Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարն առաջարկում է` վերականգնել «հսկիչ գները»

Օգոստոս 17,2018 12:30

Նրա պնդմամբ, դա կկարգավորի շուկան եւ բյուջետային մուտքերը կավելանան

Բանան ներկրող «ArmEc» ընկերության սեփականատեր Վարդան Հարությունյանը կառավարությանն առաջարկում է, մասնավորաբար, բանանի ներկրման շուկայում վերականգնել «հսկիչ գնեը», որպեսզի բոլորի համար հավասար մեկնարկային-մրցակցային պայմաններ լինեն: «Ով լավ կաշխատի` կմնա շուկայում, ով ոչ` դուրս կգա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գործարարը: Դիտարկմանը, որ գործարարները հիմնականում դժգոհ են «հսկիչ գներից», ավելին՝ նոր կառավարության գործունեության առաջին օրերին դրանք հանվեցին, հետո նորից գործողության մեջ դրվեցին, ինչը դժգոհությունների հերթական առիթը տվեց, գործարարը հակադարձեց. «Ես, իբրեւ այս բիզնեսի մասնակից, հայտարարում եմ, որ հսկիչ գները կարեւոր են: Եթե դանք ներդրվել են՝ շատ գովելի է: Ներկայումս բանանի շուկայում բավական խառնաշփոթ կա, իսկ հսկիչ գինը կբերի շուկայի կայունացմանը: Սա կլինի կառավարության կողմից աջակցություն` բոլորին: Միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր կփորձեն օրենք շրջանցել, ինվոյսներ փոխել, իսկ «հսկիչ գների» մեխանիզմի կիրառման դեպքում դա կվերանա»:

Բանանի շուկայում ուսումնասիրություններ անցկացնելու մասին կառավարությունում վերջերս քննարկումներ եղան: Ուսումնասիրությունների արդյունքներից մեր զրուցակիցը դեռ տեղյակ չէ, բայց պնդում է, որ շուկան կարգավորելու միակ տարբերակը հենց «հսկիչ գների» կիրառումն է. «Բանան ներկրողների քանակն այսօր շատ մեծ է Հայաստանում, թող «հսկիչ գինը» գոնե հավասար պայմաններ ապահովի: Բացի այդ, նաեւ բյուջե շատ գումարներ մուտք կլինեն»: Մեր զրուցակիցն ասում է` գործարարները պետք է միշտ դրական տրամադրվեն` պետական բյուջե շատ գումար վճարելու: Կարծում է, որ այս հոգեբանությունը կարեւոր է մեր պետության կայացման եւ զարգացման համար:

Ի դեպ, եթե ժամանակին բանանի հիմնական քանակությունը Հայաստան ներկրվում էր Էկվադորից, այժմ ներկրվում է Վրաստանից: Վարդան Հարությունյանը սա խնդիր է համարում, քանի որ տարիներ շարունակ ջանքեր են ներդրվել Էկվադորի հետ առեւտրատնտեսական կապեր զարգացնելու համար, իսկ այժմ դրանք պարզապես փոշիանում են, քանի որ այդ ապրանքատեսակն արդեն գնում ենք վրացական միջնորդ ընկերություններից:

Ի դեպ,  գործարարն իր փորձից պնդում է, որ «սպիտակ դաշտում» աշխատելը միանշանակ առավել ձեռնտու է որեւէ ոլորտի գործարարի: Նա դժգոհություններ չունի նաեւ հարկային եւ մաքսային մարմինների աշխատանքից. «Վստահ կարող եմ ասել, որ հիմա 20 րոպեում բոլոր ձեւակերպումները կատարվում են: Այս կառավարությունից ես գոհ եմ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

16.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031