Հայ ժողովրդի կյանքում և պետականաշինության պատմության մեջ 2018թ-ի գարնանը տեղի ունեցավ հույժ կարևոր իրադարձություն: Իր բազմադարյան պատմության ընթացքում օտարերկրյա նվաճողների կողմից ենթարկվելով անլուր հալածանքների, անցնելով բազում արհավիրքների միջով և ենթարկվելով ցեղասպանության, հայ ժողովուրդը բազմաթիվ անգամներ պետականություն կորցնելուց հետո, վերջապես, կարողացավ ինքնակազմակերպվել,հաղթահարելով վախը՝ սպանել իր միջի ստրուկին և վերադառնալ իսկական Հայի՝ Երվանդունիների և Արտաշիսյանների ժամանակների արմատներին ու հրաժարվել այն արատներից ու թերություններից, որոնք ձեռք է բերել վայրի ցեղերի ասպատակությունների պատճառով:
Հայը ի վերջո հասկացավ, որ երբեմնի հզոր և մեծ Հայրենիքը կորցնելու պատճառն իր մեջ պետք է փնտրել և որ քաղաքակիրթ ազգերի կողքին արժանի տեղ գրավելու և աշխարհին օրինապաշտ, ժողովրդավար ու արժանապատիվ ազգ ներկայանալու, բարեկեցիկ կյանք, ուժեղ և լավ Հայրենիք ունենալու համար պետք է փոխի իր մտածելակերպն ու այն արժեհամակարգը, որ դավանել էր հարյուրամյակներ շարունակ: 2018 թվականի գարնանը համայն հայությունը խիզախ ու առաջադեմ երիտասարդության առաջնորդությամբ, հասարակության բոլոր շերտերի ակտիվ մասնակցությամբ, հայ ազգի հավաքական իղձերն ու ցանկություններն իր մեջ կրող Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, իրագործեց անհավանականը՝ ազատագրվեց սեփական քրեաօլիգարխիկ իշխանության ճիրաններից և քսանամյա բռնաճնշումներից ու հալածանքներից: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի ժամանակին ու ճիշտ տեղում չհայտնվելը և հասարակության համախմբման ուշացումը կարող էր ճակատագրական լինել Հայ ժողովրդի և հայոց պետականության համար: Թավշյա խաղաղ հեղափոխության արդյունքում աննախադեպ աճեց հայ ժողովրդի միջազգային վարկանիշը, ինչը Հայաստանին կարող է բերել լրացուցիչ դիվիդենտներ: Երբ ամփոփում ենք հեղափոխության երեք ամիսների՝ պատմության համար շատ կարճ ժամանակահատվածի արդյունքները, տեսնում ենք, որ Հայաստանում փոխվում է դարերով կարծրացած արժեհամակարգը և առողջանում է երբեմնի բարոյազուրկ ու ապականված միջավայրը: Քաղաքացի- պետություն փոխհարաբերություններում ձևավորվում է նոր մշակույթ: Այլևս մեր երկրում պետությունը, պետականությունը, քաղաքացին ու նրա արժանապատվությունը գերագույն արժեք են: Այլևս ՀՀ քաղաքացին իր երկրում զգում է ավելի ազատ, անկախ, պաշտպանված ու արժանապատիվ: Երկրում ձևավորվում է փոխադարձ հարգանքի և սիրո մթնոլորտ: Հայը հարյուրամյակներ անց, վերջապես, սկսել է հարգել պետություն, պետականություն , օրենքներ և սիրել իշխանություն ու «թագավոր»:
Իշխանությունը սկսել է ժողովրդի հետ լինել անկեղծ, ազնիվ և անշահախնդիր: Հայաստանում այլևս բոլորը հավասար են օրենքի առաջ և այսօր վարչապետի ու նախարարի որդիները բոլորի հետ հավասար ծառայում են հայկական բանակում: Կառավարության գործունեությունը դարձրել է ավելի հրապարակային, թափանցիկ ու հաշվետու: Քաղաքացին, կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները,գործարարները նոր Հայաստանում կարող են ազատորեն գործել, դրսևորվել և կյանքի կոչել իրենց նախաձեռնություններն ու մտահղացումները: Ներդրումների համար միջավայրը դարձել է ավելի գրավիչ: Առավել անկախ են գործում դատարաններն ու իրավապահ մարմինները և ահա ընդամենը երեք ամսվա ընթացքում փոխվել է գրեթե բոլոր քաղբանտարկյալների խափանման միջոցը, և նրանք հայտնվել են ազատության մեջ: Աշխուժություն է նկատվում ամայացած քաղաքական դաշտում, ձևավորվում են նոր կուսակցություններ և քաղաքական առողջ մրցակցային միջավայր, բարեփոխվում է ընտրական օրենսգիրքը ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու նպատակով: Իրավապահ մարմինները, որոնք ոչ վաղ անցյալում ահաբեկում էին սեփական ժողովրդին, դաժանաբար ճնշում բողոքի ցույցերը և շինծու գործեր սարքում նրանց դեմ, այժմ՝ նոր Հայաստանում, աշխատում են առանց ժամ ու պատարագի և վտանգավոր պայքար են տանում երկրում հանցագործությունների բացահայտման, կարգ ու կանոնի և օրինականության հաստատման համար՝ այդ պայքարում դրսևորելով սկզբունքայնություն և ապահովելով թափանցիկություն: Այսօր արդեն ԱԱԾ աշխատակիցը, ոստիկանը, քննիչը, դատախազը և դատավորը իրենց քաղաքացու հետ վերաբերվում են ավելի հարգալից: Քաղաքացին իր հերթին սկսել է վստահել և հարգել իր ոստիկանին:
Նոր Հայաստանում այլևս չեն հովանավորվում հանցագործությունը, լկտիությունը, կաշառակերությունն ու խարդախությունը: Սակայն այնպես չէ, որ բարեփոխումներն ընթանում են հարթ, իրականացվում են առանց սխալների և վրիպումների: Նոր իշխանությունները իրենց ուշադրությունն առավելապես կենտրոնացնում են անշուշտ շատ կարևոր գործի՝ հանցագործության դեմ պայքարին և հաճախ ուշադրությունից դուրս են մնում հասարակական կյանքի այլ կարևոր ոլորտներ: Լուրջ անելիքներ կան կադրային քաղաքականության՝ կադրերի ընտրության, պատրաստման և վերապատրաստման ոլորտում: Բարեփոխումներն իրականացվում են ոչ համակարգված: Զորօրինակ, տեղական ինքնակառավարման, տարածքային կառավարման և պետական մի շարք այլ մարմիններում նկատվում են անտարբերություն մարդկանց հոգսերի ու խնդիրների նկատմամբ, դեռևս ցածր է որոշ պաշտոնյաների պատասխանատվությունն ու աշխատանքի արդյունավետությունը: Շատ պաշտոնյաներ դեռևս շարունակում են աշխատել հին մեթոդներով և իրենց մասնագիտական, կազմակերպչական և մարդկային որակներով չեն համապատասխանում բարեփոխումների ու ժամանակի պահանջներին: Այնուամենայնիվ, դրանք հեշտ լուծելի և մարտավարական բնույթի խնդիրներ են՝ որոշակիորեն պայմանավորված նաև երիտասարդ իշխանության անփորձությամբ: Գլխավորը՝ նախորդ, հանցավոր ռեժիմի կազմաքանդումն էր, բարենպաստ նոր միջավայրի ձևավորումը և նոր արժեհամակարգի հաստատումը, որն արդեն գրեթե իրողություն է:
Պետք չէ կարծել, թե հեղափոխությունը հաղթանակել է, այն դեռևս միայն սկսվել է: ԱԺ 45 պատգամավորների ստորագրությունը և վերաքննիչ դատարանի որոշումը խոսում են այն մասին, որ մենք գործ ենք ունեցել ոչ թե պետության, այլ հանցավոր կառույցի հետ: Հնի մնացուկները կենդանության նշաններ են ցույց տալիս և դեռևս տիրապետում են քաղաքական ու ֆինանսական ռեսուրսների և կարող են տհաճ անակնկալներ մատուցել մեր նորաստեղծ իշխանություններին ու ժողովրդին: Թեև հին իշխանությունների վարկանիշը գրեթե զրոյական է և նրանց ռևանշի գաղտնի փորձերը հոգեվարքի նշաններ կարելի է համարել, այնուամենայնիվ տեղի ունեցած գործընթացները մեզ հուշում են, որ չպետք է թուլացնենք մեր զգոնությունն ու պայքարը և միայնակ թողնենք վարչապետին, իշխանություններին ու իրավապահ մարմիններին: Ուստի օգոստոսի 17-ին ի նշան իրականացվող բարեփոխումների և Նիկոլ Փաշինյանի կողմից տարվող քաղաքականության աջակցության, ազգովի պետք է ավելի համախմբվենք և լինենք Հանրապետության հրապարակում ու նոր, ավելի հզոր մանդատով օժտենք վարչապետին ու իշխանություններին, թե Հայաստանում, և թե դրսում ավելի վստահ զգալու համար: Վերջին իրադարձություններով պլանավորված՝ հեղափոխությունը պետք է կոշտացնի իր վերաբերմունքը հակահեղափոխականների նկատմամբ և գործի ավելի վճռական ու մի քիչ էլ հեղափոխության օրենքներով: Չգիտես ինչու, մենք հանդուրժում ենք, որ ժողովրդի կողմից չընտրված պատգամավորները նստեն իրենց տաքուկ առանձնասենյակներում, մեր վճարած հարկերից ստանան բարձր աշխատավարձեր և դավեր նյութեն իրենց սնող ժողովրդի դեմ: Սա պարզապես զավեշտ է և ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում: Հայաստանը համայն հայության Հայրենիքն է, և կարծում եմ նպատակահարմար կլինի այդ օրը հանրահավաքներ անցկացնել նաև աշխարհի հայաշատ մեծ քաղաքներում՝ ի նշան համերաշխության և միասնության: Նիկոլ Փաշինյանը իր թերություններով և սխալներով հանդերձ (ոչ ոք անսխալական չէ), այն եզակի քաղաքական գործիչն է, ով խիզախեց դուրս գալ մի ամբողջ հանցավոր համակարգի դեմ, սակայն ամենադժվարը դեռ արջևում է ու մենք՝ բոլորով պարտավոր ենք այս բախտորոշ պահին թև ու թիկունք կանգնել նրան:
Ազգովի պետք է գիտակցենք, որ թուլացած Հայաստանին իրավունք չունենք ևս մեկ անգամ ենթարկել փորձությունների ու ցնցումների և ամեն ինչ պետք է անել երկրում կայունություն ապահովելու համար: Նոր Հայաստան կառուցելու համար, առաջին հերթին պետք է դաստիարակենք նոր մարդ՝ նոր գաղափարներով ու արժեհամակարգով, որի հիմնական բաղադրիչները պետք է լինեն մարդասիրությունը, ազնվությունը, օրինապաշտությունը, հայրենասիրությունը և հարգանքը պետության ու պետականության հանդեպ: Եվ այս կարևոր առաքելությանը պետք է լծվենք ազգովի. կառավարություն, մտավորականություն, դպրոց, եկեղեցի, պետք է օգտագործենք համայն հայության ողջ կարող ներուժը:Մենք պետք է վերականգնենք հայի մարդու բարոյական երբեմնի բարձր նկարագիրը:
Հայը պետք է սովորի հարգել իր պետությունը, նրա օրենքներն ու պետական խորհրդանիշերը: Նոր Հայաստանում քաղաքացին ու նրա արժանապատվությունը, պետության համար պետք է լինի գլխավոր արժեք: Մենք պետք է հարգանքով վերաբերվենք մեր իշխանություններին, ոստիկանին, դատավորին:Մեր ծնողների չափ պետք է պաշտենք մեր ուսուցիչներին, հարգենք մեր մշակույթի, գիտության և այլ ոլորտների մեծերին ու անհատականություններին և ըստ արժանվույն գնահատենք նրանց: Չէ որ նրանք են ներկայացնում Հայաստանն աշխարհին և օրինակ ծառայում նոր սերնդի համար: Մենք պետք է վերականգնենք հարգանքը հայ գյուղացու ու բանվորի նկատմամբ՝ որպես արարող և բարիք ստեղծող մարդու: Նոր իշխանությունները երկրում պայքարը պետք է տանեն հավասարակշռված, և միմիայն օրինականության ու բարոյականության դաշտում, այնպես, որ չխաթարվի հասարակության համերաշխությունն ու պետության կայունությունը, և արդյունքում որևէ մեկը ոչ բարոյական և ոչ էլ իրավական հիմքեր չունենա դժգոհելու:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի կազմակերպման եւ կառավարման ամբիոնի վարիչ, «Նոյեմբերյան» հայրենակցական միության նախագահ