Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքը եւ կալանքի որոշումը անհիմն են. պաշտպաններ

Օգոստոս 16,2018 13:29

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի փաստաբաններն այսօր «Հենարան» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարություն են տարածել, վերջինիս առաջադրված մեղադրանքի եւ կալանավորման որոշման մասին:

Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու, հետախուզում հայտարարելու եւ կալանավորելու վերաբերյալ: Ոստիկանությունն, իր հաղորդագրության մեջ, հորդորում էր`Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին տեղեկացնել իրենց:

Անահիտ Ֆարմանյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը եւ Նարեկ Ավոյանն այսօր հայտարարեցին, որ իրենք եւ իրենց վստահորդը պատշաճ չեն ծանուցվել համապատասխան դատավարական գործողությունների, ինչպես նաև դատական նիստին ներկայանալու մասին:

Հիշեցնենք, 07/08/2018թ. Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ի կետով նախատեսված արարքի համար (խարդախություն՝ առանձնապես խոշոր չափերով), նույն օրը Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ քննիչի որոշմամբ հայտարարվել է հետախուզում և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին:

08/08/2018թ. դատարանը որոշել է տիկին Ֆարմանյանին կալանավորել:

Փաստաբանների հավաստմամբ, նշված ժամանակահատվածում տիկին Ֆարմանյանը գտնվել է ամենամյա արձակուրդում՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս, իսկ իրադարձությունների նման ընթացքի մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցների հրապարակումներից, իսկ փաստաբանն առձեռն ստացել է դատավարական փաստաթղթերը և կից նյութերը միայն 12/08/2018թ․՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում:

Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպանների տարածած հայտարարության մեջ ասված է. «Ստացված նյութերից պարզ է դարձել, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության համար հիմք է հանդիսացել այն, որ Անահիտ Ֆարմանյանը, ըստ քննիչի և դատարանի, կարող է խուսափել վարույթն իրականացնող մարմնից: Չբացահայտելով նախաքննական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը՝ անհրաժեշտ է նշել, որ ներկայացված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ

– տիկին Ֆարմանյանը մինչև արձակուրդ գնալը չի հրավիրվել մասնակցելու դատավարական գործողությունների

– չի ունեցել դատավարական որևէ կարգավիճակ

– դեռևս 19/07/2018թ․ փաստաբանի միջոցով տեղեկացրել է քննիչին դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին

– անձամբ և փաստաբանի միջոցով մի քանի անգամ քննիչին և ոստիկանությանը տեղեկացրել է, որ ծանուցագիր ստանալու դեպքում ներկայանալու է վարույթն իրականացնող մարմնին /առկա են հիմնավորող ապացույցներ/

– 30/08/2018թ․ երեկոյան քննիչը հեռախոսով դիմել է փաստաբանին հրավիրելով վերջինիս վստահորդին հաջորդ օրը ներկայանալ իրավապահ մարմիններին, այդ պահին արդեն արձակուրդում գտնվող Անահիտ Ֆարմանյանը Հայաստանից մեկնելու ճանապարհին է եղել և մինչև հաջորդ օրը հնարավոր չի եղել նրան տեղեկացնել հրավերի մասին,

– Տիկին Ֆարմանյանի բացակայության և գտնվելու վայրի մասին վաղ առավոտյան փաստաբանը հայտնել է քննիչին՝ նշելով, որ վստահորդը վերադառնալու է 2-3 շաբաթից, սակայն քննիչը չի հայտնել կարգավիճակի փոփոխության կամ ՀՀ շտապ վերադառնալու անհրաժեշտության մասին»:

Նշված փաստերով, ըստ փաստաբանների, անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին:

Նույն պատճառաբանությամբ, նրանք անհիմն են համարում Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը: Պաշտպաններն այն բողոքարկվելու են`սեղմ ժամկետներում: Բողոքարկելու են նաեւ Անահիտ Ֆարմանյանին առաջադրված մեղադրանքը` խարդախություն, հաշվի առնելով, որ տիկին Ֆարմանյանը ոչ անձամբ, ոչ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով:

«Կարևոր է ընդգծել, որ նշված իրավիճակում իրավական կոշտ գնահատականի են արժանի նաեւ իրավապահ մարմինների որոշ պաշտոնատար անձանց գործողությունները, սակայն ներկայումս դեռևս անհրաժեշտ չենք համարում դրանց հրապարակումը:

Տիկին Ֆարմանյանի նկատմամբ ինչպես նախկինում կատարված, այնպես էլ հետագա հնարավոր ոչ օրինական գործողությունների համար մեղավոր անձանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու և պատասխանատվության կանչելու հարցում տիկին Ֆարմանյանին տրամադրելու ենք անհրաժեշտ իրավաբանական աջակցություն:

Հաշվի առնելով, որ իրավապահ մարմինների հետ համագործակցությունը ձախողվել է ոչ Անահիտ Ֆարմանյանի մեղքով, և նա մտավախություն ունի, որ կրկին կենթարկվի ոչ իրավաչափ սահմանափակումների, տիկին Ֆարմանյանը կվերադառնա Հայաստանի Հանրապետություն միայն նշված բողոքների քննության ավարտից հետո»,- ասված է հայտարարության մեջ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031