«Ադրբեջանը ներկայացնում է, թե այդ համաձայնագիրն իր «սրտով» է ստորագրվել, բայց իրականում նման բան չկա: Ասում են, թե մեծ չափաբաժին ունեն Կասպից ծովում, հաջողություններ են վերագրում Հեյդար Ալիեւին եւ Իլհամ Ալիեւին, բայց իրականությունն այլ է»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի միջեւ օրերս ստորագրված Կասպից ծովի «բաժանման» մասին համաձայնագրին, ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը:
Նա մասնավորեցրեց. «Ադրբեջանը ցանկանում էր, որպեսզի Կասպից ծովի ստորջրյա հատվածի բաժանման խնդիրը լուծվի ըստ ափամերձ երկրների զբաղեցրած տարածության, քանի որ Ադրբեջանի ափամերձ հատվածում նավթագազային մեծ պաշարներ կան, որն այդ երկիրը կցանկանար օգտագործել: Նպատակը՝ նավթ ու գազ արտահանել Եվրոպա, Թուրքիա եւ Իսրայել: Մինչդեռ այդ բաժանման հարցը փաստացի լուծված չէ, հստակ սահմանազատում չկա»:
Ըստ փորձագետի, Ադրբեջանի ակնկալիքներն իրականություն չեն. «Միայն գիտական հետազոտություններ անելու պայմանավորվածություն կա այդ ջրերում, սակայն հստակ չէ, թե որ երկրները որքանով կարող են օգտվել այդ պաշարներից: Բացի դա, համաձայնագիրն ընդհանրական սահմանում է տալիս այդ պաշարներին՝ «միջազգային ջրեր»: Այդ փաստը շահեկան է ոչ թե Ադրբեջանի, այլ Ռուսաստանի եւ Իրանի համար, որոնք եւս իրենց շահերն ունեն»:
Աշոտ Մովսիսյանը շեշտեց՝ այս համաձայնագրով Ադրբեջանի համար մեծ առաջընթաց կլիներ այն դեպքում, երբ ջրերի հստակ սահմանազատում լիներ. «Մինչդեռ համաձայնագիրը դա չի ապահովում: Ափամերձ երկրների միջեւ հիմնական խնդիրները պահպանվել են: Հստակ չէ, թե հանքահորերը ինչպես են օգտագործվելու»:
https://www.facebook.com/aravot.am/videos/317353522162676/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ