Վերջերս քաղշինում քննարկվել է նախկին պահածոների գործարանի տարածքում նախատեսվող մետրոպոլիտենի նոր՝ «Սուրմալու» կայարանի կառուցման մասին, որը կկապի «Սասունցի Դավիթ» եւ «Զորավար Անդրանիկ» կայարանները։
Պետության համար ավելի նպատակահարմար կլինի նո՞ր կայարան կառուցելը, այս դեպքում՝ «Սուրմալուն», թե՞ շարունակել ամրացնել հնի՝ «Աջափնյակ» կայարանի հիմքերը։ «Ես գտնում եմ՝ քանի որ «Աջափնյակ» կայարանի աշխատանքները 70 տոկոսով արդեն կատարված են, պետք է շարունակել դա ավարտել, իսկ տնտեսական, բնակչությանն օգուտ բերելու առումով, բնականաբար, «Աջափնյակ» կայարանն ավելի կարեւոր է, որովհետեւ Աջափնյակից մարդիկ 20-25 րոպեում կարող են հասնել 3-րդ մաս, եւ այս տրանսպորտային խցանումների պարագայում սա շատ կարեւոր լուծում կլիներ։ Ինչ վերաբերում է «Սուրմալու» կայարանին, ապա կարելի է կառուցել, եթե նման ցանկություն եւ ներդրողներ կան։ Բայց էլի եմ ասում՝ ռազմավարական տեսանկյունից կարեւոր է հատկապես «Աջափնյակ» կայարանը, որը պետք է այդ ուղղությամբ շարունակել, որովհետեւ երկուսուկես կմ երկարությամբ թունելներ են փորված, որոնք մնում են չօգտագործված։ Ուրեմն ավելի լավ կլինի այդ չիրացվածությունը դարձնել իրացվելի, ապա անցնել նոր կայարանների գաղափարին»։
Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանն ասում է, որ կան ներդրողներ, որից հետո հիշում է՝ ժամանակին «Թումո» կենտրոնը ցանկություն ուներ որոշակի ներդրում անել, որովհետեւ «Աջափնյակ» կայարանը կնպաստեր, որպեսզի «Թումո» կենտրոն հաճախողներն ավելի հեշտ գնային-գային։ Չի բացառում, որ ուրիշ ներդրողներ էլ կգտնվեն արտասահմանից, որոնք կցանկանան օգնել․ «Այստեղ պետք է լինի պետություն-մասնավոր գործընկերության գործառույթ, պետությունն իր բաժնեմասը պետք է դնի ու մասնակցի եւ մյուսներին էլ հրավիրի մասնակցելու»։
Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը դրական է արձագանքում նոր կայարանների շուրջ քննարկումներին․ «Ով ուզում է կառուցի, որտեղ ուզում է կառուցի, դա արդեն առաջընթաց է ու ողջունելի, իսկ այն, որ 25 տարի ոչ մի կայարան չեն կառուցել, դա շատ վատ է»։
Յայլոյանը կարծում է, որ միանշանակ ճիշտ եւ նպատակահարմար կլինի նախեւառաջ «Աջափնյակ» կայարանը կառուցել, հետո նոր՝ մյուս ուղղությունները․ «Այն, որ ասում են 2 կայարանների մեջտեղը մի կայարան են կառուցելու, դա դեռ չի նշանակում, որ կայարան կառուցեցին։ Կայարան կառուցել՝ նշանակում է մի քանի կիլոմետր գիծ ավելացնել, կայարան տեղադրվի, որ այդ թաղամասի բնակչությունը բան հասկանա, թե չէ Սուրմալուի գծի մեջտեղը հազար մետրի վրա կանգառ անի, դա մետրոյին հարիր չէ։ Եթե կան միջոցներ, թող Աջափնյակի շինարարությունն ավարտին հասցնեն, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ են ապրում, քանի որ այդ թաղամասը կայարանի խիստ կարիք ունի»։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում