Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն անհիմն է». Պարգև Օհանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման մասին

Օգոստոս 16,2018 15:24

Նախկին դատավոր, իրավաբան Պարգև Օհանյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը համարեց անհիմն:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նախկին դատավորը կարծիք հայտնեց, թե ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է բեկանի այդ որոշումը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի որոշումը: Ըստ նրա՝ Ռոբերտ Քոչարյանի գործով խոսել անձեռնմխելիությունից, հիմնավոր չէ. «Չի կարող անձը լինել անպատժելի. ով ուզում է լինի, չէ՞ որ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այս պարագայում խոսել անձեռնմխելիությունից, իհարկե, հիմնավոր չէ»:

Վկայակոչելով 1995-ի Սահմանադրությունը՝ Պարգև Օհանյանը հայտարարեց. «1995-ի, նաև 2005-ի Սահմանադրության մեջ կար, բայց չկա գործող Սահմանադրության մեջ, որ ՀՀ նախագահը կարգադրություններ և հրամանագրեր է հրապարակում, որոնք պետք է չհակասեն Սահմանադրությանը: Սա էլ է խոսում այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանի գործողությունները, որից հիմա կառչում են, չեն բխել իր կարգավիճակից: Կարգավիճակից կբխեին, եթե բխեին օրենքից՝ կարգավիճակով իրեն վերապահված լիազորություններից»:

Լրագրողների հարցին՝ հետևաբար Վերաքննիչ քրեական դատարանի՝ կալանքը վերացնելու մասին որոշումն անօրինակա՞ն է, Պարգև Օհանյանը պատասխանեց. «Անհիմն է: Թեև հիմնավորումը ես չեմ ընթերցել, բայց, կարծում եմ, միանշանակ այդպես է: Չի կարող անձը լինել բացարձակ անձեռնմխելի. նման նախադեպ, պաշտոնի ինստիտուտ չկա, որը բացարձակ անձեռնմխելի է: Սահմանադրությունն ասում է՝ ՀՀ նախագահը անձեռնմխելի է և չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Կարգավիճակից գործողություն չի բխում. գործողությունները բխում են իրավասություններից: Ասում են, եթե գործողությունը բխել է կարգավիճակից: Գործողությունը պետք է բխի օրենքով, Սահմանադրությամբ նրան տրված իրավասություններից, լիազորություններից: Եթե դատարանը՝ ի դեմս Վերաքննիչի, հռչակում է, որ նա անձեռնմխելի է և նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից, նա բացառում է գործի օբյեկտիվ կողմը. ասում է, որ նրա գործողություններն անօրինական չեն, մյուս կողմից էլ ակնհայտ է, որ նրա գործողությունները չեն բխել օրենքից»:

Նախկին դատավորը փաստեց. «Բանակը չէր կարող մտնել առանց ռազմական դրություն հայտարարելու. դրա հիմքերը չեն եղել: Ուստի ակնհայտ է, որ նախագահի գործողությունները չեն բխել Սահմանադրությամբ՝ իրեն տրված լիազորություններից և, հետևաբար, իր կարգավիճակից»:

Ըստ Պարգև Օհանյանի՝ այժմ դատաիրավական համակարգում նաև գործում է իներցիայի ուժը, բայց դա բնական է: Այս առիթով նախկին դատավորը նկատեց. «Քննիչները շատ են շտապում, չգիտեմ՝ հավակնություն է, թե մարտավարություն, բայց նրանք նախ պետք է բավարար հիմքեր ձեռք բերեն, կատարեն բոլոր գործողությունները, հետո միայն լուծեն անձի խափանման միջոցի հարցը: Ամեն դեպքում դիմացինը մարդ է, և ամենաբարձրն են դասվում մարդու իրավունքները»: Սակայն Պարգև Օհանյանը ցավով նշեց, որ պրակտիկայում իներցիայով ձերբակալում, կալանավորում են, հետո սկսում քննություն անել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031