Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը որոշել վերադառնալ քաղաքականություն. Քոչարյանի պարզաբանումները

Օգոստոս 16,2018 22:33

«Ես վստահություն չունեմ, որ այսօրվա իշխանությունը բավականին փորձ, գիտելիք և խորությամբ իմացություն ունի այս ամենի մասին: Այս վտանգն ու սպառնալիքներն են առաջին մղիչ ուժն ինձ համար այսօր վերադառնալ քաղաքականություն»,- քիչ առաջ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ քաղաքականություն:

Հարցին՝ արդյոք արդեն վերադարձե՞լ է քաղաքականություն, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց՝ համարեք, որ վերադարձել եմ՝ միանշանակ:

Հստակեցմանը՝ որպես անհա՞տ է վերադառնալու, թե քաղաքական ուժով, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Կարող է լինել տարբեր ֆորմատներով այդ վերադարձը: Վերադարձի հիմնական պատճառներից է ընդհանրապես վտանգները, որ այսօր տեսնում եմ՝ աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով: Նայեք քարտեզի վրա ո՞ւր է Հայաստանը և ի՞նչ երկրներով է այն շրջապատված ու մեր հարաբերությունները այդ երկրների հետ…մենք ունենք մի կառավարություն, որն այս ամենը չի հասկանում, փորձ չունի, չեմ մեղադրում: Կառավարությունը չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը, որոնք բանակից հեռու են և չեն հասկանում, որ միայն այս իրավիճակում միակ երաշխավորը մեր պետականության հզոր բանակն է:

Այն հավասարակշռությունը, որը ՀՀ-ն գտել է, այս իրավիճակում խարխլվում է: Իրենք չեն գնահատում ադեկվատ ձևով այն, ինչ կատարվում է  ՀՀ-ից դուրս: Փորձ չունեն, որտեղի՞ց պետք է փորձ ունենա, եթե Սորոսի գրանտներով այլ գործերով են զբաղված եղել: Փորձում են վարկաբեկել բանակը, քաշքշել այն մարդկանց, որոնք լուրջ ծառայություն ունեն հայրենիքի պաշտպանության գործում, սրանք անպատասխանատու քայլեր են»:

Դառնալով ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այն երկիրը չէ Ռուսաստանը, ում հետ կարելի է այս լեզվով խոսել: Այն ռազմավարական գործընկեր է, և առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը մեծ վտանգի տակ է: Ուղղակի ես տպավորություն ունեմ, որ չեն պատկերացնում իրական վտանգ: Անում են մի կարգի հայտարարություններ, բայց գործնականում տեսնում ենք այլ կարգի քայլեր: Այսպիսի հարցերով կատակ անել չի կարելի: Այն գինը, որ նման սխալների համար տալիս են, շատ ծանր գին է»:

Այն դիտարկմանը, թե այժմ ՀՀ-ն շատ ավելի արժանապատիվ կեցվածք ունի, Ռոբերտ Քոչարյանն այսպես արձագանքեց. «Այդ ի՞նչ արժանապատվություն է: Դու պատասխանատու ես հայ ժողովրդի անվտանգության, տարածքային ամբողջականության համար և Ղարաբաղի համար, քո անձնական արժանապատվության դիմաց դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո կեղծ մեկնաբանությունը դնում ես մեկ նժարի վրա, մինչդեռ մյուս նժարի վրա քո ժողովրդի անվտանգությունն է, Ղարաբաղի ապագան, այն հողերը, որ այսօր վերահսկվում ենք մեր բանակի կողմից: Ես դա չեմ ընդունում, դրա համար վերադարձել եմ քաղաքականություն: Մեր ժողովուրդը պիտի նաև այս կարծիքը լսի: Ի վերջո, կա իշխանություն և ունի իր մոտեցումները, բայց ոչ ոք չի զրկել ինձ և մյուսներին ունենալ այլ կարծիք, այլ կարծիք չպե՞տք է մենք ունենանք»:

Քոչարյանը հայտարարեց, թե չի կարծում, որ եղել է հեղափոխություն. «Թող հանրահավաքներին հավաքվի 500 հազար մարդ. դա ճնշող մեծամասնությունը չէ: Պետք է հնարավորություն տանք այլ մարդկանց հնչեցնել իրենց կարծիքը: Եթե մեծամասնությունը 100 հազարն է, դա նշանակում է ՀՀ-ում կա հարյուր իննսուն հազար մարդ, ինչն այդպես չէ: Ուղղակի այդ զանգվածն այնքան ակտիվ ու ագրեսիվ է, որ չեն թողնում՝ ուրիշներն իրենց ձայնը հնչեցնեն»:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ այն, ինչ կատարվեց ՀՀ-ում չի կարող Արցախում իր ազդեցությունը չունենալ, բայց չցանկացավ մեկնաբանություն անել, քանի որ նշեց, որ վերջին շրջանում չի եղել Արցախում և առաջին ձեռքից ինֆորմացիա չունի:

Քոչարյանը հավաստիացրեց՝ պատրաստ է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցել Ղարաբաղի հարցով: Վստահեցրեց՝ երբեք չի խուսափել բանակցություններից. «Իհարկե, պատրաստ եմ, ե՞րբ եմ ես խուսափել բանակցություններից: Այդ համարձակությունը պիտի ունենաս, գնաս, քեզ վրա վերցնես պատասխանատվություն, բանակցես ու հաջողության հասնես, ոչ թե նապաստակի պես փախչես»: Բայց նրա համար ընդունելի չէ Նիկոլ Փաշինյանի կեցվածքը ղարաբաղյան հակամարտության հարցում. «ՀՀ առաջին դեմքը չի կարող ձեռքերը լվանալ: Կտեսնենք՝ գնալու, բանակցելու է: Ի՞նչ է նշանակում բանակցային գործընթացից հրաժարվել, պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները: Ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան, պատերազմը»:

Քոչարյանը հայտարարեց, թե ընդդիմություն է, և ընդդիմադիրի կարևորագույն ֆունկցիան է հուշել իշխանություններին, բարձրացնել այլ կարծիք, քանի որ, եթե ուզում ես մի բան սովորել, պետք է շփվես մարդկանց հետ, որոնք ունեն այլ կարծիք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031