Մարտի 1-ի հայտնի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին օրերս կալանքից ազատելիս Վերաքննիչ քրեական դատարանը հիմնվել է այն փաստի վրա, որ պաշտոնաթող նախագահն անձեռնմխելիություն ունի, սակայն գոյություն ունեն եւս երկու հիմքեր, որոնք պակաս կարեւոր չեն: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրա շահերի պաշտպաններից Հայկ Ալումյանը: Նրա խոսքով՝ թեեւ դատարանն իր որոշման հիմք է համարել միայն անձեռնմխելիությունը, ապա մյուս երկու հիմքերն իրենց նշանակությամբ չեն զիջում անձեռնմխելիության փաստին:
«Մենք շուտով վճռաբեկ բողոք ենք ներկայացնելու, որում ներառելու ենք նաեւ այդ երկու հիմքերը: Վճռաբեկ դատարանը, կարծում ենք, այդ երկու հիմքերը պետք է գնահատի: Վերաքննիչ դատարանը դա չարեց: Այդ հիմքերից մեկը չեմ կարող բացահայտել, որովհետեւ նախաքննական գաղտնիք է, իսկ մյուս հիմքը վերաբերում է նախագահի կողմից ՀՀ-ում արտակարգ դրություն մտցնելու հրամանագրին»,-նշեց Հայկ Ալումյանը:
Նա մասնավորեցրեց. «Նախագահին առաջադրված մեղադրանքում ասվում է, որ արտակարգ դրության մասին հրամանագիրը հակասահմանադրական է եղել եւ հակաօրինական: Ես ասում եմ, որ Հատուկ քննչական ծառայությունն իրավունք չունի նման բան ասել, որովհետեւ նախագահի հրամանագիրը կարող է ապօրինի ճանաչվել միայն Սահմանադրական դատարանի որոշմամբ»:
Պաշտպանի բնորոշմամբ՝ քանի դեռ չկա ՍԴ նման որոշում, պետության անունից որեւէ մարմին, այդ թվում՝ ՀՔԾ-ին, իրավունք չունի ասել, թե այդ հրամանն ապօրինի է. «Այ դա է սահմանադրական կարգի տապալման նման մի գործողություն»:
https://www.facebook.com/aravot.am/videos/679917209034391/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ