«Համաձայնագիրը լուրջ առաջընթաց է՝ իրավական կարգավորումների հստակեցման տեսանկյունից, թեեւ լիարժեք չի կարգավորում երկրների միջեւ տարաձայնությունները, մասնավորապես՝ սահմանազատման հարցերը»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի միջեւ օրերս ստորագրված Կասպից ծովի «բաժանման» մասին համաձայնագրին, ասաց քաղաքագետ Նարեկ Մինասյանը: Նա հայտնեց, որ ըստ համաձայնագրի՝ ստորջրյա հատվածների սահմանազատումը կողմերի միջեւ համաձայնությամբ է կատարվելու, սակայն ծովի հատակի ուղղակի սահմանազատում չի եղել:
«Այդ հարցում տարաձայնություններ կան Իրանի եւ Ադրբեջանի, վերջինիս եւ Թուրքմենստանի միջեւ՝ կապված նավթագազային հանքավայրերի խնդրի հետ: Համաձայնագիրն այդ խնդիրները չի կարգավորում: Ինչ վերաբերում է ծովում ռազմական ներկայության հարցին, ապա համաձայնագիրը կարգավորում է այն. ռազմական ներկայություն կարող են ունենալ միայն մերձկասպյան հինգ երկրները, որոնք չեն կարող տարածք տրամադրել որեւէ երկրի, որը պատրաստվում է ռազմական գործողություն իրականացնել ծովի երկրներից որեւէ մեկի դեմ: Սա ձեռնտու է հատկապես Իրանին եւ Ռուսաստանին, որոնք ցանկանում էին բացառել երրորդ ուժի ներկայությունը ծովում»,-տեղեկացրեց Նարեկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է Կասպից ծովով գազի տարանցման հնարավորություններին, քաղաքագետը նշեց. «Ըստ համաձայնագրի՝ խողովակաշարերի կառուցումը հնարավոր է՝ համաձայնեցնելով մերձկասպյան երկրների հետ: Բնապահպանական չափորոշիչները եւս պետք է համաձայնեցվեն: Միայն տվյալ դեպքում հնարավոր կլինի որեւէ գազատար խողովակաշար կառուցել»:
Մինասյանը կարծում է, որ այս համաձայնագիրը ՀՀ-ի շահերի համար ուղղակի մարտահրավեր չի պարունակում. «Մերձկասպյան երկրների գործակցությունն է մարտահրավեր: Խոսքը ոչ թե ՀՀ-ի շրջափակմանն է վերաբերում, այլ այն փաստին, որ հինգ երկրների միջեւ գործակցության հարթակ է ստեղծվում: Հաշվի առնելով մեր տարածաշրջանային իրողությունները, այդ փաստը տարբեր երկրների կողմից կարող է օգտագործվել մի շարք հարթակներում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/317353522162676/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ