Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի միգրացիոն օրենսդրության եւ վարչարարության խնդիրները. կոռուպցիոն ռիսկեր եւ՝ դատական պաշտպանության անարդյունավետություն

Օգոստոս 17,2018 13:00

«Էլոֆանտ» փաստաբանական ընկերության ղեկավար գործընկեր, փաստաբան Գեւորգ Հակոբյանը բարձրաձայնում է. Հայաստանի միգրացիոն քաղաքականության ոլորտի վարչարարությունը ունի թափանցիկության եւ իրավաչափության խնդիրներ եւ այն պետք է վերանայել։

– Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը։

– Հայաստանի միգրացիոն ոլորտում չեն ապահովվում հիմնարար վարչարարության սկզբունքներ, իսկ դատական պաշտպանություն չկա կամ արդյունավետ չէ։
2004թ. Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի ընդունումով Հայաստանում վարչարարության եւ պետական մարմինների գործելաոճում ներդրվեցին երեք հիմնարար սկզբունքներ. «ձեւական պահանջները չարաշահելու արգելքը», «առավելագույնի սկզբունքը» եւ «հավաստիության կանխավարկածը»։

-Ի՞նչ է պահանջվում «ձեւական պահանջները չարաշահելու արգելքի», «առավելագույնի» եւ «հավաստիության կանխավարկածի» սկզբունքներով:

– Ձեւական պահանջները չարաշահելու արգելքը նշանակում է՝ վարչական մարմիններին արգելված է միայն ձեւական պահանջների պահպանման նպատակով անձանց ծանրաբեռնել պարտականություններով կամ մերժել նրանց որեւէ իրավունք տրամադրելը, եթե նրանց վրա դրված պարտականությունները բովանդակային առումով կատարված են։
Առավելագույնի սկզբունքը նշանակում է, որ վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում։ Դա նաեւ նշանակում է, որ եթե անձանց կողմից վարչական մարմիններ ներկայացված փաստաթղթերը (տվյալները, տեղեկությունները) իրենց մեջ բովանդակային առումով ներառում են անհրաժեշտ այլ փաստաթղթերի բովանդակություն, ապա վերջիններս այլեւս չեն կարող պահանջվել լրացուցիչ կամ առանձնացված ձեւով:

Կա նաեւ հավաստիության կանխավարկած, այսինքն՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները վարչական մարմինը պետք է համարի հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ հակառակը չի ապացուցել։
Այս սկզբունքները Հայաստանի միգրացիոն վարչարարության մեջ այսօր անտեսվում են։

– Ինչպե՞ս են դրանք անտեսվում։

– Բացատրեմ օրինակի վրա. «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2007թ.-ին։ Նշված սկզբունքները սահմանող «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենը՝ ավելի շուտ՝ դեռեւս 2004թ.-ին։ Բարձրաձայնվող խնդիրը, տվյալ օրինակում, վերաբերում է օտարերկրացուն կացության կարգավիճակ տրամադրելու վարույթին։ Կացության կարգավիճակի համար Կառավարության կողմից 2008թ. թիվ N-134-Ն որոշմամբ սահմանվել են դիմումի ձեւ եւ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ։

Այդ փաստաթղթերն են.

1. դիմում.
2. 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.
3. անձնագիրը, անձնագրի պատճենը եւ անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.
4. կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.
5. առողջական վիճակի մասին տեղեկանք.
6. պետական տուրքի վճարման անդորրագիրը:
Կառավարության նշված որոշմամբ (տես 3-րդ կետը) օտարերկրացուց պահանջվում է անձնագիրը, անձնագրի պատճենը եւ անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը։ Այսինքն, կառավարության 134-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է վարչարարության օրենսդրության սկզբունքներին հակասող ձեւական պահանջ, որովհետեւ անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունն ամբողջովին բավարարում է անձին նույնականացնելու համար, եւ Հայաստանի վարչարարությանը ընդհանրապես հարիր չէ անձից պահանջել պատճեններ։

– Պարոն Հակոբյան, այսինքն՝ խնդիրը միայն կառավարության որոշման մե՞ջ է:

– Խնդիրը միայն կառավարության որոշման մեջ չէ։ Այս փաստաթղթերը հավաքած օտարերկրացին Անձնագրերի եւ վիզաների վարչություն ներկայանալիս իմանալու է, որ իրենից այլ փաստաթղթեր են պահանջում, որոնց ցանկի մասին որեւէ տեղ չի նշված, օրինակ, ԱՎՎ պետի անունով միջնորդագիր, որը դիմում է դիմումի մասին, կամ կացության կարգավիճակի համար դիմումում առկա տեղեկատվությունը կրկնող ինչ-որ բացատրագրեր, էլեկտրոնային վիզայի թղթային պատճենը, կամ օրինակ՝ օտարերկրացու գործատուից պարտավորագիր։ Վերջերս նաեւ պահանջում են անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքով սահմանված անձնական տվյալները մշակելու վերաբերյալ վերացական համաձայնություն. լավ բան են մտածել, բայց կառավարության սահմանած անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի մեջ դա ներառելու եւ համաձայնության բովանդակությունը հստակեցնելու կարիք կա։

– Բայց չէ՞ որ ԱՎՎ-ին հասանելի է էլեկտրոնային վիզան, ինչո՞ւ են պահանջում դրա պատճենը։

– Հարցը շատ տեղին է։ ԱՎՎ-ին նաեւ հասանելի է պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգը, սակայն ձեռնարկատիրության հիմքով կացության կարգավիճակի համար դիմելիս օտարերկրացուց պահանջում են ներկայացնել պետական ռեգիստրի քաղվածքի պատճենը, այն էլ երկու օրինակից։ Այսպիսի մոտեցմամբ Հայաստանում երբեք չի ներդրվի մեկ պատուհան։

– Իսկ թափանցիկության հետ կապված կա՞ն խնդիրներ։

– Մենք պետք է հասկանանք, որ վարչարարությունը բոլոր ոլորտներում պետք է լինի թափանցիկ, որպեսզի կարողանանք վերահսկել կոռուպցիան եւ կարողանանք պաշտպանել մարդկանց իրավունքները սխալ վարչարարությունից։ Թափանցիկության հետ կապված մի քանի շատ լուրջ խնդիրներ կան Հայաստանի միգրացիոն օրենսդրությունում եւ իրավակիրառ պրակտիկայում, որը թաքնված կոռուպցիոն ռիսկեր ունի։ Առաջինն այն է, որ քաղաքացիության շնորհման եւ հատուկ կացության կարգավիճակի համար օրենքով նախատեսված չեն բողոքարկման հնարավորություններ. դա թողնված է բացարձակ հայեցողության վրա։ Դա նշանակում է, որ բացարձակապես կամայականորեն կարելի է մերժել ազգությամբ հային քաղաքացիության շնորհումը, Հայաստանի քաղաքացու օտարերկրյա ամուսնուն քաղաքացիության կամ կացության հատուկ կարգավիճակի շնորհումը, քանդել նրանց ընտանիքը կամ դա շնորհել կոռուպցիոն եղանակով։

Երկրորդ խնդիրն այն է, որ ԱՎՎ-ն դիմումը եւ փաստաթղթերն ընդունելիս ստացական չի տալիս։ Եթե շատ պնդեք, կարող է՝ միջնորդագրի պատճենը տան, բայց առանց հանձնած փաստաթղթերի ցանկի։ «Օտարերկրացիների մասին» օրենքի 19-րդ հոդվածի «զ» կետով կացության կարգավիճակը մերժելու հիմք է անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելը. դա նշանակում է, որ ցանկացած դիմում կարելի է մերժել հանձնած փաստաթղթերը կորցնելով եւ դիմումատուն չի կարողանա ապացուցել, որ բոլոր փաստաթղթերը հանձնել է։

-Իսկ կա՞ն օրինակներ, որ խնդիրը բարձրաձայնվել է դատական ճանապարհով:

– Միգրացիոն օրենսդրությունում դատական կարգով բողոքարկման հնարավորությունը նախատեսված է միայն կացության ժամանակավոր եւ մշտական կարգավիճակների համար։ Այդուհանդերձ, «Դատալեքս» համակարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատական կարգով բողոքարկման այս հնարավորությունն ունի ձեւական բնույթ, եւ վեճերի 100% վերջնական արդյունքում մերժվել է այն պատճառաբանությամբ, որ մերժման հիմքում դրվում է ԱԱԾ պետական գաղտնիք հանդիսացող ինչ-որ տեղեկատվություն, որը չի բացահայտվում ոչ վարչական վարույթի ընթացքում, ոչ դատարանում (մասնավորապես, այս գործերով՝ ՎԴ/3032/05/18, ՎԴ/1075/05/18, ՎԴ/4749/05/11-Ռ.Մ.,)։

Եթե դատարանում հնարավոր չէ պարզել մերժման փաստական հիմքերը, ապա հնարավոր չէ պաշտպանել որեւէ իրավունք, եւ դատական պաշտպանությունն արժեք չունի։

Զրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»

16.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031