Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՁԱԿ

Օգոստոս 17,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսունմեկերորդ

ԱՐՁԱԿ

Ես ուրիշ շատ պատմություններ էլ էի պատմում, եւ երբ էդ պատմությունները պատմում էի, Հրանտը հիացած նայում ինձ ու ասում էր՝ «այտա, դու ինչի՞ արձակ չես գրում», եւ երբ Հրանտն ինձ էդ ասում էր, Ամարյան Վազգենը Հրանտին ասում էր՝ «պատմելը լրիվ ուրիշ բան ա, գրելը՝ ուրիշ» եւ մի քիչ մտածում ու ավելացնում էր՝ «կարող ա շատ ուժեղ պատմի, բայց շատ թույլ գրի», եւ երբ Վազգենն էդ ասաց՝ Հրանտը ժպտալով Վազգենին ասաց՝ «գիտեմ» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «բայց Արմենչոն որ արձակ գրի, բոլորիցս լավ կգրի», եւ Ամարյան Վազգենը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «հաստատ չես կարա ասես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Վազգենին ասաց՝ «հաստատ եմ ասում», եւ Վազգենը Հրանտին ասաց՝ «ես մարդ գիտեմ, որ շատ հետաքրքիր ու փառահեղ պատմող ա, բայց շատ թույլ ա գրում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով Վազգենին ասաց՝ «ես էլ լավ պատմող, բայց վատ գրող մեկին գիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց Արմենչոն էդ տարբերակը չի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «եթե ինքը արձակ գրի, հաստատ լավ կգրի», եւ չնայած էդ պահի դրությամբ արդեն մի քանի պատմվածք ունեի գրած,  իրենք էդ մասին չգիտեին, եւ դրանցից մեկը մեր էդ խոսակցությունից ընդամենը մի քանի ամիս անց «Գրական թերթում»  տպագրվեց, եւ Հրանտ Մաթեւոսյանն  էլ կարդաց ու շատ գովեց, եւ դա իմ «Գրություններ» պատմվածքն էր՝ Մետաքսի մեր թաղային լիազոր Խունկիանոսի մասին, եւ հիմա մտադիր չեմ էդ առաջին տպագիր պատմվածքիս ու Հրանտ Մաթեւոսյանի էդ գովեստի մասին գրել, որովհետեւ էդ մասին իմ էս վեպի մեջ մի անգամ արդեն գրել եմ, եւ, դրանից էլ բացի, ես պիտի հենց հիմա սկսեմ ու շատ արագ ավարտեմ Գալշոյան Մուշեղի ու Ֆրունզիկի էդ պատմությունը, որպեսզի վերջապես վերադառնամ անցյալ դարի յոթանասունականների վերջերի եւ ութսունականների սկզբների «Ծիծեռնակ», որն անցյալ դարի յոթանասունյոթ թվականին «Պիոներ»  ամսագրից անջատվեց եւ ինքնուրույն ամսագիր դարձավ, եւ ձեր խոնարհ ծառան էլ էր էդ անջատվողականների մեջ, ինչպես նաեւ՝ Շառոյան Ռոլանդը, եւ չնայած առաջինն ինձ ու Ռոլանդին հիշեցի, նախ եւ առաջ պարտավոր էի հիշել Ժենյա Ղուկասովնա Մադոյանին, ում պատճառով, ավելի ճիշտ՝ ում շնորհիվ «Ծիծեռնակն» անջատվեց «Պիոներից» եւ միանգամայն  ինքնուրույն ամսագիր դարձավ, որովհետեւ Սովետական Միության հերոս Ղուկաս Մադոյանի  դուստր եւ Կենտկոմի բաժնի վարիչ Գուրգեն Առաքելյանի կողակից Ժենյա Ղուկասովնա Մադոյանը, ով նույնպես ՀԿԿ Կենտկոմի աշխատող էր, թոշակի գնալուց առաջ ցանկություն էր հայտնել գլխավորել «Պիոներ» ամսագրից անջատվելիք «Ծիծեռնակ» ամսագիրը:

 

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031