Արտաքնապես թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունները բնականոն են ընթանում: Բոլորը, ներառյալ վարչապետն ու արտգործնախարարը, փառաբանում են այդ հարաբերությունները, վերահաստատելով ռուսական 102-րդ զինվորական բազայի ներկայության կարեւորությունը Հայաստանում եւ ճիշտ համարելով վերջինիս մասնակցությունը հավաքական անվտանգության դաշնությանը (ՀԱՊԿ): Սակայն ինչ-որ բան կարծես այն չէ: Որոշակի անհանգստություն է զգացվում:
Չնայած պաշտոնական մակարդակով հայտարարությունները սակավ են, բայց լրատվամիջոցները ողողված են քննադատություններով եւ հակադարձ մեկնաբանություններով, թողնելով այն տպավորությունը, թե կողմերը միմյանց կոկորդն են կրծում:
Նախորդ վարչակազմի օրոք լրատվական քննադատությունները, նույնիսկ ամենաթունոտները, թույլատրված էին, եւ որպես լրագրող եւ խմբագիր, ներկայիս վարչապետը անմասն չէր մնացել դրանցից: Բայց թավշյա հեղափոխությունը, որ միավորել է ժողովրդին եւ ավելի լավ ապագայի հույս ներշնչել նրան, միաժամանակ անսխալականության աուրայով է պատել նոր վարչակազմին եւ հենց այդ առումով է անհրաժեշտ քննարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը:
Այժմ, երբ Հայաստանը անարյուն հեղաշրջմամբ ձերբազատվել է նախկին կոռումպացված վարչակազմից, իրավունք ունի պահպանելու իր ինքնիշխանությունը: Բայց այդ ինքնիշխանությունն ունի իրեն պայմանավորող գործոնները, որոնցից մեկն այն է, թե ինչքանով է Հայաստանը հարմարվում տարածաշրջանում ուժերի հարաբերության մեջ: Եվրոպայում 28 պետություններ զիջել են, որոշ չափով, իրենց ինքնիշխանությունըՙ հօգուտ համընդհանուր շահի: Դա պետություն ղեկավարելու հմտություն է, որը ձեւավորվում է պատմական փորձառության հիմքի վրա:
Ներկայիս, հայ-ռուսական հարաբերությունները կարծես կրիտիկական վիճակում են: Կրեմլը ուշի-ուշով հետեւում է Երեւանի նոր կառավարության բոլոր գործողություններին ու քայլերին, լինեն դրանք ներքին թե արտաքին քաղաքականության ոլորտում եւ ջղագրգռությամբ է արձագանքում դրանց:
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ
Դետրոյթ, ԱՄՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում