Telegram սոցցանցում «Բաղրամյան 26» անունով ալիքը հրապարակել է իր և ոմն Գեորգի Ահարոնյանի նամակագրությունը, որում վերջինս էջի խմբագիրներին գումար է առաջարկում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգտին նյութեր հրապարակելու դիմաց:
Նախնական նամակագրությունից երևում է, որ նշված անձը նախ փորձել է գնել սոցցանցի այդ ալիքը, սակայն երկու անգամ մերժում է ստացել, անգամ «շատ լավ գին» առաջարկելուց հետո: Այնուհետև էջի խմբագիրներին առաջարկել է հրապարակումներ կատարել «ոչ պակաս հարգված» մի անձի օգտին:
«Մենք ձեզ առաջարկում ենք շահավետ պայմաններ: Մենք էլ, Դուք էլ գիտենք, որ գումարը հաճախ վճռական դեր է խաղում որոշումներ կայացնելիս: Ոստի այսպես անենք: Մեկ գրառման համար 150 դոլար: Հրապարակումները կնվիրվեն Ռ. Ք-ին: Ձեր կողմից՝ շաբաթական 4 գրառում: Դրանցից մեկը կարող եք հրապարակել որպես գովազդ, մյուսները՝ ոչ: Դրանք պետք է հնչեն որպես ձեր անձնական կարծիք: Դրա համար մենք պատրաստ ենք ավելացնել ևս 30 դոլար:
Հիշեցնեմ, որ դրանից դու կարող եք ոչ միայն լավ գումար ստանալ, այլև նոր հետևորդներ ձեռք բերել: Անկեղծ ասած, Նիկոլի մասին հրապարակումներն արդեն ձանձրացրել են, ընթերցողներին պետք է ինչ-որ նոր բան»,- առաջարկել է Գեորգի Ահարոնյանը:
Պատասխան նամակում ալիքի խմբագիրները հրաժարվել են «առատաձեռն առաջարկից»՝ նշելով, որ իրենց սկզբունքները թույլ չեն տալիս այդ անձի շուրջ դրական վարկանիշ ստեղծել: Նաև զգուշացվել է, որ նամակագրությունը հրապարակվելու է:
«Հաջողություն Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին: Դա նրան հիմա չէր խանգարի»,- ասվում է խմբագիրների նամակում:
Այսօր ավելի վաղ «Բաղրամյան 26» ալիքը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ հայկական մի քանի ԶԼՄ-ներ գնվել են Ռոբերտ Քոչարյանի կողմից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ