«Մեր դատաիրավական համակարգն ունի սադիզմի հստակ դրսևորումներ Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Հատկապես այս գործով դրանք ակնհայտ են»,-Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
Պաշտպանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քայլեր են արվել և ի՞նչ գործողություններ են ձեռնարկվելու, քանի որ այսօր՝ օգոստոսի 16-ին, լրանում է Մանվել Գրիգորյանի` կալանքի տակ գտնվելու երկու ամիսը, նա պատասխանեց. «Վարույթ իրականացնող մարմինը որոշում է կայացրել փորձաքննություն նշանակել, բայց այդ փորձաքննությունը նախ այնքան ուշ է սկսվել և այնքան դանդաղ է իրականանում, որ մենք ստիպված ենք եղել գրավոր խնդրել, որ արագացնեն, քանի որ Մանվել Գրիգորյանի առողջությունը ծայրահեղ ծանր է, եթե մինչև կալանավորվելն ունեցել է շաքարի յոթ ցուցանիշ, հիմա ունի 22, 23, այն դեպքում, երբ դրսում ինսուլին չէր ստանում, հիմա ստանում է: Նա հիվանդ է քաղցկեղով և մի թոքը հեռացված է: Այս պարագայում, երբ փորձաքննություն անցկացնելու միջոցառումները միտումնավոր ձգձգվում են, սա խոսում է այն մասին, որ գործ ունենք սադիստական դրսևորումների հետ և առհասարակ այն դաժանությունը, որ կար նախկին իշխանության օրոք դատաիրավական համակարգում, հիմա շարունակվում է»:
Փաստաբանը վրդովվեց՝ գոնե մի ուղղությունից չենք լսում, որ մեկն ասի, թե թողեք նորմալ քննություն իրականանա: Այս առիթով Արսեն Մկրտչյանը պնդեց. «Մանվել Գրիգորյանի դեպքում արդար դատաքննության՝ նախաքննության պահանջ բացարձակ չկա: Միայն դատաստանի պահանջ կա: Կուտը կերել են մի քանի նույնասեռականների, բանակում չծառայածների, Մանվել Գրիգորյանի հերոսություններից տեղյակ չեղածների: Քանի որ ունենք խմոր խորհրդարան, որը ցանկացած միջնորդության պատրաստ է թաթիկները բարձրացնել և քվեարկել, այսօրվա վիճակում քաղում ենք դրա հետևանքները»:
Արսեն Մկրտչյանի վստահեցմամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված պաշտպանական կողմը բոլոր միջոցառումները կատարել է, մինչև երկուշաբթի բոլոր բողոքները կներկայացվեն: Սակայն, ըստ նրա, պաշտպանական կողմի ողջ գործիքակազմն անզոր է լինելու, քանի սադիստական մոտեցում կա: Ըստ Արսեն Մկրտչյանի՝ փորձաքննության արդյունքներն էլ դեր խաղալ չեն կարող կալանքի հետ կապված, քանի որ վարույթն իրականացնող մարմնին դա ուղղակի արձանագրության համար էր պետք, քանի որ չկա քաղաքական կամք, ցանկություն. նախաքննության նպատակն այն չէ, որ մարդկանց մահ պատճառի, այլ որ ճշմարտությունը բացահայտի: Մինչդեռ ըստ Արսեն Մկրտչյանի՝ այս նախաքննության նպատակը ֆեյք տարածելն էր, Մանվել Գրիգորյանի հասցեին հերյուրանքատիպ մեղադրանքները, հոլովակներ տարածելն ու հակառակ կողմի կարծիքը չլսելն էր:
Պաշտպանի փոխանցմամբ՝ առաջիկայում, երբ Մանվել Գրիգորյանի բոլոր պաշտպանները համաձայնության գան, հանդես կգան հայտարարությամբ:
Հասարակության շրջանում կան կասկածներ, որ Մանվել Գրիգորյանը մեկուսարանում չի գտնվում: Արսեն Մկրտչյանից հետաքրքրվեցինք՝ վերջին անգամ նրան որտե՞ղ և ե՞րբ է տեսել, նա պատասխանեց. «Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում: Ոչ մի տեղ չի տեղափոխվել: Նա հատուկ պայմաններում չի գտնվում, այլ սովորական պայմաններում, ինչ մնացած կալանավորները: Նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որևէ մեկը որևէ կարծիք չի հայտնել, մենք՝ պաշտպանական կողմը, երբեք նման արտահայտությամբ և հայտարարությամբ հանդես չենք եկել և մոտ ապագայում չենք էլ տեսնում նման բան: Հասկանում ենք, որ Մանվել Գրիգորյանի քրեական հետապնդման նպատակը բացառապես նրան մահ պատճառելն է»:
Արսեն Մկրտչյանը տեղեկացրեց, որ գեներալ Մանվելին տեսակցել է երեկ՝ 23.30-ին. «Ես ամեն օր տեսնում եմ նրան և ստիպված եմ օրական 2-3 ժամ անցկացնել նրա հետ: Իմ աչքի առաջ տեսնում եմ, որ նրա առողջական վիճակը վատանում է: Դրսից բժիշկն այսօր 09.30-ից նրա մոտ է եղել, ստիպված ենք եղել հրավիրել բուժող բժշկին ևս մեկ անգամ կալանավայր: Իհարկե, այնտեղ ոչ մի խոչընդոտ չի ստեղծվում, բայց նրանից, որ բուժող բժիշկը մտնում է մի տեղ, որտեղ բուժօգնություն հնարավոր չէ ցույց տալ և արձանագրում է մի փաստ, որ մարդուն դանդաղ սպանում են, դրանից ոչինչ չի փոխվում»:
Արսեն Մկրտչյանը հայտարարեց՝ Մանվել Գրիգորյանին խոշտանգում են և համեմատություն անցկացրեց այլ գործերի հետ. «Եթե քաղաքական երանգ ունեցող այլ գործերով խոշտանգման մասին գոնե չենք կարող խոսել, Մանվել Գրիգորյանի դեպքում ակնհայտ խոշտանգում է, որը պայմանավորված է ինչ-որ ազդեցություն ունեցող անձանց տեսակետներով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ