Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, որի ստեղծագործությունները գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում

Օգոստոս 16,2018 17:59

2018 թվականի օգոստոսի 10-ին, կյանքի 100-րդ տարում իր մահկանացուն կնքեց ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Նիկոլայ Նիկողոսյանը:

Նիկոլայ Բագրատի Նիկողոսյանը ծնվել է 1918 թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Շահրիար (այժմ՝ Արմավիրի մարզի Նալբանդյան) գյուղում: 1947 թվականին ավարտել է Մոսկվայի գեղարվեստի ինստիտուտը:

1944 թվականից ապրել և ստեղծագործել է Մոսկվայում:

Նիկոլայ Նիկողոսյանը հայ և համաշխարհային կերպարվեստի երախտավորներից էր, հռչակավոր քանդակագործ, որի ստեղծագործությունն ու արվեստը գրանցվել են համաշխարհային արվեստի տարեգրության ոսկե մատյանում՝ տասնամյակներ ի վեր ուղենիշ հանդիսանալով քանդակագործների և արվեստագետների համար:

1940-ական թվականներին արվեստագետը ստեղծել է «Պարտիզանի ընտանիքը» մանրաքանդակների շարքը, «Չեմ ասի», «Վերջին խուրձը» թեմատիկ հաստոցային քանդակները: Նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է հատկապես նույն շրջանում կերտած բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, դաշնակահար Կոնստանտին Իգումնովի և ուրիշների դիմաքանդակներում:

1950-70-ական թվականներին Նիկողոսյանի ստեղծագործության գերիշխող ժանրը դիմաքանդակն էր: Լավագույն գործերից են կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի, ռեժիսոր Եվգենի Սիմոնովի, քանդակագործ Արա Սարգսյանի, դերասան Սերգեյ Մարտինսոնի, կենսաբան Գուրգեն Ավետիսյանի դիմաքանդակները, որոնց առանձնահատուկ լիցք են հաղորդում նյութի դինամիկ մեկնաբանությունը, մոդելի ընկալման սրությունն ու պլաստիկությունը: Բարդ հոգեբանական նկարագիր ունեն Միքայել Նալբանդյանի և ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնի` կոմպոզիցիոն տարբեր լուծումներով կիսանդրիները:

Նիկողոսյանի արվեստում նշանակալի տեղ ունի մոնումենտալ և մոնումենտալ- դեկորատիվ քանդակագործությունը: Երևանում հայտնի են Միքայել  Նալբանդյանի, Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Գյումրիում՝ Ավետիք Իսահակյանի և այլ հուշարձաններ: Արժեքավոր են նաև նրա ստեղծած շուրջ 30 (այդ թվում՝ ճարտարապետ Կարո Հալաբյանի) մահարձանները Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը:

Նիկողոսյանը ստեղծագործել է նաև հաստոցային գեղանկարչության («Վարդան  Աճեմյանի դիմանկարը», 1974 թ. և այլն) ու գրաֆիկայի («Ինքնանկար կարմիր գլխարկով», 1977 թ. և այլն) բնագավառներում:

Նիկողոսյանը Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի անդամ է: Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1977 թ.), անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում (1956, 1980, 1996 թթ.), Երևանում (1980 թ.), Հելսինկիում (1981 թ.), Բրյուսելում (1982 թ.):

Քանդակագործության և կերպարվեստի զարգացման, հայ-ռուսական մշակութային կապերի խորացման և ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, Նիկոլայ Նիկողոսյանը 2009 թվականին պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Նիկոլայ Նիկողոսյանի  հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով

Նիկոլայ Նիկողոսյանի վերջին հրաժեշտի ծիսակարգը տեղի կունենա օգոստոսի 17-ին, ժամը 13:30-15:00-ն, Հայաստանի նկարիչների միության տանը (Երևան, Աբովյան 16), հուղարկավորությունը` Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում:  

 

Կառավարական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031