Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդգես Գասպարի. «Վահե Ավետյանի սպանության դեմ բողոքելու համար շարունակվում է հետապնդումը առ այսօր»

Օգոստոս 16,2018 13:10

2013 թվի հուլիսի 4-ին Վահե Ավետյանի սպանության տարելիցի առթիվ բողոքի ակցիա պիտի տեղի ունենար «Հարսնաքար» ռեստորանային համալիրի դիմաց, իսկ ինչպես նշել է դատարանը (գործ ՎԴ/7599/05/13) «Հարսնաքարի» տնօրինությունը դիմել էր ոստիկանություն՝ այն կանխելու, թույլ չտալու պահանջով: Այդ օրը «Հարսնաքարի» դիմաց հավաքված մի քանի տասնյակ ցուցարարներին ոստիկանությունը, հին ավանդույթների համաձայն, կարտոլի պես գլորելով հեռացրեց իրենց կանգնած տեղից, իսկ ինձ բերման ենթարկեց, ինչը դատարանը արձանագրել է այսպես. «Ակցիայի մասնակից Վարդգես Լիվանի Գասպարին ժամը 20:15-ի սահմաններում պառկել է ճանապարհի մայթեզրին և խանգարել հետիոտների անցուդարձը»։

Վերոհիշյալ դատական գործի շրջանակներում, ինչպես և նախկին իշխանությունների օրոք ինձ հայտնի մյուս բոլոր գործերի դեպքերում, այնպես էլ այս դեպքում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ներկայացուցիչ «իրավախորհրդատու» Աիդա Դեմիրխանյանը օրենքի և օրինականության նկատմամբ բացահայտ և ընդգծված արհամարհական վերաբերմունքով արեց ամենաանպատասխանատու հայտարարությունները: Եվ այսպես ընդամենը փոքրիկ մեջբերում դատական նիստի սղագրությունից.

«Գասպարի – Ի՞նչ ծառայություն էր կատարում ոստիկանությունը նշված օրը «Հարսնաքարի» հարակից տարածքում..

Դեմիրխանյան – Հասարակական կարգ էր պահպանում.

Գասպարի – Արդյոք հասարակական կարգի խախտում եք գնահատում 2013- հուլիսի 4-ին ՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարակից հանրային տարածք հանդիսացող մայթին խաղաղ ցույցը :

Դեմիրխանյան – ԱՅՈ

Գասպարի – Ո՞րն է եղել ոստիկանության օրինական պահանջը, որ չի կատարել Գասպարին.

Դեմիրխանյան – Այն, որ պահանջել ենք հեռանաք «Հարսնաքարի դիմացի մայթից», չեք հեռացել:

Գասպարի – Իսկ ոստիկանությունը ի՞նչ իրավական հիմքով է ցուցարարներիս հեռացրել հանրային տարածք հանդիսացող «Հարսնաքարի» հարակից մայթից:

Դեմիրխանյան – Ես չգիտեմ մայթը հանրային տարածք է, թե ինչ է… «Հարսնաքարի» տնօրինությունը դիմել էր մեզ, որ կանխենք նախատեսված ցույցը… մենք էլ պահանջել ենք ցուցարարները հեռանան «Հարսնաքարի» հարակից տարածքի մայթից, քանի որ իրենց ներկայությամբ խանգարում, տհաճություն էին պատճառում «Հարսնաքար»-ում տեղի ունեցող հարսանյաց հանդեսի մասնակիցների»:

Ահա այսպիսի պատասխաններ էին, որն իմ գնահատմամբ՝ կարող էր տալ ինչ որ օլիգարխի ռեստորանում աշխատող մատուցողը կամ հավաքարարը, բայց ոչ ոստիկանության իրավախորհրդատուն, ես տվել եմ համարժեք գնահատականներ…

Դրանից հետո իմ գնահատականների կապակցությամբ Աիդա Դեմիրխանյանը քաղաքացիական հայցով դիմել էր՝ դատարան իբր վիրավորված լինելու համար, և պահանջել էր որոշակի գումար պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար… Եվ բնականաբար նախկին իշխանությունների օրոք, ինչպես, որպես կանոն, դատարանը բավարարում էր պետական մարմնի և անձանց հայցը, այնպես էլ այս դեպքում բավարարել էր ոստիկանության «իրավախորհրդատուի» հայցը…

Ես վերոհիշյալ պատմությունը կարող էի արդեն մոռացած լինել, եթե օրերս չստանայի ԴԱՀԿ որոշումը վերոհիշյալի մասին, որով ԴԱՀԿ-ն պահանջում է հրապարակեմ հետևյալ տեքստը.

«Ներողություն», Վարդգես Լիվանի Գասպարին հայցում է Աիդա Գեորգիի Դեմիրխանյանի ներողամտությունը՝ վերջինիս հանդեպ վիրավորական, ոչ վայել, անպարկեշտ արտահայտություններ թույլ տալու, ինչպես նաև իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ մեղսագրելու համար:

 Պարտավորեցնել պատասխանողին ներողություն հայցելու տեքստը հրապարակել ՀՀ 1,000 տպաքանակից ավել հրատարակվող օրաթերթում, ինչպես նաև Վարդգես Գասպարիի համացանցում առկա կայք էջերում:

Պարտավորեցնել պատասխանողին Վարդգես Լիվանի Գասպարիին հայցվորին վիրավորանք հասցնելու համար վճարել փոխհատուցում ընդհանուր 200,000ՀՀ դրամի չափով»:

Տարակուսելի է, որ հետհեղափոխական Հայաստանում «իրավախորհրդատու» ոստիկան Դեմիրխանյանը, ըստ էության, շարունակում է պնդել դատարանում արած իր հակաիրավական և անհեթեթ հայտարարությունները:

Այն, որ հանրային տարածք հանդիսացող մայթին խաղաղ ցույցը հասարակական կարգի խախտում է, և որ հետհեղափոխության Հայաստանում էլ ոստիկանության «իրավախորհրդատուին» չի հետաքրքրում, որ ինչ բան է հանրային տարածքը, ինչ բան է մասնավորը… որոշիչը ինչ որ օլիգարխի ռեստորանի հյուրերի քմահաճույքն է:

Վարդգես ԳԱՍՊԱՐԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031