Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը բացահայտեց դատարանում Քոչարյանի ելույթից հատված. «Մտավախություն կար, որ ադրբեջանական սցենարը ՀՀ-ում կկրկնվի»

Օգոստոս 16,2018 14:43

Ինչպես հայտնի է, օրերս Վերաքննիչ քրեական դատարանում՝ մինչեւ կալանքից ազատվելու որոշումը, Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթ է ունեցել, որի մանրամասները հայտնի չէին: Նրա շահերի պաշտպաններից փաստաբան Հայկ Ալումյանն այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը մասնակի բացահայտեց ելույթի որոշ դրվագներ: Մյուս հատվածները, ինչպես պաշտպանը նշեց, առնչվում են նախաքննական գաղտնիքին, ուստի դրանք այս փուլում բացահայտել հնարավոր չէ:

Հայկ Ալումյանի փոխանցմամբ՝ Ռոբերտ Քոչարյանն ոչ բառացի, բայց ասել է. «Մենք ունեցել ենք փորձ, որը մեր սեփականը չէր, պարզապես թշնամու փորձից ելնելով՝ դասեր էինք քաղել: Ադրբեջանում 90-ականներին կար Հուսեյնով ազգանունով մի ապստամբ, որը զինված ուժերում իր հեղինակությունից օգտվելով՝ զորքի մի հատվածը շուռ տվեց իշխող վարչակարգի դեմ»:

Հայկ Ալումյանը նշեց՝ Ռոբերտ Քոչարյանը մատնանշել է, որ այդ մի խռովարարի պատճառով Ադրբեջանը հարյուրավոր զոհեր ունեցավ. «Իշխանություններին հաջողվեց ճնշել այդ գործողությունները, բայց Ադրբեջանը կորցրեց երեք տարածք: Այս ամենը Ռոբերտ Քոչարյանը հիշեցրել է՝ խոսելով 0038 հրամանի մասին: Նա նշել է՝ չէինք կարող թույլ տալ, որ ՀՀ-ում հայտնվեին ըմբոստ գեներալներ՝ նման շիկացած իրավիճակում: Այդ հրամանով ամրագրված էր, որ զորքերը պետք է անցնեն զորանոցային վիճակի, եւ տարանջատվեն առավել կայուն զինվորականները»:

Հայկ Ալումյանի խոսքով՝ այդ հրամանը չի վերաբերում զորքի կիրառմանը. «Ռոբերտ Քոչարյանը հրամայել է օրենքի սահմաններում այնպես անել, որ զինված ուժերը չխառնվեն քաղաքական գործընթացներին, եւ դա դեռ փետրվարին էր, երբ մարտի 1-ի իրադարձությունները կանխատեսել անգամ հնարավոր չէր: ԵԿՄ շտաբում խմորումներ էին՝ որոշում էին՝ միանա՞լ մյուս թիմին (նկատի ունի՝ Լեւոն ՏերՊետրոսյանին եւ նրա կողմնակիցներին), թե ոչ: Այդ ժամանակ Պաշտպանության երկու փոխնախարարները հայտարարում էին, որ միանում են ցուցարարներին, երկու ստորաբաժանումներն էլ պատրաստակամություն էին հայտնում միանալ ցուցարարներին: Հասկանո՞ւմ եք՝ իրավիճակն ինչպիսինն էր: Մտավախությունը միայն այն էր, որ ադրբեջանական սցենարը մեզանում չկրկնվի»:

Պաշտպանը նաեւ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն արձակել է այդ 0038 հրամանը, բայց հրամանի մանրամասներին տեղեկացել է այս քրեական գործից:

https://www.facebook.com/aravot.am/videos/679917209034391/ 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031