Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու». Ռոբերտ Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության մասին

Օգոստոս 17,2018 00:12

«Սա այն դեպքը չէ, որ ասես մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ կամ ուժեղ է, այլ այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է եղել կեղծ եզրակացությունների վրա»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ ի՞նչը պատճառ դարձավ, որ դատարանն իրեն ազատ արձակելու որոշում կայացրեց:

Նա հավելեց. «Փաստաբանների թիմը, որին ակտիվ ես էլ էի մասնակցում, ուղղակի ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէին թողել: Ես չեմ կարող խոսել կոնկրետ գործի մասին: Կա այսպես կոչված նախաքննական գաղտնիք, բայց գործում որևէ պետական գաղտնիք չկա, բայց իրավունք չունենք շատ-շատ դրվագների մասին խոսել»:

Դառնալով ՀՔԾ պետի հայտարարություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Ինքն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որոնք հակասության մեջ են օրենքի հետ: ՀՔԾ պետն ինքը համարում է, որ օրենքն ինքն է և ավելի բարձր է օրենքից կանգնած: Մենք խնդրում ենք հնարավորություն տալ պաշտպանող կողմին բարձրաձայն խոսել ամեն ինչի մասին գործի հետ կապված, գործը շինծու, արհեստական գործ է, սա դասական քաղաքական հետապնդման մոդել է: Լրագրողներով միացեք և դիմեք ՀՔԾ-ին, որ հանեն այդ գաղտնիքը: Չեմ կարողանում խոսել, քանի որ վաղը մյուս օրը մեղադրելու են, թե նախաքննական գաղտնիք եմ բացահայտել, փաստաբաններին են զրկելու լիցենզիայից»:

Դառնալով նախաքննական ցուցմունքներին՝ Ռոբերտ Քոչարյանը նշեց, թե դրանք դատարկ ցուցմունքներ են: Այն դիտարկմանը, թե կա հանրային կարծիք, որ եթե Քոչարյանն արտակարգ դրություն չհայտարարեր, մարտի 1 չէր լինի, ՀՀ երկրորդ նախագահը պատասխանեց. «Արտակարգ դրությունը մտցվել է այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ՝ կապիտանը: Մի քանի տասնյակ մեքենա կար հրկիզված, բարիկադները կառուցված էին և ներքին զորքերի վրա հարձակում էր: Եվ արտակարգ դրություն չհայտարարելն այսօր ձեր կողմից և ուրիշների կդիտվեր իբրև նախագահի կողմից անգործություն: Նախագահը սահմանադրական կարգի երաշխավորն էր, ո՞նց կարող էր ՀՀ նախագահն այդքանը տեսնելով՝ ասեր՝ շառից հեռու, տեսնենք, թե ինչով կավարտվի: Ես պետք է հանգիստ նայեի, թե ո՞նց է կազմալուծվում պետական համակարգը, ինձ պատմությունը կմեղադրեր անգործության մեջ»:

Հարցին՝ մի՞թե չկար լուծման այլ տարբերակ, Քոչարյանը պատասխանեց, թե զանգել է Վեհափառին, նա պատրաստ էր խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն Տեր-Պետրոսյանը չի համաձայնել. «Լուծումը կարող էր լինել այն, եթե պարտված՝ 21,5 տոկոս հավաքած կողմը չհայտարարեր, որ ընտրվել է: Կարող էին պահանջել երկրորդ փուլ, 96-ին այդպես էր: Հիմա ասում էր, թե ես եմ նախագահը: Տեղ չեն թողել նաև պայմանավորվելու»:

Ռոբերտ Քոչարյանը չի համարում, որ շատերն են գոհ իր հետ կատարվածից, նրա բնութագրմամբ՝ դա ագրեսիվ փոքրամասնությունն է:

Դիտարկմանը, թե Ռոբերտ Քոչարյանը նախորդ հարցազրույցում հայտարարեց, որ մարտի 1-ին կանոնավոր բանակի որևէ հրաձգային միջոց չի կրակել մարտի 1-ին, մինչդեռ ՀՔԾ-ն հայտնեց, որ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող տարածքում գտնվել են ավտոմատներ, որոնք կարող է մարտի մեկի դեպքերին օգտագործված լինեն ու հարցին եղե՞լ է նման բան, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Մարտի 2-ին և′ ՊՆ նախարարը, և′ անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախումներ չի ունեցել ցուցարարների հետ: Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող որևէ մարմնական վնասվածք չի ստացել, նշանակում է, որ բախում չի եղել:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի եղբոր տարածքում զենքերին, կարող է: Իմ ամբողջ մեղադրականը կառուցված է «կարող է»-ի վրա: Իրենք պիտի համբերեն, միայն փորձաքննությունից հետո խոսեն, սպասելիքներ են ձևավորում իրենց ուզած ուղղությամբ ժողովրդի մոտ՝ օգտագործելով իրենց պաշտոնական դիրքերը: Սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին, կախված շատ զգայուն քրեական գործի հետ: Եթե դուք հասնեք նրան լրագրողներով, որ քրեական գործի նախաքննական գաղտնիքը հանվի, ազատ կարող ենք բոլոր դրվագներով խոսել, մենք կարող ենք ամբողջ դատաքննության ընթացքի ձայնագրությունը հրապարակել և կտեսնեք՝ ինչ է կատարվում այնտեղ»:

Քոչարյանը քննադատեց ներկայիս իշխանության տնտեսական քաղաքականությունը՝ նշելով, որ ոչինչ չի տեսնում, քանի որ չկա տնտեսական քաղաքականություն. «Որևէ փաստաթուղթ չեմ հանդիպել, որից կարող եմ եզրակացնել, թե ինչ է ուզում անել այս կառավարությունը տնտեսական ոլորտում: Մեծ կասկած ունեմ, թե կա այն պոտենցիալը, որը կարող է նման փաստաթուղթ մշակել: Միայն բռնելով չեն պայքարում կոռուպցիայի դեմ»:

Քոչարյանը պնդեց, թե միշտ մտահոգ է եղել երկրի ճակատագրով, դրա համար էլ միշտ քննադատել է իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Նա վստահեցրեց, թե իր իշխանության օրոք մենաշնորհված տնտեսություն չի եղել՝ հակառակ դեպքում միջին տարեկան երկնիշ աճ չէինք ունենա:

Դառնալով ներկայիս կառավարությանը՝ հարց բարձրացրեց՝ նրանց որտեղի՞ց ժամանակ, որ երեք օր է հանրահավաքի են պատրաստվում. «Ես ժամանակ չեմ ունեցել քիթս մաքրելու, որտեղի՞ց այդքան ժամանակ կառավարությանը, որ երեք օր զբաղվում են միտինգով: Մարդիկ զբաղվում են նրանով, ինչը հասկանում են, այսպես ասած՝ իրենց կոմֆորտային գոտին սա է: Երեխային չագուչ տուր, աշխարհում ամեն ինչ մեխ է թվալու: Չի կարելի, իրենք պետք է զբաղվեն իրենց գործով, փորձ չունեն, բայց կա ինստիտուցիոնալ հիշողություն հասկացություն: Ոչ թե միայն նախարարներին ու փոխնախարարներին են փոխել, չեն թողել մարդկանց, ումից կարելի է սովորել: Նորի ու փորձառուի շղթան պետական համակարգում խախտված է: Սա դասական հեղափոխական մոտեցում է: Մենք եկել ենք, ովքեր մերոնքական չեն, պիտի դաշտը մաքրել, նույնը արել է ՀՀՇ-ն, ես նման բան չեմ արել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Delea says:

    Հարցին՝ մի՞թե չկար լուծման այլ տարբերակ, Քոչարյանը պատասխանեց, թե զանգել է Վեհափառին, նա պատրաստ էր խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն Տեր-Պետրոսյանը չի համաձայնել.
    Դա բացարձակ սուտ է նման խոսակցություն չի եղել:

    Հարցին՝ այլ լուծում չի եղել

    «Լուծումը կարող էր լինել այն, եթե պարտված՝ 21,5 տոկոս հավաքած կողմը չհայտարարեր, որ ընտրվել է:

    Դա բացարձակ սուտ է
    Փետրվարի 19-ին Հայաստանում կայացան նախագահական ընտրությունները: Ընտրությունների օրը նախագահի չորս ընդդիմադիր թեկնածուներ` Վազգեն Մանուկյանը, Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ Արտաշես Գեղամյանը համատեղ հայտարարություն ընդունեցին, որում հայտարարեցին քվեարկության ընթացքում տեղի ունեցած «զանգվածային իրավախախտումների եւ բռնությունների» մասին: Ես անձամբ ներկա եմ եղել մի ընտրատարածք որտեղ առավոտան ժամը 4-ին Ռոբի օգտին լցվել է 1ՕՕ քվեթերթիկ:

    «Հաշվի առնելով քվեարկության ընթացքում տեղի ունեցած զանգվածային իրավախախտումները եւ բռնությունները, հայտարարում ենք, որ վտանգված են ընտրությունների ազատ ու արդար ընթացքը եւ երկրի միջազգային հեղինակությունը: Այս ամենը ժողովրդի վստահությունը չվայելող գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի վերջին ճիգերն են՝ ամեն գնով պահպանելու իշխանությունը, ինչը նրանց չի հաջողվի», – նշված էր հայտարարության մեջ:

    Ազգի մեծամասնությունը գոռում է որ տեղի է ունեցել զանգվածային իրավախախտումները եւ բռնություններ իսկ դա պնդում է հակառակը:

    Որպիսի ժամանակ չկորցնենք մի լսեք «ՍՈՒՏԼԻԿ ՈՐՍԿԱՆԻՆ»:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

  2. Պարոն Քոչարյան, սա ով ում բռնեցը չէ և ջահել ու ահելի պատմություն չէ: 28 տարի մեր սերունդով պատերազմի մեջ ենք և մեր ընտրյալ 3 խելոքների կողմից բան չի փոխվել և ճիշտ կլինի ասել թալանի ձևն է փոխվել, կամ խլոցի է կատարվել: Եթե բոլորս գիտենք, որ տնտեսության զարգացումը կտանի հզորացման, ապա ես ումի’ց պահանջեմ: Եթե Ձեզ` 3 նախագահներին, ներկայացվել է չեղածը, ապա ժամանակ ունեիք այս տարիներին շփվել ժողովրդի հետ. Ձեզ համար բոլոր դռները բաց են: Դուք 3-ով միայն կարող եք լծվել, այո, Նիկոլը ճի’շտ է կարգախոսին, եթե թավշյա հեղափոխություն եք ուզում, հզոր Հայաստան եք ցանկանում, վենդետան մերը չէ, ժպիտով ժողովուրդ և այլն:

  3. Գոռ says:

    Հայերեն սովորիր այ մարդկային աղբ: Չագուչ չէ, մուրճ է: Կամ հայերեն սովորիր կամ էլ հեռացիր մեր երկրից

  4. Մարինա says:

    Ով հայերեն չգիտի, պետք է հեռանա՞ Հայաստանից։ Բատյուշկա, բա ինչու՞ նեղվում եք, երբ Ռուսաստանում ձեզ ծաղրում են ԱկցԷնտի համար։ Իսկ հայերեն ով գիտի, բայց, միևնույն է, էլի չի ցանկանում մնալ Հայաստանում, չի՞ կարելի հեռանալ։ Հայերեն չիմացողներին մատնացույց անողները, որպես կանոն, իրենք մեծ անփութությամբ են վերաբերվում իրենց իսկ գրառումների համապատասխանությանը հայերենի կանոններին։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031