Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը կայացրած դատավորը ինքնաբացարկի հիմքեր չի տեսնում

Օգոստոս 17,2018 13:38

«Ինքս ինձ չվստահե՞մ, եթե բոլորն ինձ վստահում են: Ես կոնկրետ կաշկանդվածություն չեմ զգացել»,-Aravot.am-ի հարցին՝ ինքնաբացարկ ներկայացնելու տարբերակ իր մտքով անցե՞լ է, այսպես պատասխանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը  կայացրած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Հիշեցնենք՝ ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը Ալեքսանդր Ազարյանի մասին այսպես էր արտահայտվել.  «Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում եւ հայտարարել է, որ, թեեւ հայտարարել է, բայց կաշկանդվածություն չունի այս գործի քննության հետ կապված: Միայն աշխատելը ես էլ չէի գնահատի նրա անկողմնակալության մասին, եթե լիներ միայն այս փաստը, բայց պարոն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ այս գործով»:

Լրագրողների հետ զրույցում ՀՔԾ ղեկավարը թղթապանակից հանեց մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրվում էին դատավոր Ազարյանի կայացրած վճիռները մարտի 1-ի գործերով: Սասուն Խաչատրյանն ասաց. «Նա մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ՝ այնպիսի ձեւակերպումներով, որտեղ խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես զանգվածային անկարգություններին մասնակիցներ: Այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքների կրողը նա մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ ինքը այս ձեւակերպումներով բազմաթիվ մարդկանց է դատապարտել: Եվ, չհայտնելով այդ մասին, որ ինքն այդ դեպքերի վերաբերյալ ունի կանխակալ վերաբերմունք, որոշում է կայացրել այս գործով»:

Այս առիթով Ալեքսանդր Ազարյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց. «Սասուն Խաչատրյանն իրավասու անձ չէ, որը կարող է ասել, թե ընդհանրապես դատավորն ինչ պետք է անի, ինչ է պարտավոր անել: Նա կարող է իրենց պարտավորությունների մասին իր ենթականերին տեղեկացնել»:

Այն, որ ՀՔԾ պետը, վկայակոչելով դատավոր Ազարյանի վճիռները մարտի 1-ի գործով, հայտարարել էր, թե դրանցում նա խաղաղ ցուցարարներին ամբոխ է անվանել և այլն, Ալեքսանդր Ազարյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. «Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, և եթե պարոն Խաչատրյանին դա հայտնի չէ, ասեմ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենք է բոլորի, այդ թվում հենց Սասուն Խաչատրյանի համար: Երկրորդը, ես զարմանում եմ այդ ոչ պրոֆեսիոնալիզմի վրա, որ իրավաբանը, չեմ ասում, բարձր կարգի մասնագետը, դժվար նման արտահայտություն իրեն թույլ տար: Ես չեմ կարծում, որ ընդհանրապես իրավաբանը նման գնահատական կարող է տալ օրենքին. օրինական ուժի մեջ մտած դատական ակտն օրենք է: Ես իմ դատավճիռների մեջ խոսել եմ հենց կոնկրետ ամբոխի, ոչ թե խաղաղ ցուցարարների մասին: Բոլորս էլ գիտենք, որ եղել են և՛ խաղաղ ցուցարարներ, և՛ ամբոխ, որն իր գործողությունները զուգորդել է՝ այրելով մեքենաներ, թալանելով խանութներ: Հիշում եք, չէ՞: Թե՞ իրավիճակ է փոխվել, չեք հիշում, որ նման բան է եղել: Այսինքն՝ եղել են խաղաղ ցուցարարներ և ամբոխ, և ես իմ դատավճիռների մեջ խոսել եմ ոչ խաղաղ ցուցարարների մասին, այլ ամբոխի: Իսկ եթե իրավիճակային փոփոխություններից հետո պարոն Խաչատրյանն ամբոխն ու խաղաղ ցուցարարները մեկ ընդհանուր հասկացության մեջ է միացնում, վտանգ եմ տեսնում այդտեղ»:

Ալեքսանդր Ազարյանը հայտարարեց՝ Սասուն Խաչատրյանն ինչո՞ւ չի ասում, կամ էլ այս վերջերս նման թեմա քննարկող անձինք ինչո՞ւ չեն  ասում, որ մարտի 1-ով ունեցել եմ նաև արդարացման դատավճիռներ: Դատավորը պնդեց, եթե կաշկանդված լիներ այն ժամանակվա գործող իշխանությունների մոտեցումներով, չէր կայացնի արդարացման դատավճիռ. «Արարքների վերաորակումներ եմ ունեցել, որոնք արդարացման դատավճիռներից ավելի հզոր էին իրենց մոտեցումներում: Միտում եմ տեսնում կոնկրետ իմ անձի դեմ, բայց չեմ վախենում, արհամարհում եմ: Ցանկացած իշխանությունների ժամանակ միայն օրենքով եմ ղեկավարվել»:

Մեր հարցին` արդյոք կաշկանդող հանգամանք չի՞ նաև, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմում է աշխատել, Ալեքսանդր Ազարյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է կաշկանդեր, եթե ես այդ մարդուն տեսել եմ Նոր տարուց Նոր տարի, երբ բոլոր աշխատակիցներին շնորհավորում էր: Մենք առանձին մասնաշենքերում ենք նստել… այս հարցազրույցը չստացվի, որ արդարանում եմ: Ես իրոք ինքնաբացարկի հիմքեր չեմ տեսել: Առաջարկեցի, ասացի՝ գիտեք ժողովուրդ, նման պայմաններում աշխատել եմ, իմ հրամանագրերը այդ մարդն է տվել, սակայն երբ վարույթ էի ընդունում գործը, ինքս իմ վրա էի մակագրում գործը որպես դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, ես չեմ տեսել նման հիմքեր: Եթե կարող եք այնպիսի ծանրակշիռ փաստեր բերել, որոնք կհամոզեն հակառակում, մեծ սիրով կքննարկեմ, և եթե գտնեմ հիմքեր, կընդունեմ ինքնաբացարկ: Կներեք, բայց ոչ ոք չհայտնեց, ինքս ինձ  չվստահե՞մ, եթե բոլորն ինձ վստահում են: Ես կոնկրետ կաշկանդվածություն չեմ զգացել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ապրեք դատավոր ջան. ԿԵՑՑԵՔ ՁԵՐ ՍՐԱՄԻՏ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ, ԻՍԿ ԱՄԵՆԱԳԼԽԱՎՈՐՆ Է ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐՈՎ: Դե ՀՔԾ-ի պետից էլ շատ մի նեղսրտվեք: Տղեն ինքնահաստատվելու բարդույթ ունի, բայց մասնագիտական խելքը, եթե երբևէ ունեցել է, թռցրել է, բայց ձեռք է բերում լրագրողական ունակություններ, այն էլ՝ ոչ օբյեկտիվ յուրովի հայերեն թարգմանված տեղեկատվություն տարեծելով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031