, մենք արել ենք x անգամ հարյուր: Կարծում եմ, ժամանական է, որ այս իրավիճակը փոխվի: Երկրի շահերից է բխում, որ ակնհայտորեն ամենաբարձր չափանիշներ կիրառող Ամուլսարի հանդեպ դադարեցվի ակնհայտորեն ամենալայնամասշտաբ և անարդար հետապնդումը, որը տարիներ շարունակ կրել է հակաիրավական բնույթ: Հանքարդյունաբերության ոլորտում հավասար չափանիշների կիրառումը, հավասար մրցակցային դաշտի ստեղծումը բխում է թե’ բնապահպանական չափանիշների բարելավման, թե նաև ներառական տնտեսության և իրավական պետության կայացման շահերից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031