«Արձանագրենք, որ այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը»,- այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետը անդրադարձավ կառավարության գործունեության 100 օրվան: Ըստ նրա, 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թեւակոխում ենք մի նոր փուլ, որի հիմնական իմաստը բարեփոխումները ֆորսաժի ենթարկելն է. «Այսինքն՝ շատ արագ եւ արդյունավետ բարեփոխում անելը, որպեսզի մեր երկրի տնտեսության համար նոր շունչ բացվի, երկրորդ արագությունը բացվի, որպեսզի հնարավոր լինի նաեւ բյուջետային քննարկումների համատեքստում շատ կոնկրետ արդյունքներ արձանագրել»:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ այս 100 օրվա ընթացքում, որի արդյունքները կամփոփվեն վաղը Հանրապետության հրապարակում տեղի ունենալիք հանրահավաքի ընթացքում՝ կուտակված բովանդակությունն ու էներգիան հնարավորություն է տալու, որ նոր թափով հետամուտ լինեն այն խնդիրներին, որ հայ ժողովուրդը դրել է իրենց առաջ. «Որեւէ կասկած չկա, որ մենք այս խնդիրները լուծելու ենք, լուծում ենք արդյունավետ եւ հայ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ