Բանաստեղծ, գրականագետ Վահե Արսենը Aravot.am-ի հետ զրույցում, խոսելով հայաստանյան վերջին իրողություններից, նշեց. «Հայաստանը քսանից ավելի տարիներ այնպիսի իրավիճակում էր, որ հեղափոխությունն այլընտրանք չուներ: Շատերն ասում են՝ իշխանափոխություն էր, բայց ես պնդում եմ, որ սա հենց հեղափոխություն էր, որն անմիջապես վերածվում է մշակութային հեղափոխության: Այլեւս հնարավոր չէր ֆեոդալական կարգերով ապրել: Մի չնչին տոկոսի ձեռքին իշխանություն կար, ինչ ուզում-անում էր, իսկ ժողովուրդը լուռ հետեւում էր, թե նրանք ինչպես են իրենց կյանքը վայելում, իսկ ինքն ընդամենը հացի խնդիր էր լուծում, կամ եթե չէր լուծում, գնում էր արտասահման, որ ինչ-որ բան վաստակեր, ուղարկեր հարազատներին օրվա հաց հոգալու համար…»:
Բանաստեղծը շեշտում է. «Սա իշխանափոխություն չէր, այլ իրական հեղափոխություն, որն ակտիվ չլինելու դեպքում կարող է կիսատ մնալ»:
Նրա խոսքերով. «Նոր իշխանությունները, որոնք ընտրություններով դեռ գալու են իշխանության, պետք է անպայման հաշվի առնեն նախկինների սխալները, նաեւ նրանք, որոնք արդեն եկել են իշխանության՝ համաժողովրդական ալիքի վրա: Ամեն օր պետք է այդ սխալները քննվեն, որ բացառվեն…»:
Վահե Արսենը մի ցավալի փաստ է բերում. «Իմ պապիկը՝ ճանաչված բարբառագետ, մանկավարժ եւ լրագրող Սամվել Արսենյանը ունի վեց թոռ, սակայն այդ վեցից այսօր միայն ես եմ Հայաստանում: Բոլորը կարող ուժեր են, բայց նեղացած հեռացան Հայաստանից: Երբ կրտսեր եղբորս էլ ճանապարհեցի, որը վերջինն էր ու մնացել էր ինձ հետ, եկա բանաստեղծություն գրեցի այդ մասին… Իսկ քույրս գնաց, որովհետեւ դեղի խնդիր չէր լուծվում Հայաստանում….»:
Կարդացեք նաև
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադառնալուն: Վահե Արսենը նշեց. «Քոչարյանը վաղուց քաղաքականություն վերադառնալու իր էջերը փակել է մարտի 1-ով: Ինձ համար սա իրականում մարտի 1-ի կռիվը չէ… Այլոց սպասարկող ծառայամիտներ տարիներ շարունակ ուրիշի շահն են սպասարկել եւ վճարվել դրա համար: Նժդեհի խոսքը, որ «հայ տականքը կմնա անգերազանցելի», հենց իրենց համար է: Իսկ այն, որ որոշ ուժեր անընդհատ հարցազրույցներ են տալիս, իրականում հոկտեմբերի 27-ի համար է, մարտի 1-ի համար չի: Որովհետեւ եթե հոկտեմբերի 27-ը բացահայտվի, լուրջ խնդիրներ են լինելու, ու դա արդեն ոչ թե հայաստանյան, այլ ավելի լայն թատերաբեմի խնդիր է, եւ դրանով են պայմանավորված վերջին խլրտումները»:
Վահե Արսենը վստահեցրեց, որ անպայման մասնակցելու է Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: «Այսօր գնալը ավելի կարեւոր է, քան այն օրվա հանրահավաքը, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը դիրքերը զիջեց, եւ նոր մարդիկ եկան իշխանության: Ցավոք, այսօր ձեւավորվում է կեղծ քաղաքական օրակարգ, եւ այն մարդիկ, որոնք ընդամենը ինքնապաշտպանվում են եւ իրենց թալանածն են ուզում պաշտպանել, իրենց անձը՝ քրեական հետապնդումից, ուզում են ձեւավորել կեղծ քաղաքական բեւեռ, որի անունը դնում են ընդդիմություն, քաղաքական հետապնդում եւ այլն: Իրականում Հայաստանում այսօր քաղաքական հետապնդում գոյություն չունի, զուտ քրեական հետապնդումներ են: Դրա համար պետք է անպայման լինենք Հանրապետության հրապարակում, ասենք, որ մեր երկրում փոխվում է մշակույթ եւ թույլ չենք տալու, որ ստեղծվի շինծու, անձնապաշտ, նախկին թալանչիներից բաղկացած ընդդիմություն»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը ` Վահե Արսենի Ֆեյսբուքյան էջից: