Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դոմինիկ Լիեգմի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Զեյնալյանը բարձր է գնահատել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը Հայաստանում և համագործակցության հետագա խորացման պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ազատազրկված անձանց իրավունքների պաշտպանության և իրավունքի զարգացմանն առնչվող մի շարք հարցերի:
Մասնավորապես՝ Դոմինիկ Լիեգմը անդրադարձել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և Արդարադատության նախարարության կողմից համատեղ իրականացված պիլոտային ծրագրի շրջանակում «Աբովյան», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում օտարերկրյա դատապարտյալների համար ներդրված տեսազանգի հնարավորությանը՝ նշելով, որ այն դրական արդյունք է գրանցել և առաջիկայում նախարարության հետ համագործակցությունը շարունակելով՝ տեսազանգից օգտվելու հնարավորություն կներդրվի նաև այլ քրեակատարողական հիմնարկներում, ինչպես նաև կընդլայնվի այդ միջոցից օգտվող դատապարտյալների շրջանակը:
Այս համատեքստում Արտակ Զեյնալյանը ընդգծել է նաև, որ ընտանիքի հետ կապի ամրապնդման նկատառումներով կրկնապատկվել է ցմահ դատապարտյալների կարճատև տեսակցությունները, իսկ համապատասխան պայմանների ապահովման դեպքում կվերանայվի նաև երկարատև տեսակցությունների քանակը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Տավուշի մարզի սահմանամերձ 18 համայնքներում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ իրականացվող ծրագրերին և դրանց ընթացակարգերին:
Նախարար Զեյնալյանը Կարմիր Խաչի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից հետաքրքրվել է նաև Ադրբեջանում գերեվարված Տավուշի մարզի Բերդավան համայնքի 34-ամյա բնակիչ Կարեն Ղազարյանի վերաբերյալ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գործողություններից և խնդրել առավել հաճախակի տեսակցել նրան՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը և այն հանգամանքը, որ նա լինելով քաղաքացիական անձ, Ադրբեջանի կողմից ներկայացվում է որպես զինվորական:
Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ գոհունակություն են հայտնել առկա համագործակցության բարձր մակարդակի համար և այն խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն