Լրահոս
Օրվա լրահոսը

Ես անձամբ իրեն էլ եմ ասել, որ ուղիղ վարսերով ինքը ինքը չէ. դիզայներ Արամ Նիկոլյանը՝ Աննա Հակոբյանի ոճի մասին

Օգոստոս 16,2018 11:51

«Ժողովուրդ» օրաթերթը դիզայներ Արամ Նիկոլյանի հետ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի ոճի առանձնահատկությունների մասին։ Նա նշել է, թե իր իմիջը կերտելիս ինչին պետք է ուշադրություն դարձնի վարչապետի տիկինը, անդրադարձել է հագուստի ընտրությանը, սանրվածքին եւ դիմահարդարմանը վերաբերող նրբություններին։

– Արամ, որպես դիզայներ ուսումնասիրելով ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ոճը՝ ի՞նչ եզրահանգումներ կարող եք անել։ Ինչո՞վ է նա աչքի ընկնում, հատկապես ի՞նչն է նրան սազում եւ ի՞նչն է պակասում։

– Աննա Հակոբյանը պարզ ոճի կողմնակից է։ Նրան ամենավառը բնութագրում են գանգուր մազերը։ Ես անձամբ իրեն էլ եմ ասել, որ ուղիղ վարսերով ինքը ինքը չէ։ Պետք չէ այդ տեսակը փոխել, իր համար գանգուր մազերն են շահեկան։ Ինչ վերաբերում է հագուստին, հասկանալի է, որ վարչապետի տիկնոջ պահարանը դեռ ամբողջությամբ կազմված չէ, եւ հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ կրկնություններ լինեն։ Պետք է ստեղծվի մի պահարան կյանքի բոլոր իրավիճակների համար. եւ մեկն էլ՝ արարողակարգերի համար։

Ամենակարեւորև այն է, որ ինչ հագնի եւ կրի Աննա Հակոբյանը, համապատասխանի իր ներաշխարհին։ Այդ դեպքում նա հարմարավետ կզգա այդ հագուստի մեջ եւ ճիշտ կմատուցի այն։ Պետք չէ կոտրել սեփական տեսակն ու անհատականությունը։

Իհարկե, արարողակարգերը ենթադրում են հատուկ հագուստ։ Դրանց շրջանակում տիկինները մեծ փայլ են հաղորդում իրենց ամուսիններին, լրացնում են նրանց։ Աշխարհը, օրինակ, հետաքրքրությամբ սպասում է, թե հերթական անգամ Մելանյա Թրամփը ինչ է հագնելու, ինչ տեսքով է հայտնվելու ամուսնու կողքին։

– Իսկ ի՞նչ կասեք դիմահարդարման մասով։ Վարչապետի տիկնոջ պարագայում նախընտրելի է վառ, թե՞ աչքի չընկնող դիմահարդարումը։

– Կին քաղաքական գործիչները, դիվանագետները, առաջին տիկինները դիմահարդարման առումով ունեն հստակ չափանիշներ։ Նրանք պետք է կիրառեն մեղմ, պարզ, ոչ ընդգծված դիմահարդարում։ Որքանով նկատել եմ, Աննա Հակոբյանը հենց այդպես էլ անում է։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031