Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ ղեկավար. Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում կայացրած դատավորը պետք է ինքնաբացարկ հայտարարեր. նա կանխակալ մոտեցում ունի Մարտի 1-ի գործով

Օգոստոս 16,2018 14:47

ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանը այսօր էլ վերաքննիչ դատավորի որոշումը ապօրինի որակեց, որի արդյունքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի խափանման միջոցը փոխվեց եւ երկրորդ նախագահը դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, պարոն Խաչատրյանն ասաց, որ իր բնորոշումը շատ մեղմ է:
Հարցին, թե այս պահին Ռոբերտ Քոչարյանը կարո՞ղ է լքել երկիրը, պատասխանեց՝ չեմ կարծում, որ նա կփորձի լքել երկիրը: Այն հարցին էլ, թե օրենքի տեսանկյունից կարո՞ղ է, իրավունք ունի՞, ՀՔԾ ղեկավարը պատասխանեց. «Այս պահին Ռոբերտ Քոչարյանի համար խափանման միջոց ընտրված չէ, բայց եթե նա փորձ անի լքել երկիրը դա կգնահատվի որպես քննությանը խոչընդոտելու փորձ, քրեական վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու փորձ եւ կկիրառվի խափանման միջոց»:
Այն մտահոգություններին, թե դատավոր Ազարյանը, որը Ռոբերտ Քոչարյանին ազատելու որոշում կայացրեց, ժամանակին նախագահ Քոչարյանի գրասենյակում է աշխատել եւ արդյոք ՀՔԾ-ն չի՞ ուսումնասիրելու՝ ինչից ելնելով այդ դատավորը նման որոշում կայացրեց, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Ալեքսանդր Ազարյանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն աշխատել է երկրորդ նախագահի աշխատակազմում, եւ հայտարարել է, որ, թեեւ հայտարարել է, բայց կաշկանդվածություն չունի այս գործի քննության հետ կապված: Միայն աշխատելը ես էլ չէի գնահատի նրա անկողմնակալության մասին, եթե լիներ միայն այս փաստը, բայց պարոն Ազարյանը պետք է ինքնաբացարկ հայտներ այս գործով»:
ՀՔԾ ղեկավարը թղթապանակից հանեց մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն նկարագրվում էր դատավոր Ազարյանի կայացրած վճիռները մարտի 1-ի գործերով: Սասուն Խաչատրյանն ասաց. «Նա մարտի 1-ի գործերով կայացրել է 9 մեղադրական դատավճիռներ՝ այնպիսի ձեւակերպումներով, որտեղ խաղաղ ցուցարարներին բնութագրել է որպես ամբոխ, որպես զանգվածային անկարգություններին մասնակիցներ: Այդ ինֆորմացիայի, այդ համոզմունքների կրողը նա մակագրել է ինքն իրեն, կողմերին տեղյակ չի պահել, որ ինքը այս ձեւակերպումներով բազմաթիվ մարդկանց է դատապարտել: Եվ, չհայտնելով այդ մասին, որ ինքն այդ դեպքերի վերաբերյալ ունի կանխակալ վերաբերմունք, որոշում է կայացրել այս գործով»:

ՀՔԾ ղեկավարի կարծիքով, այս դատավորը կանխակալ կարծիք է ունեցել եւ նա բացարկման ենթակա դատավոր էր. «Գործը քննվել է դատարանի ոչ օրինական կազմով, որը դատարանի որոշումը բեկանելու հիմք է»:

Սասուն Խաչատրյանն ասաց, որ մինչ օրս Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու վճիռը ՀՔԾ-ն չի ստացել՝ չնայած, որ վեց օր անցել է:

Հարցին, թե կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանը ազդեցություն ունեցե՞լ է դատարանի վրա, ՀՔԾ ղեկավարը պատասխանեց՝ ես կարծելով եզրահանգումներ չեմ անում, երբ այդ մասին ապացույցներ կունենամ, այդ մասին կխոսեմ»:
Սասուն Խաչատրյանը ասեկոսեներ համարեց Միքայել Հարությունյանի եւ Խաչատուրովի՝ ՌԴ քաղաքացիներ լինելու մասին խոսակցությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031