Հատված Բրյուսելի Եվրոպական քաղաքականության կենտրոնի քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլի հարցազրույցից:
– Եկեք խոսենք Փաշինյանի կառավարության արտաքին քաղաքականության մասին: Նա ի սկզբանե վերահաստատեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ, անդամակցումը ԵԱՏՄ-ին եւ ՀԱՊԿ-ին, առանձնահատուկ հարաբերությունները Վրաստանի եւ Իրանի հետ, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Նա ընդգծեց, որ ԵՄ-ի հետ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը եւ կիրարկումը բխում են մեր շահերից: Ապա նախկին նախագահ Քոչարյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովի նկատմամբ սկսված քրեական հետապնդումից հետո հայ-ռուսական հարաբերություններում որոշ ճգնաժամ առաջացավ, եւ դրան արձագանքեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հայտարարելով, որ Ռուսաստանը մտահոգված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով: Ինչպե՞ս կարող ենք գնահատել Փաշինյանի արտաքին քաղաքականության այս ուղղությունը:
-Ռուսները շատ կասկածամիտ են Փաշինյանի հանդեպ: Նախկինում նրանք երբեւէ գործ չեն ունեցել նրան գոնե փոքրիշատե նման գործչի հետ: Փաշինյանի թիմի շատ անդամներ եւս դժգոհություն են առաջացնում Մոսկվայում, քանի որ նրանք կրթություն են ստացել Արեւմուտքում կամ նախկինում աշխատել են ոչ կառավարական կազմակերպություններում: Փաշինյանը մի քանի անգամ կրկնել է, թե որքան կարեւոր է Ռուսաստանը Հայաստանի համար: Սակայն դա հետ չպահեց նրան կոռումպացված չինովնիկներին եւ Մոսկվայի հետ կապված այլ գործիչների հետապնդելուց: Քոչարյանի եւ Կրեմլի այլ մերձավորների կալանավորումն ահազանգ էր Ռուսաստանի համար: Դա ակնհայտ էր արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններից: Ռուսաստանին հավատարիմ գործիչների նկատմամբ շարունակվող հետաքննությունները կարող են հետագայում էլ ավելի սրել Կրեմլի հետ լարվածությունը: Մինչ օրս սա մի ռիսկ էր, որին Փաշինյանը, ըստ երեւույթին, պատրաստ էր առերեսվել: Բայց ակնհայտ է, որ խաղադրույքները շատ բարձր են այն պատճառով, որ Հայաստանը խորապես կախված է Ռուսաստանից տնտեսական եւ անվտանգության ոլորտներում: Ռուսաստանը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Փաշինյանի համար, եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այս առումով Ռուսաստանի հնարավոր լծակներից է ու ամենեւին վերջին տեղերում չէ: Ու թեեւ Ռուսաստանը հավանաբար կուզենար, որ Փաշինյանն ու իր հեղափոխությունը ձախողվեն, այդուհանդերձ, Մոսկվան չէր ուզենա, որ իրեն մեղադրեին դրա համար՝ մասնավորապես հաշվի առնելով իր փորձն Ուկրաինայում:
– Կարծում եք՝ հնարավո՞ր է կառուցել ժողովրդավարական, զարգացած երկիր՝ լինելով ավտորիտար երկրների ակումբի անդամ եւ Ռուսաստանի մերձավոր դաշնակիցը: Չե՞ք կարծում, որ Լավրովի հայտարարությունն ուներ լայն համատեքստ, որը նշանակում է, որ չեք կարող փոխել հետսովետական տարածաշրջանում Մոսկվայի եւ անձամբ Պուտինի սահմանած խաղի կանոնները:
-Հայաստանի ղեկավարությունը պետք է շատ բարդ ճանապարհ անցնի`պայքարելով մի կողմից օլիգարխիայի եւ մյուս կողմից՝ խելացնոր ու վտանգավոր Ռուսաստանի դեմ: Փաշինյանն ուզում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի եւ Արեւմուտքի հետ: Նա ուզում է հաստատել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որն օգուտ կտա Հայաստանին: Ռուսաստանը նրան պետք է անվտանգության նկատառումներով, մինչդեռ միեւնույն ժամանակ նա ունի Արեւմուտքի, մասնավորապես՝ Եվրամիության կարիքը, որը կօգնի հավասարակշռել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ փոխակերպել ու արդիականացնել երկիրը թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես: Նա նաեւ ընդգծեց, որ ուզում է իրականացնել «հայաստանակենտրոն» արտաքին քաղաքականություն, եւ իր բարձրագույն առաջնահերթությունը «Հայաստանի ինքնիշխանությունն է»:
Նա հաստատեց իր հանձնառությունը Ռուսաստանին՝ միաժամանակ ծրագրելով փոխակերպման եւ ժողովրդավարական արժեքների ամրապնդման մի հավակնոտ ծրագիր: Շատ դժվար կլինի հասնել նման հավակնությանը՝ իրականացնել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական համակարգերի իրական փոխակերպում, եւ պատճառը ոչ միայն ներքին մարտահրավերներն են, այլեւ այն, թե ինչպես է Ռուսաստանը նայում Հայաստանին: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը մնա կոռումպացված եւ կախված Մոսկվայից: Կրեմլը չի ուզում ժողովրդավարական Հայաստան, որը հավատարիմ է օրենքի իշխանությանը: Սա դիտվում է իբրեւ վտանգ Ռուսաստանում իշխող ռեժիմի եւ իշխանության կառուցվածքի գոյությանը:
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում