Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց մեկի տանը ջուրը չի գալիս, իսկ մյուսներինը գալիս է, ասում են էլի գորտ է մնացել». Բովաձորում խմելու ջուր չկա

Օգոստոս 17,2018 10:55

Լոռու մարզի Բովաձոր գյուղի բնակիչներն ահազանգում են՝ 21-րդ դարում ոռոգման ջուր են խմում: Մարզկենտրոն Վանաձորից մոտ 40 կմ հեռավորության վրա գտնվող Բովաձորի բնակիչ Պայծառ Այվազյանն ասում է, որ խնդիրը տարիների պատմություն ունի, սակայն դրան ուշադրություն դարձնող չկա. «Տարիներ շարունակ միայն ոռոգման ջուր է, խմելու մաքուր ջուր չկա: Ոռոգման ջրի համար էլ վճարում ենք, դրանով ամաններն ենք լվանում, միրգ, բանջարեղեն, լվացք ենք անում: Մեծ վտանգ կա, որ գուցե հիմա ինֆեկցիա չկա, բայց տարիներ հետո այն գլուխ կբարձրացնի: Ես փոքր երեխա ունեմ, եւ իմ հայրն է միշտ գնում ուրիշ տեղից խմելու մաքուր ջուր բերում: Խնդիրը ոչ մի կերպ լուծում չի ստանում: Ոչ թե ոռոգման ջրի փոխարեն ենք ուզում խմելու մաքուր ջուր, այլ նոր ջրագիծ ենք ուզում»:

Նոր ջրագիծ չկա, եղածից էլ ինչպես բնակիչներն են ասում՝ մաքուր ջուր չի հոսում: Նրանց խոսքով ջրի մեջ հաճախ են տարատեսակ կենդանիներ հանդիպում: Իրավիճակն ավելի է սրվում հատկապես անձրեւային եղանակներին. «Այդ ժամանակ ծորակից ցեխաջուր է գալիս: Դու ուրիշ այլընտրանք չունես, ստիպված ես ջուրը մառլյայով քամել, գոնե մեծ կեղտերը, լպրծուն բաները մառլյայի մեջ մնան, որ օգտագործես: Լինում է նաեւ, որ խողովակի մեջ գորտ է մնում, տղամարդիկ բերում են նասոս են միացնում, փչում գորտերին հետ տալիս, որ նորից այդ ջրափոսերն ընկնեն, որտեղ լիքը գորտեր կան: Հենց մեկի տանը ջուրը չի գալիս, իսկ մյուսներինը գալիս է, ասում են` էլի ջրագծում գորտ է մնացել»,- պատմում է Պայծառը:

Խնդրով անհանգստացած է նաեւ համայնքի բնակիչ Ալվարդ Մուրադյանը: Տիկին Ալվարդի ընտանիքն էլ սեփական համայնքի ջուրը կենցաղում չի օգտագործում: Ասում է՝ 15-20 օրը մեկ մեքենայով գնում են այլ համայնքներից են ջուր բերում: Իսկ իրենց համայնքում առկա ջրի համար ամսական յուրաքանչյուր անձի համար վճարում են 800 դրամ. «Դա խմելու ջուր չէ, ոռոգման ջուր է: Եթե խմելու չէ, ո՞նց կլինի անձը 800 դրամ փող տա: Սկզբից 250 դրամ էր, որոշ ժամանակ անց դարձրեցին 300 դրամ, հետո 500, հիմա էլ 800 դրամ: Եթե անձրեւի ժամանակ գան գյուղից ջուր վերցնեն, անալիզի տանեն, դա ոչ մի տեղ չեն ընդունի: Ինչ ասես մեջը կա, նույնիսկ գորտեր: Խողովակները խցանվում են, բացում ենք, մեջը՝ գորտի կտորներ, ժանգ, հող, մանր կենդանիներ: Բա դա խմելու՞ ջուր է: Հիմա էլ մոտ 15 օր է` շուրջօրյա ջուր չունենք: Ժամով տալիս ու կտրում են»:

Բնակիչները բողոքում են, իսկ Լոռի բերդ համայնքի Բովաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արման Սաքանյանը համաձայն չէ նրանց այն մտքի հետ, որ համայնքին տրվող ջուրը ոռոգման է: Ասում է ինքն էլ է այդ ջրից օգտվում, եւ ոչ մի վտանգ չկա. «Ջուրը ոչ թե ոռոգման է, այլ արդիականացված ջուր է: Այսինքն, ոռոգման ջուրը գետի ջուրն է, իսկ այս ջուրն այն աղբյուրներից է գալիս հասնում գյուղ, որոնք ինչ-որ բաների մեջով չեն անցնում: Այս ջրից՝ բացի մեր գյուղից, Լեջան համայնքն էլ է սնվում: Ես գտնվում եմ վարչական տարածքի գրասենյակում, այստեղ սուրճ էլ եմ խմել այդ ջրով պատրաստված, ջուրն էլ, թեյն էլ եմ խմում, բոլոր աշխատողներն էլ այդ ջուրն օգտագործում են: Ցանկացած տեղում էլ կարող է խնդիր լինել, իսկ մարդը, եթե մտածում է, որ կարող է վտանգավոր լինի, եթե այդքան կասկածամիտ է՝ կարող է եռացնի նոր խմի»:

Արման Սաքանյանն ասում է, որ նոր ջրագիծ ունենալու համար մեծ գումարներ են անհրաժեշտ՝ մոտ 200 միլիոն դրամ: Նա պնդում է, որ ջրից դժգոհում են միայն մի քանի ընտանիք, մյուսները ուրախությամբ են օգտագործում այն. «Խմելու ջրի համար «Վիոլա ջուր» ընկերությունը պետք է նոր պոմպակայններ կառուցի, նոր ջրագիծ բերի հասցնի գյուղ եւ այլն: Դրանք խնդիրներ են` կապված մեծ գումարների հետ: Մարդիկ սրանից 15-20 տարի առաջ ցանկացել են, որ իրենք այս ջուրն ունենան, եւ ջրագիծը կառուցվել է, ջուրը հասցվել գյուղ: Իմիջիայլոց, Լոռի բերդ համայնքում միայն Բովաձորն ունի շուրջօրյա ջրամատակարարում: Ազգաբնակչությունը մեծ հաճույքով է այս ջուրն օգտագործում, ունենք շուրջօրյա ջրամատակարարում: Մարդիկ ջուրն օգտագործում են՝ թե՛ անասունների համար, թե՛ հողամասերն են ջրում, իրենք են խմում: Գյուղի մեծամասնությունը հիմա էլ է ցանկանում այս ջուրն օգտագործել: Քանի որ իրենք էլ են հասկանում, որ եթե ուրիշ ջրագծի միանան, դա կլինի ժամով, իսկ գյուղական բնակավայրում ջուր չունենալը լուրջ խնդիր է»:

Բնակավայրի վարչական ղեկավարը ժխտեց նաեւ բնակիչների այն խոսքը, որ ջրի մեջ գորտեր են լինում. «Այդ գորտերը ցանկացած հորի մեջ կարող են լինել: Խողովակների վրա կարող է մի հատ գորտ նստի կամ թեկուզ օձ նստի, կամ ինչ-որ այլ կենդանի, բայց դա հո՞ չի նշանակում, որ ջրի մեջ է»:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Պայծառ Այվազյանի

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031