Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Չեմ ընդունում՝ երկու ընկեր սկսեցին ու վերջնական փուլին չհասան»․Գյումրու քաղաքապետը՝ «Սաստեքսի» բացվելու մասին

Օգոստոս 16,2018 15:51

Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին հարցրեց, թե ե՞րբ է բացվելու «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկան, որը խոստացել է 400 աշխատատեղ ապահովել, այս թեմայի շուրջ ի՞նչ էր ասում սփյուռքահայ գործարար Քրիստիան Գելիջիին, որը վերջերս էր հանդիպել Գյումրու քաղաքապետի հետ։

Հիշեցնենք, որ դեռևս վարչապետ Հովիկ Աբրահամյանի օրոք երկաթգծի թաղամասում գտնվող սև հիվանդանոցի շենքը՝ հարակից տարածքներով, որպես նվիրատվություն տրամադրվեց Շվեյցարիայում բնակվող գործարար Վարդան Սրմաքեշին։ Սփուռքահայ գործարար Քրիստիան Գելիջիին էլ այնտեղ կառուցեց «Սաստեքս» տեքստիլ ֆաբրիկա՝ 12 մլն․դոլար արժեքով ներդրումային ծրագրի շրջանակում, որը խոստացել էր շահագործման հանձնել դեռ 2016 թվականին, սակայն ձգձգվում է։

«Ճիշտն ասած, շատ բարդ իրավիճակի մեջ հայտնվեցինք մենք բոլոր, որ մարդը խոստանում է ու չի կատարում։ Ես չեմ ընդունում նման ծրագիր, որը երկու ընկեր սկսեցին, բայց վերջնական ինչ-որ բանի չհասան։ Հիմա եկել ենք վերջնական պայմանավորվածության, որ երևի սեպտեմբերի մեջ բացեն։ Ես գտնում եմ, որ այդ ամենից դուրս մենք պիտի կարողանանք բոլորս մեր խոսքի տերը լինել և այդ 400 աշխատատեղը, որը խոստացել «Սաստեքսը», իրագործի։ Ինձ թվում է, որ կանեն անպայման։ Ես վստահ եմ, որ կանեն, որովհետև այնտեղ շինարարական աշխատանքներից բացի՝ նաև մեքենասարքավորումներ են տեղադրում, մարդկանց էլ սովորելու նպատակով Ամասիա, Երևան են ուղարկում, ծրագիրն այնպիսին է, որ սկզբում պիտի սովորեն, սա ուսումնական կենտրոն պիտի լինի, սովորեն, հետո արտադրության մեջ լինեն։

Տեսնենք, լավ մարդիկ են, վատ մարդիկ չեն, եկել են, ներդրում են կատարում, մենք էլ մեր պարտականությունն ենք անում, այդ շենքերը տվեցինք։ Պատմական շենքեր են, հրաշք շենքեր են ստացվել իրենց տեսքով, այ էդպես պետք է վերականգնվի Գյումրին, որևէ քար չխախտվեց, վերականգնվեց։ Հույս ունենաք, որ և՛ Սրմաքեշը, և՛ Քրիստիանը իրար հետ շատ լավ կշարունակեն աշխատել»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Մեր հարցին՝ բնակարաններով ե՞րբ կապահովեն այդ տարածքում տնակների մեջ բնակվող ընտանիքներին, որոնցից շատերին տեղահանել էին այդտեղից, քաղաքապետն ասաց․ «Հիմա մեր համապատասխան բաժինն աշխատում է իրենց հետ, կան մարդիկ, որոնք Ռուսաստանում են, այստեղ չեն, բայց պահանջ ենք դրել, մենք ասել ենք՝ եթե մարդը տնակ է ունեցել, քանդել եք, նրանց նույնպես բնակարան տվեք։ Հիմա աշխատում ենք, տեսենք, այնտեղ ոնց որ թե 15 բնակարան են կառուցել, թե որպես սոցիալական բնակարան կտան կամ որպես սեփական բնակարան, իրենք բնակիչների հետ պայմանագրեր ունեն կազմած»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031