Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը կատակեց. «Մնում է որոշել, թե մեզանից ով է մնում նախարար»

Օգոստոս 16,2018 15:32

Լիլիթ Մակունցը նշեց, որ ՀՀ ողջ տարածքի 1-12-րդ դասարանցիների համար կներդրվի աբոնեմենտային համակարգ, որի շնորհիվ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն կունենա մեկ անգամ անվճար այցելել երեքական մշակութային հաստատություն` թանգարան, համերգասրահ, թատրոն:

«Կարեւոր ենք համարում աբոնեմենտային համակարգի վերագործարկումը 30 տարի անց ամբողջ հանրապետությունով մեկ, մանավանդ երկու ոլորտների զուգակցումը մտնում է մշակույթի եւ ԿԳ նախարարությունների քաղաքականության մեջ»,-շեշտեց նա:

Մանրամասները` տեսանյութում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ ծրագրի մասին խոսել են այն ժամանակ, երբ դեռ ընդդիմություն էին, քանի որ շատ են կարեւորում, որ երեխաները հաղորդակից լինեն մշակույթին, եւ հիմա պետությունը նման հնարավորություն է ստեղծում, եւ մոտ 350 հազար աշակերտ երեքական հաստատություն կկարողանա անվճար այցելել ուսումնական տարվա ընթացքում:

Նրա ձեւակերպմամբ, ծրագիրն իրականացվելու է պիլոտային սկզբունքով, որպեսզի հասկանան, թե մեկ տարվա ընթացքում ինչ խնդիրներ կարող են լինել` հետագայում դրանք շտկելու ակնկալիքով: ԿԳ նախարարն ասաց, որ հոկտեմբերից սկսած` բոլոր երեխաները կարող են այցելել մշակութային հաստատություններ: Նա ներկայացրեց նաեւ աբոնեմենտը:

Մանրամասները` տեսանյութում:

Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս նախագծի համար նախատեսել են 400 մլն դրամ, բայց նախագիծը ոչ այնքան մասշտաբայնությամբ է կարեւոր, որքան նպատակներով: Նախարարը հույս հայտնեց, որ օրինակ, դպրոցներում որեւէ գրական գործ քննարկելիս գուցե թե թատրոնների խաղացանկում կգտնեն համապատասխան ներկայացում:

«Նախնական պայմանավորվածություն ունենք նաեւ dasaran.am կայքի հետ, որտեղ մշակութային հաստատությունների միջոցառումների ամբողջ ցանկը ներկայացված կլինի, եւ գուցե հենց այդ կայքի միջոցով աշակերտները կարողանան տվյալ ներկայացման կամ համերգի համար ամրագրել իրենց տեղը»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը խոսեց նաեւ «Քո արվեստը դպրոցում» խորագրով դրամաշնորհային ծրագրից, որը ներառում է երեք ոլորտ` դասական երաժշտություն, կերպարվեստ եւ գրականություն: Դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ, որի շրջանակում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն` մի քանի բաղադրիչներով: Նրա ձեւակերպմամբ, նախագծի նպատակն է զարգացնել ստեղծագործ, քննադատական եւ վերլուծական միտքը: Մշակույթի նախարարը տեղեկացրեց, որ կընտրվեն 50 արվեստագետներ, որոնցից յուրաքանչյուրի ծրագրին կտրվի 1 մլն դրամ: Նաեւ վիճակահանությամբ կընտրվեն դպրոցները` ՀՀ տարբեր մարզերից, որտեղ արվեստագետներն իրենց նախընտրելի ձեւաչափով կներկայացնեն իրենց ծրագրերը կրթական հաստատություններում:

Արայիկ Հարությունյանը հավելեց, որ առաջին նախագծի հետ կապված մարզպետները խոստացել են լուծել երեխաների տեղափոխության հարցը` մշակութային հաստատություններ:

Ասուլիսի ժամանակ ԿԳ նախարարը իրենց արված առաջարկներից էլ խոսեց, օրինակ՝ ԿԳ եւ մշակույթի նախարարությունների միավորումից: «Մնում է որոշել, թե նախարարությունների միավորման դեպքում մեզանից ով է մնում նախարար»,-կատակեց նա: Համառոտ անդրադարձավ նաեւ գիտության կազմակերպման խնդիրներին:

Մանրամասները` տեսանյութում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սիրելի ընթերցող,
    Առաջարկված ծրագիրը տեղին է, հիշեցնում է մեր մանկության տաիրնրը Գյուրիում 1970 ական թվականները,բայց այն ժամանակ կար միութենական մաշտապով ֆինանսական ներդրում եւ պատկերը բոլորովին ուրիշ էր, տեսել եմ Լիոնիթ Կոգանին, Մստիսլավ Ռոստոպովիչին այդ աբոնեմենթների շնորհիվ, մեզ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ դպրոցներն էին տալիս այն եւ մենք պարտադրված պետք է գնայինք այդ համերգներին…
    Հարց է առաջանում,
    1-Այս ծրագրի 400 միլիոն դրամի բաշխումը վերը նշված հաստատություններից որոնք պիտի կարողանան օգտվել:
    2-Արդյոք չեք կարծում նախքան աբոնեմենթներ բաժանելը,իմանաք թէ խնդրո առարկա եղող հաստատությունները պատրաստ են հատուկ ծրագրաին մոտեցում որդեգրել դպրոցական հանդիսատեսին ընդունելու համար, քանի որ եթե ենթահող չպատրաստվի, ապա կարող է աբարդյուն լինի:
    3- Զույգ նախարարությունների համագործաքցությունը անրաժեշտ է, որովհետեւ մեր սերունդի մշակութային դաստիարակությունը մեզ օդի եւ ջրի պես անհրաժեշտ է:
    Հաջողություն Ձեզ

  2. Թատերագետ Տիգրան says:

    Մնում է նորմալ ներկայացումներ հրամցնեն էրեխեքին: Տեսնես ինչ սկզբունքով են ընտրվելու այդ ներկայացումները, մասնագիտական խորհուրդ, կամ հանձնախումբ է լինելու, թե թողնելու են, որ թատրոններն բեմական ինչ գրդոն ասես մատուցեն: Այդպիսով` ներաշխարհին ավելի շատ վնաս, քան թե օգուտ տալով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031