Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցներում ու մանկապարտեզներում երեխաները կանցնեն ակնային խնդիրների անվճար կանխարգելիչ ստուգումներ

Օգոստոս 17,2018 12:01

Այս սեպտեմբերից մարզային բոլոր եւ երեւանյան տասնյակ դպրոցների աշակերտների շրջանում կսկսի իրականացվել ակնային խնդիրների վաղաժամ հայտնաբերման սքրինինգային ծրագիր: Առաջիկայում նման նախաձեռնություն կիրականացվի նաեւ մարզերի բոլոր մանկապարտեզներում` նպատակ ունենալով ժամանակին բացահայտել երեխաների մոտ առկա ակնաբուժական խնդիրները եւ համապատասխան բուժման ուղեգրման միջոցով կանխել հետագա բարդությունները:

«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող այս ծրագրի մանրամասները քննարկվել են առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ հիմնադրամի տնօրեն Նունե Եղիազարյանի հանդիպման ժամանակ: Վերջինս փոխանցել է, որ ժամանակակից միջոցներով իրականացվելիք կանխարգելման հետազոտությունների արդյունքները կամբողջացվեն` ստանալու ակնաբուժական խնդիրների տարածվածության ընդհանուր պատկերը: Քննարկվել են Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հետ գործակցությամբ «Ավետիս» էլեկտրոնային համակարգի ներդրման հնարավորությունները, ինչը կնպաստի մանկական ակնաբուժական խնդիրների լուծմանը՝ հեշտացնելով երեխաների առողջական վիճակին վերաբերող տեղեկատվության փոխանցումը ծնողների եւ բուժանձնակազմի միջեւ եւ հետագա բուժումը:

Նախարար Թորոսյանը մեծապես կարեւորել է հիմնադրամի կողմից ավելի քան 25 տարի Հայաստանում բժշկական բարեգործական լայնածավալ ծրագրերի իրականացումն ու ընդգծել իր պատրաստակամությունը հետագա գործակցության նոր եզրեր գտնելու ու առկա ծրագրերին նոր որակ հաղորդելու առումով:

Նունե Եղիազարյանը մանրամասնել է նաեւ, որ սեպտեմբերի վերջին Շիրակում տեղի կունենա մարզային ակնաբուժական կենտրոնի բացումը: Առաջիկայում նախատեսվում է նաեւ եռօրյա միջազգային համաժողով:

Քննարկվել են նաեւ Կուրության կանխարգելման ազգային ծրագրի հետագա ընթացքին առնչվող հարցեր: Ընդգծվել է, որ հետագա քննարկումների եւ հանդիպումների միջոցով համատեղ ծրագրերը կլինեն ուշադրության կենտրոնում:

ՀՀ առողջապահության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031