Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաեւ ոստիկանության Կենտրոնի բաժնում ոստիկանության ծառայողների եւ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցած միջադեպին՝ ասելով, որ ծառայողական քննություն անցկացնելու պատճառ չի տեսնում։
Հասարակական կազմակերպությունը դիմել էր ոստիկանապետին՝ ծառայողական քննություն անցկացնելու պահանջով: Այն հայտարարություններին, թե նախկին իշխանության օրոք ակտիվիստների նկատմամբ կոպիտ էին, հիմա միասեռականների նկատմամբ դարձել են հանդուրժող, Վալերի Օսիպյանն ասաց. «Հարգելի՛ լրագրող, դուք սխալվում եք, բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որ նախկինում էլ ոստիկանությունը դրսեւորել է հանդուրժողականություն»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին, թե ըստ, ոստիկանապետի, պատշա՞ճ էր ոստիկանության պաշտպանվածությունը, եւ չկա՞ որեւէ բան, որ իրենց կաշկանդում է, Վալերի Օսիպյանն ասաց. «Ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա եւ կարող է պաշտպանել ե՛ւ իրեն, ե՛ւ ՀՀ քաղաքացիներին։ Դա չի նշանակում, որ եթե մեկ-երկու քաղաքացու նկատմամբ ոստիկանությունը դրսեւորել է հանդուրժողականություն եւ նրանք, օգտվելով այդ առիթից, մուտք են գործել ոստիկանության բաժին, կարելի է ենթադրել, որ ոստիկանությունը թույլ է։ Այդպիսի բան չկա, ոստիկանությունը եղել է եւ կա ուժեղ, եւ որեւէ մեկը չմտածի,որ կարող է ներխուժել ոստիկանության բաժանմունք. նա կստանա օրենքի ուժով համապատասխան գնահատական»։
Մանրամասները՝ տեսանյութերում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ