ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանն այսօր կդառնար 62 տարեկան: Նրա տարեդարձի կապակցությամբ իր ընկերները, հարազատները, զինակիցները հավաքվել էին շիրիմի մոտ՝ գլուխ խոնարհելու, նրա հիշատակը հարգելու եւ վերհիշելու, թե ինչ սուր մտքեր ուներ քաղաքական գործիչը, ինչ էր սիրում, ինչ չէր սիրում ու ինչքան շատ է երեւում նրա տեղը քաղաքական դաշտում, իր շրջապատում, մեր երկրում առհասարակ:
Վահան Հովհաննիսյանի շիրիմին էր այցելել նաեւ նրա որդին՝ Հայկ Հովհաննիսյանը:
Ընկեր Վահանի կուսակցական ընկերը՝ Արտաշես Շահբազյանն ասաց, որ իրենց շրջապատում հաճախ է լսում՝ «ափսոս, Վահանը չկա, ա՛յ, Վահանը հիմա ասելիք կունենար». «Իսկապես, մեր քաղաքական կյանքում ինքն ուներ իր տեղը փնտրված էր ու սպասված…Նա, որպես քաղաքական գործիչ, ուներ մտավորականի խորքը` երեւույթներին նայելու, լինելու շրջահայաց, չշտապելու ու ասված խոսքը կշռելու եւ ծանր խոսք ասելու: Վահանը մեզ համար տարիների լավ ընկեր էր, որ կենսագրություն էր ստեղծել, կերտել էր իր կենսագրությունը ամենադժվար ժամանակների մեջ: Ամենապատասխանատու գործերի մեջ լինելով, ամենապատասխանատու գործեր ստանձնելով՝ նաեւ կարողացավ ճանաչելի, սիրելի դառնալ, մեր ժողովրդի համար, որովհետեւ իր մեջ իսկապես տեսան մարդու, որը ոչ թե խոսքով է հայրենասեր, ոչ թե խոսքով եւ պաշտոնով է քաղաքական գործիչ, այլ՝ իր անցած ճանապարհով, որ սկսվել էր Ղարաբաղով եւ անցել դժվարին ժամանակների միջով»: Շահբազյան անդրադարձավ Վահան Հովհաննիսյանի բարոյական կերպարին՝ ասելով, որ այսօր դաշտը շատ է շեղվել իր բարոյական չափանիշներից:
Մեր հարցին՝ Վահան Հովհաննիսյանը սովորաբար իր ծննդյան օրն ինչպե՞ս էր սիրում նշել՝ Շահբազյանը պատասխանեց. «Ինքն իր անձը շատ չէր կարեւորում: Ուներ հումորով վերաբերվելու հատկություն նաեւ ինքն իրեն, որը մեծ մարդկանց հատկություն է»:
Իսկ թե ինչ դրվագներ է հիշում Վահան Հովհաննիսյանից, պարոն Շահբազյանն ասաց. «Շատ բան կարելի է հիշել՝ 90-ականների սկզբին ինչպես էր հրապարակում պայքարում, Վահան Հովհաննիսյանը՝ Ղարաբաղում պատերազմի տարիներին, Վահան Հովհաննիսյանը՝ հալածանքի տարիներին, բանտում, երբ դրոշ էր բարձրացնում եւ ճաղերի հետեւից շատ սուր արտահայտություններ ու գնահատումներ անում: Վահանը նաեւ բազմազան էր, ի վերջո վերջին տարիներին դրսեւորվեց նաեւ գրող Վահան Հովհաննիսյանը, որը շատ կարեւոր ասելիքով գիրք գրեց, ուղերձ ունեցող գիրք՝ մեզ համար ու ոչ միայն մեզ՝ հայ ժողովրդի դերի ու պատմական արժեքի մասին: Այնպես որ, Վահանը բազմազան էր ու բազմաշնորհ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ