Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի հանդիպել, փոխարենը հաճախակի շփման մեջ է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի հետ, նորմալ աշխատում է Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ։ Այս մասին Aravot.am-ին փոխանցեց քաղաքապետը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է նոր կառավարության հետ, հանդիպում եղե՞լ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և արդյոք իրեն չեն ընկալո՞ւմ որպես հին կառավարության ներկայացուցչի։
«Կառավարության հետ շատ լավ աշխատում եմ, տարածքային կառավարման նախարարի հետ եմ հանդիպել, շատ լավ աշխատում եմ։ Նորմալ աշխատանք է գնում, առանձնապես հարցեր չկան, որ ասեմ՝ գիտեք ես Նիկոլ Փաշինյանի հետ ամեն օր պիտի հանդիպեմ։ Իհարկե, կհանդիպենք, ես իմ հարցերը կբարձրացնեմ, շատ հարցեր բարձրացրել եմ, ասել եմ, տեղյակ են, դիմում ենք գրել, համագործակցում եմ։
Ես այն մարդն եմ, հիշում եք իմ հայտարարությունը։ Աշխատում ենք, փորձել եմ կոռուպցիոն ռիսկերն իջեցնել զրոյական մակարդակի քաղաքապետարանում, փորձել ենք, արել ենք ամեն ինչ և շարունակելու ենք աշխատել։ Այդ տրամաբանությամբ ես աշխատել եմ 2012 թվականից, այն չէ, որ հիմա նոր իշխանություն փոխվեց, հեղափոխություն եղավ, ես ասեմ որ՝ վայ, էլ կոռուպցիա չկա․․․ Ես այս տրամաբանությամբ եմ աշխատել, եթե չանեի, մեր քաղաքը չէր կառուցվի։ Մեր քաղաքին որևէ մեկը վարկ չէր տա, որևէ մի խնդիր չէր լուծվի, հավատացեք։ Այսօր վստահել են, տվել են և՛ բանկերը, և՛ մյուսները, և շարունակում են։
Հիմա երեք նոր, կարևոր ծագրեր եմ առաջարկում կառավարությանը։ Եթե ինձ չեն վստահում, չեմ աշխատելու, բայց նորմալ աշխատում ենք, կա վստահություն, որ շարունակում եմ աշխատել»,-ասաց Գյումրու քաղաքապետը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ