Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկը պիտի պետությանը հարցնի` ի՞նչ ես ուզում դպրոցից, որ չի տվել քեզ»

Օգոստոս 16,2018 14:00

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) փոխտնօրեն Կարո Նասիբյանը «Առավոտի» հետ զրույցում զուգահեռներ տանելով գյուղական դպրոցների ու Երեւանի դպրոցների միջեւ, փաստում է, որ գյուղական դպրոցների աշակերտների միջին միավորը հավասար կամ բարձր է եղել ավագ դպրոցների միջին միավորներից: Եվ սա այն դեպքում, երբ գյուղական դպրոցների երեխաները եւ մանկավարժները ավելի քիչ հնարավորություններ ունեն շփումներ ունենալու ԳԹԿ-ի եւ այլ կառույցների հետ, գյուղական դպրոցների երեխաները միշտ չէ, որ պարապում են: Կարո Նասիբյանի կարծիքով, սա հետեւանք է այն բանի, որ ավագ դպրոցներում սկսած ռեֆորմը մնացել է կես ճանապարհին:
ԳԹԿ փոխտնօրենի խոսքով, ավագ դպրոցների ուսուցիչներին պետք է մրցույթով ընտրեին, պետք է լավագույններն ընտրվեին, ու քանի որ այլ պատկեր է, ավագ դպրոցի համակազմը սկսել է թուլանալ: Մեր զրուցակցի կարծիքով, ավագ դպրոցը այլ խնդիրներ էլ ունի. «10-րդ դասարանում ավելի շատ երեխաների ճանաչման, քան կրթական պրոցեսն է, մինչեւ ուսուցիչն է հասկանում` ինչպես աշխատել, աշակերտն է հարմարվում, տասներորդ դասարանն ավարտվում է»: Կարո Նասիբյանն առաջարկում է, որ ավագ դպրոցի համակարգում լինեն 9, 10,+11, 12-րդ դասարանները, այդ դեպքում ավագի արդյունավետությունը կբարձրանա, նաեւ կարծում է, որ լավ կլինի, եթե երեխաները 9-10-րդ դասարաններում սովորեն այն ամենը, ինչ բոլորն են սովորում, իսկ 11-12-ում խորանան կոնկրետ հոսքերով:

Հանրակրթության մասին խոսելիս, ԳԹԿ փոխտնօրենը փաստեց, որ մինչեւ 4-րդ դասարան ծնողը կանգնած է երեխայի կողքին, նրա կողքին է նաեւ 11-12-րդ դասարաններում, որովհետեւ երեխան պետք է բուհ գնա, իսկ միջին օղակը, այսպես ասած` մնում է անտեր, մինչդեռ դա երեխայի ձեւավորվելու, ուղղություն վերցնելու ամենաբարդ շրջանն է: Կարո Նասիբյանի խոսքերով, միջին օղակում նաեւ ուսուցիչն է մոռացված. «Ընդհանրապես անընդհատ պահանջում ենք դպրոցից, բայց ի՞նչ ենք տալիս ուսուցչին, որը քաղաքացի է դաստիարակում, կրթում: Անընդհատ ստուգում, հա ստուգում, կողքին կանգնող չկա, իսկ խորհրդային տարիներին կային մեթոդական կաբինետներ, մարդիկ գնում էին դաս էին լսում, լավ ուսուցչի փորձը փոխանակում էին: Այսօր ուսուցիչն ինչ գիտի, դա է ասում, կամ ասում է, ինչպես կարողանում է, իսկ վերապատրաստումները ձեւական բնույթ են կրում»:

Կարո Նասիբյանը նշում է, որ ծրագրային առումով էլ «բաց» ունենք, երեխային ուզում ենք սովորեցնել այն, ինչ մենք ենք սովորել, ոչ թե այն, ինչ իրեն պետք է: «Մեր կրթության համար դոկտրին է պետք` ինչ ենք սովորեցնելու մեր երկրում, որը չի խաթարվի անկախ ԿԳ նախարարների փոփոխություններից»,- համոզված է կրթության ոլորտի «հնաբնակը»: Նրա խոսքերով, կրթության նախարարը Հայաստանում նախ պետք է լինի մանկապարտեզի նախարար, դպրոցի նախարար եւ մանկավարժական բուհի նախարար, հետո մնացած ուղղություններով զբաղվի, որովհետեւ կարեւորը սերնդի կրթությունն ու դաստիարակությունն է. «Նախարարը պետք է լինի մանկավարժական բուհի գլխին կանգնած, ստուգի, թե մանկավարժն ինչ գիտելիք է ստացել, որ վաղը կրթի իմ երեխային: Խորհրդային Միությունը մանկավարժին փող էր տալիս, ասում էր` գնա այսինչ տեղը դասավանդիր, քեզ փող կտամ, պայմաններ կստեղծեմ: Ի դեպ, մի 5 տարի առաջ ռուս ակադեմիկոսներից մեկը Պուտինին ասել էր` 1000 լավ մասնագետ մանկավարժ ունեցիր, երկիրը երկիր կդառնա: Նույնն էլ մեր պարագայում է: Եթե ամեն մարզում մի քանի լավ մանկավարժ լինի, վիճակը կփոխվի: Պետությունը պետք է փող տա իր կրթությանն ու բանակին, մնացածն իրենց փողը այսպես թե այնպես կաշխատեն: Այսօր ո՞վ է գնում մանկավարժական բուհեր, նա, ով ցածր միավորներ է ստացել, ցածր միավորներով էլ ավարտում ու մտնում է դպրոց: Մեկը մի օր պե՛տք է պետությանը հարցնի` լավ, ինչ ես ուզում դպրոցից, որ չի տվել քեզ: Գրել տվել ե՞ս` դպրոց սա պիտի անես, որ չի տվել քեզ, չէ, չես տվել»:

Մեր դիտարկմանը, որ բուհերն այսօր ուսանողի խնդիր ունեն եւ իրենք համաձայն են, որ «ձգած» 8-երով ընդունեն դիմորդներին, Կարո Նասիբյանը պատասխանում է. «Հիմա ավելի շատ են ընդունվում բուհեր, քան խորհրդային տարիներին: Ոչ պետական բուհերի հետ գործ չունենք, կդիմանան մրցակցությանը, թող աշխատեն: Իսկ այ պետականը այսքան չպետք է ուռճացնենք: Հաճախ մասնագետ չունեն, բայց ուսանող են ընդունում, որովհետեւ երեխան փող է, ու այդպիսով ընդամենը սոցիալական խնդիր են լուծում: Բուհերը եւս կարիք ունեն ռեֆորմների: Նաեւ պետք է վերջ դնել այն ամենին, որ դասախոսը գա` մատը դրած տողի վրա դասախոսությունը կարդա ու գնա»:
Մեր զրույցի ժամանակ մի ցավոտ խնդրի էլ անդրադարձ եղավ: Կարո Նասիբյանն ասաց, որ գյուղեր կան, որոնց դպրոցներից տարիներով բուհ ընդունվող չունեն, նման պատկեր եղել է Արագածոտնի, Շիրակի մարզերում: Մի բան էլ է նկատել` երկրորդ տարին անընդմեջ Լոռուց ավելի շատ երեխա է գնում Լոռու բուհեր, քան Շիրակից` Շիրակի պետական համալսարան: Դրա պատճառը եւս պարզելու հարկ կա, որը ուսումնասիրություն է պահանջում:
Միասնական քննությունների ժամանակ պատահած արտառոց միջադեպերից էլ խոսք գնաց: Երեխաներ են եղել, որ երկու հեռախոսները հանձնել են քննությունից առաջ, երրորդը ներքնազգեստի, գուլպայի մեջ են պահած եղել:

Ինչ վերաբերում է բուհերի ռեկտորների այն հայտարարությանը, որ լավ կլինի իրենց ուսանողներին իրենք ընտրեն, ոչ թե միասնական քննությունների միջոցով, Կարո Նասիբյանը պատասխանում է` դա հետքայլ է նշանակում, ինչն արդեն անցել ենք. «Իրենց շահագրգռությունը հասկանալի է` կոռուպցիա, ուրիշ խնդիր չկա այստեղ: Նաեւ նրանք այդպիսով բռնում են ու բաց չեն թողնում դիմորդին, այլ բուհ կամ ֆակուլտետ արդեն դիմորդը չի կարող ընդունվել»:

Նասիբյանը խոսեց նաեւ մասնագիտություններից, որտեղ ընդունվողները 3 քննություն պետք է հանձնեն, որոշ դեպքերում` 2, անգամ` 1, ինչպես, օրինակ, ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի պարագայում: Համարում է, որ ուսանողներն անհավասար դաշտում են հայտնվում` ինչու պետք է մեկը 3 քննության համար պարապի, մյուսը` մեկ: ԳԹԿ փոխտնօրենը փաստում է, որ բանը հասել է նրան, որ ԵՊՀ ընդունվելն ավելի է հեշտացել` մեկ քննությամբ, քան Գորիսի համալսարան, որտեղ երկու քննություն են հանձնում, իսկ ամենասարսափելին այն է, որ բոլորը հանում են հայոց լեզվի քննությունը:

Միասնական քննությունների բողոքարկումների մասին էլ խոսվեց: Պարոն Նասիբյանը պատմեց, որ օրինակ՝ կենսաբանության քննության ժամանակ մինչեւ ստուգելը նկատել էին, որ մի առաջադրանքում կա երկու ճիշտ պատասխան, հետեւաբար երկու տարբերակն էլ ճիշտ էին համարել: Քիմիայի առաջադրանքներից մեկում շտեմարանում պատասխանը սխալ էր, երեխան էլ սխալ պատասխանն էր նշել` վկայակոչելով շտեմարանը:

Կարո Նասիբյանն ասաց, որ ամենացածր գնահատականները ռուսերենից են եղել: «Ժամանակին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով ստուգել ենք ռուսերենի եւ անգլերենի վիճակը դպրոցներում, այն շատ վատ էր: Ինչպե՞ս կարելի է 10-11 տարի օտար լեզու սովորել ու չիմանալ, ուրեմն մեթոդդ պետք է փոխես»,- ասում է մեր զրուցակիցը: Օրինակ է բերում իրենց ուսումնասիրությունների արդյունքները` Ստեփանավանում. երեխաներն անգամ չեն կարողանում լրացնել սովորական հարցերի պատասխաններ` որտեղ են ծնվել, ինչ առարկա են հանձնում, ով է քո ուսուցիչը:

Տեղեկացանք նաեւ, որ ԳԹԿ-ն պարբերաբար իրենց ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկում է մարզպետարաններ, ԿԳ նախարարություն, Երեւանի քաղաքապետարան, սակայն որեւէ անգամ արձագանք չի ստացել:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031