Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կոռուպցիան և մենք

Օգոստոս 16,2018 10:50
dolar

Կոռուպցիայի դեմ մոլեգին ու անողոք պայքարը շարունակվում է: Նորանոր դեմքեր ու դեպքեր են բացահայտվում: Մեկը մեկից զարմանալի: Մեկը մեկից արտառոց: Ահավոր մեծ գումարներ են ի հայտ գալիս, և, ըստ ամենայնի, կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված ու հայտնաբերված այդ խոշոր գումարներն արդեն տեղափոխվել են պետբյուջե, և ժամանակն է, որպեսզի այդ բացահայտումներից ոգևորված և ոգևորվող հասարակությունն իմանա և տեղեկանա, թե ում ձեռամբ և ինչ նպատակով են տնօրինվում այդ ահռելի գումարները: Ահռելի ենք ասում, բայց այս ընթացքում նաև պարզ դարձավ, որ ինչքան էլ ահռելի լինեն այդ գումարները, միայն դրանցով անհնարին է իրականություն դարձնել Նոր Հայաստան կոչվող տեսլականը: Դրանցով իրականում նույնիսկ կենսաթոշակներն է անհնարին թեկուզ չնչին չափով բարձրացնել: Էլ չենք խոսում աշխատավարձերի ու սոցիալական այլ խնդիրների մասին: Այսինքն, միայն ԱԱԾ-ի ու Վանեցյանի հետ հույսեր կապելը քիչ է: Իհարկե, ցանկալի է, որ բացահայտումները շարունակվեն, և պետությունից ու ժողովրդից հափշտակված գումարները փոխանցվեն պետբյուջե, բայց պետության կառուցման խնդիրներով ու Նոր Հայաստանի կառուցմամբ պիտի զբաղվեն նաև մյուս գերատեսչություններն ու նախարարությունները, ընդ որում՝ ոչ պակաս, քան՝ ԱԱԾ-ն:

Առաջին հերթին հարկավոր է մտածել ներդրումների մասին: Յուրաքանչյուր գերատեսչություն ու նախարարություն՝ իր գծով: Գաղտնիք չէ, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն ու անձամբ Նիկոլ Փաշինյանը մեծ հետաքրքրություն առաջացրին Արևմուտքում և ընդհանրապես արտերկրում: Ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, որպեսզի մեր նախարարություններն ու կազմակերպությունները հեռանկարային ծրագրերով մեծ համագործակցություն ծավալեն արտերկրների իրենց գործընկերների հետ: Յուրաքանչյուրը՝ իր գծով: Եթե այս ամենը խելամիտ և պրոֆեսիոնալ մակարդակով արվի, բնականաբար նաև ներդրումներ կլինեն:

Բայց վերադառնանք կոռուպցիոն բացահայտումներին: Հավատում ենք, որ, ի տարբերություն նախորդ իշխանությունների, Փաշինյանը, Վանեցյանն ու նոր իշխանության պատասխանատուներն իսկապես ազնվորեն, անմնացորդ ու անշահախնդրորեն են որոշել պայքարել կոռուպցիայի դեմ, և չնայած ասում ենք, որ թալանված միջոցները պետական գանձարան ուղղորդելը վերջնական փրկություն չէ, այդուհանդերձ, պիտի ընդունենք, որ եթե կոռուպցիայի դեմ պայքարն այս մասշտաբներով մշտական ու շարունակական բնույթ կրի, էապես կարող է նպաստել Նոր Հայաստանի լիարժեք կայացմանը: Այդուհանդերձ, մեր կարծիքով՝ ևս մի շատ կարևոր նկատառում: Ասացինք, որ նոր իշխանություններն անկեղծորեն, ազնվորեն ու անմնացորդ են որոշել պայքարել կոռուպցիայի դեմ, և այդ իմաստով կարևոր ենք համարում նշել, որ ոչ միայն պետք է նախկինում թալանվածը վերադարձնել պետական գանձարան, այլև պետք է ամեն ինչ անել, որպեսզի այսուհետ կոռուպցիա ու թալան չլինի:

Թավշյա հեղափոխության հետ կապված՝ շատ ասացինք ու նշեցինք, որ չտեսնված երիտասարդություն ունենք: Վարչապետ Փաշինյանի կամքով ու հովանավորությամբ այդ երիտասարդներից շատերն այսօր նախարարներ, փոխնախարարներ ու այլևայլ բարձր պետական պաշտոնների են: Ասում ենք, որ բարձրակարգ ջահելություն ու նոր սերունդ ունենք, որը, փաստորեն, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ու առաջնորդությամբ աշխարհացունց հեղափոխություն արեց: Բայց չպիտի մոռանանք, որ նրանց ծնողներն ու նախկին սերունդներն էլ էին ակտիվորեն մասնակցում հեղափոխությանը: Ու նաև պիտի հասկանանք ու գիտակցենք, որ ոչ թե նախկին սերունդներն են կոռուպցիայով զբաղվել, այլ՝ կոնկրետ մարդը: Իսկ կոնկրետ մարդիկ նաև երիտասարների ու Նոր Հայաստանի պաշտոնյաների մեջ կարող են լինել: Եվ Վանեցյանն ու մյուսներս չպիտի կարծենք, որ ջահելները, ի տարբերություն իրենց հայրերի, անմեղ հրեշտակներ են: Եվ պիտի ոչ միայն անցյալը վերահսկենք, այլև՝ ներկան:

Եվ վերջապես. Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան, ով, ի տարբերություն արտերկրների բարձրաստիճանների, հազար դոլարից քիչ աշխատավարձ է ստանում, իսկապես պետք է չափազանց ազնիվ, մաքուր ու գրեթե հրեշտակ լինի, որպեսզի կոռուպցիայով չզբաղվի և իր պաշտոնի ընձեռած հնարավորությունները չօգտագործի: Այդուհանդերձ, այն ամենը, ինչ պահանջել ու պահանջում ենք մեր հայրերից ու եղբայրներից, պետք է նաև մեր զավակներից պահանջենք: Որովհետև, ճիշտ է, մեր պաշտոնյաները արտերկրների պաշտոնյաների համեմատ չափազանց ցածր աշխատավարձ են ստանում, բայց, նույն արտերկրների շարքային քաղաքացիների համեմատ, շատ ավելի ցածր աշխատավարձ ու կենսաթոշակ են ստանում Հայաստանի շարքային քաղաքացիները:

Այսուհանդերձ, բոլորս գիտակցում ու հասկանում ենք, որ բոլորս պիտի հրաժարվենք կոռուպցիայից: Միասնաբար: Դուխով:

ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ» օրաթերթ

16.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031