Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայումս Երեւանում է. նա երկիրը լքելու նպատակ չուներ եւ չունի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով մտավախություններին, թե կալանքից ազատվելուց հետո պաշտոնաթող նախագահը կարող է խուսափել իրավապահ մարմիններից: «Թեեւ նրա հանդեպ հիմա չկա խափանման միջոց, բայց բնակության վայրի փոփոխության դեպքում անգամ նա պետք է տեղյակ պահի իրավապահներին: Որքան գիտեմ՝ ՀՀ-ից հեռանալու միտում նա չունի: Չեմ կարծում, որ մտավախությունների առիթներ կան»,-համոզմունք հայտնեց Հայկ Ալումյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ իրավապահների կողմից Ռոբերտ Քոչարյանին կրկնակի կալանավորելու հավանականություն: Փաստաբանը պատասխանեց. «Եթե վճռաբեկ դատարանն առաջիկայում նման բան որոշի, կդիմենք Եվրոպական դատարանին»:
Ինչ վերաբերում է նախաքննական մարմնի պնդմանը, թե ազատության մեջ լինելով՝ Ռոբերտ Քոչարյանը կազդի գործով անցնող մյուս անձանց վրա, Հայկ Ալումյանը նկատեց. «Ինչպե՞ս կարող է նման բան անել, եթե նա հսկվում է օր ու գիշեր»:
Պաշտպանը մատնանշեց, որ Ռոբերտ Քոչարյանն օրենքով սահմանված կարգով հսկվում է ԱԱԾ թիկնապահների կողմից. «Նա այլեւս նախագահ չէ, բայց ըստ օրենքի՝ նրան մինչեւ հիմա հսկում են ԱԱԾ-ի մարդիկ, դա անվտանգությունն է: Քննությանը խոչընդոտելու հավանականությունը նրա կողմից ավելի փոքր է, քան մեկ այլ անձի պարագայում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/679917209034391/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ