Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր կառավարության նիստից հետո, անդրադառնալով քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի»՝ նախկինում իր ունեցած կոնֆլիկտի մասին Արամ Վարդանյանի փաստաբանների հայտարարությանը, ասաց, որ ինքը չի հիշում, որ նրա հետ անձնական որեւէ կոնֆլիկտ է ունեցել։
Երեկ Արամ Վարդանյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը ոստիկանապետին կոչ էին արել չառաջնորդվել Արամ Վարդանյանի հետ նախկինում ունեցած կոնֆլիկտով։ Վալերի Օսիպյանի խոսքով. «Գուցե տարիներ առաջ մարզադաշտում տեղի ունեցած միջադեպն է, որտեղ կարգ է խախտել, ընդամենը դիտողություն եմ արել, միգուցե դա՞ նկատի ունեն: Երեկ վերլուծություն եմ արել` ի՞նչ կարող է լինել, սակայն, բացի այն, ինչ նոր նշեցի, ուրիշ որեւէ բան չկա»:
Թե ոստիկանությունն ինչ է արել 100 օրվա ընթացքում Վալերի Օսիպյանը պատասխանեց. «Իմ՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում 100 օրը լրանում է օգոստոսի 20-ին, եւ ձեզ ու հանրությանը մանրամասն կտեղեկացնենք իմ պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի մասին»:
Ըստ Օսիպյանի, ամենամեծ ձեռքբերումն այն է, որ ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ։
Ոստիկանապետը պատասխանեց նաեւ այն հայտարարություններին, թե ոստիկանության գործելակերպի արդյունքում այս կամ այն անձը ենթարկվում է քաղաքական հետապնդումների: Ըստ նրա, իր ղեկավարած կառույցը որեւէ քաղաքական կամ այլ հայացքների համար հետապնդում չի իրականացնում. «Ամեն ինչ արվում է օրենքի համաձայն, եւ ես միշտ առաջնորդվել եմ օրենքով»։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ