Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 30-40 օրվա ընթացքում: Այսօր այս մասին որոշում կայացրեց կառավարությունը: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատվում է: Ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 87 հազար 660 հազար դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ընտրությունների օրը կհայտարարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ԿԸՀ-ն:
Վարչապետը Պապիկյանից հետաքրքրվեց՝ ԿԸՀ-ն տեխնիկապես պատրա՞ստ է ընտրություններին, ի պատասխան պարոն Պապիկյանն ասաց՝ պատրաստ է:
Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ իսկ բարոյահոգեբանական առումո՞վ:
«Կարծում եմ՝ այո»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով, իրենց կառավարության օրոք տեղի ունենալիք առաջին ընտրություններն են եւ հույս ունի, որ այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ՝ օրինականության, թափանցիկության եւ արդարության առումով. «Մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը եւ ժողովրդավարությունը եւ օրինականությունն ապահովելը: Եվ, ես հատուկ, ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ խնդիրները շատ հստակ են ձեւակերպված՝ ընտրակեղծարարների խմբերն այս ընտրություններում որեւէ անելիք չունեն, իսկ, եթե պարզվի, որ անելիք ունեն, իրենց կարծիքով, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի եւ արդյունավետ անելիքի ժամանակը: Այս ընտրություններում ընտրակաշառքի որեւէ դեպք չպետք է գրանցվի կամ ընտրակաշառքի փորձ անող որեւէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: ՀՀ քաղաքացիների վրա որեւէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի եւ սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է: Ես, իհարկե համոզված եմ, որ ամեն ինչ հենց այսպես էլ տեղի կունենա, բայց հույս ունեմ, որ որեւէ մեկը չի տրվի իր բախտը փորձելու գայթակղությանը: Եթե կտրվի, իր խնդրն է, այդ դեպքում ՀՀ օրենքը հստակ ասում է՝ ինչ պետք է անեն իրավապահ մարմինները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ