Բաց նամակ ՀՀ վարչապետին
Մեծարգո պրն վարչապետ, պարտքս եմ համարում հայտնեմ Ձեզ, որ ինչքան էլ տարօրինակ թվա, Դարոն Աճեմօղլուն բոլորովին էլ գիտուն տնտեսագետ չէ, ու սա քիչ հետո կհիմնավորեմ: Ես 30 տարի է, ինչ տնտեսագիտություն եմ ուսումնասիրում ու լավ գիտեմ, թե ինչ եմ ասում: Իմ ասածները ստուգելի են, սրա համար ընդամենը պիտի Ձեր թիմի երիտասարդ ու կարող տնտեսագետները կարդան Աճեմօղլուի ու Ռոբինսոնի գիրքը, իսկ ավստրիական դպրոցի մասով՝ օրինակ, Լուդվիգ ֆոն Միզեսի ու Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն Հայեկի գրքերն ու համեմատեն Ջոն Մեյնարդ Քեյնսի ու Աճեմօղլուի գրքերի հետ: Դյուրահավատությունը թե գիտական, թե պետական հարցերում անթույլատրելի է, բայց մենք անասելի դյուրահավատ ենք, ու երբ մեզ ասում են՝ «Քեյնսն ու Աճեմօղլուն հանճարեղ են», մենք իսկույն հավատում ենք, հավատում ենք՝ նույնիսկ առանց նրանց գրքերը կարդալու, լոկ այն պատճառով, որ ասողները շատ-շատ են ու Արևմուտքի նոբելիստներն ու պրոֆեսորներն են: Մեզ ասում են՝ «Լիբերթարիզմը պարտվել է ողջ աշխարհում», ու մենք իսկույն եզրակացնում ենք, թե լիբերթարիզմն աշխարհի ամենավատ բանն է, ախր պարտվել է, ու այն էլ ողջ աշխարհում:
Դարոն Աճեմօղլուն Ջեյմզ Ա. Ռոբինսոնի հետ մի գիրք է գրել «Ինչո՞ւ են պետությունները ձախողվում» («Why Nations Fail») վերնագրով: Այս գրքի մեջ հեղինակները բազմիցս խոստանում են, որ կասեն, թե պետություններն ինչու են ձախողվում ու նաև այս ձախողություններից խուսափելու դեղատոմսեր կառաջարկեն: Հեղինակներն այնպես են ներկայացնում, իբր իրենցից առաջ ոչ մեկն այս կարևորագույն խնդիրը չի շոշափել, ու հենց իրենք պիտի առաջինը հայտնագործեն, թե աշխարհի երկրների բարեկեցության տարբերությունների («անհավասարությունների», ինչպես իրենք են գրում) պատճառն ի՞նչն է:
Հեղինակներն ակնարկ անգամ չեն անում, որ Ադամ Սմիթը դեռ 1776 թ.-ին, այսինքն, հեղինակներից 236 տարի առաջ, հիմնականում լուծել է այս խնդիրը, գրելով իր «An Inquiry to the Wealth of Nations»-ը («Պետությունների բարեկեցության հետազոտությունը»), այնինչ, Ա. Սմիթի այս գրքի նշանակությունը համեմատում են՝ Նյուտոնի «Բնափիլիսոփայության սկզբունքների», Լավուազյեի «Քիմիայի տարրական դասընթացի» ու Դարվինի «Տեսակների ծագման» հետ, որոնք հիմնեցին ժամանակակից ֆիզիկան ու մաթեմատիկան, քիմիան ու էվոլյուցիայի տեսությունը:
Ադամ Սմիթի այս հանճարեղ գործը դրեց ժամանակակից տնտեսագիտության հիմքը, ինչն իրենից հետո թափով զարգացավ ու զարգանում է մինչև այսօր, ու պրն Աճեմօղլուի «առաջ քաշած խնդրի» մասին գրվել է ոչ թե հազարավոր գիտական մենագրություն, այլ հազարավոր ԳՐԱԴԱՐԱՆ գիտական մենագրություն: Ուրեմն, հեղինակների այս իրոք հռչակավոր դարձած գիրքը, շատ մեղմ ասած, թերասություն է և ինչպես վերլուծությունն է ցույց տալիս, շարադրված է գիտական մեթոդին չբավարարող եղանակով: Երբ իսկական գիտնականը հայտարարում է, որ լրիվ նոր տեսություն է ստեղծում, պիտի նախ ցույց տա, թե առկա հին տեսությունները ինչը չեն բացատրում, պիտի անպայման ապացուցի, թե դրանք ինչ թերություն կամ սխալ ունեն: Այս անգամ՝ Աճեմօղլուն ու Ռոբինսոնը պիտի ապացուցեին, որ համաշխարհային տնտեսագիտությունը չի բացատրում, թե ինչու է աշխարհի պետությունների մեծ մասը աղքատ, իսկ դրանցից մի քանիսը հարուստ, և ինչու գոյություն ունի այս «անհավասարությունը», ու հետո նոր առաջարկեին իրենց հայտնագործած «նոր լուծումը»: Բայց ուղղակի անհնար է, որ հեղինակները չիմանան, որ իրենք ոչ մի նոր բան չեն ասում, քանզի վերոհիշյալ բացատրությունները վաղուցվանից դասագրքային ճշմարտություններ են: Իրոք, իրենց գրքի մեջ չկա որևէ ճշմարիտ թեզ, ինչն իրենից առաջ հազարավոր անգամ ասված չլինի: Մյուս կողմից, այն թեզերը, որոնք «նոր են», կամ սխալ են, կամ, առնվազն, վիճելի, կամ էլ անբավարար են հիմնավորված: Դժվար է հավատալը, որ այս հեղինակները չգիտեն, որ եթե շարադրեին առկա տեսությունների արդեն վաղուց հայտնի բացատրությունները, իսկույն կերևար, որ իրենք բացարձակ ոչ մի նոր բան չեն ասում ու ոչ մի ասելիք էլ չունեն: Բա հեղինակներն ի՞նչ անեն, որ մարդկանց համոզեն, որ իրենց գրած գիրքը լրիվ նոր խոսք է գիտության մեջ:
Աճեմօղլուն ու Ռոբինսոնը օգտվում են հետևյալ հնարքներից:
1. Հեղինակները նույնիսկ չեն հիշատակում, որ գոյություն ունեն «տնտեսագիտություն» ու «տնտեսագիտության պատմություն» կոչված գիտությունները, և որ իրենց շոշափած բոլոր խնդիրները բազում անգամ արդեն գիտական մեթոդով ամենայն մանրամասնությամբ վերլուծվել են, ու իրենց առաջ քաշած խնդիրների բոլոր գիտական պատասխաններն արդեն կան:
2. Հեղինակները խուսափում են դասական համարվող հռչակավոր տնտեսագետների անունները տալուց (Ադամ Սմիթի անունն իրենց այս 570 էջում հանդիպում է միայն մեկ անգամ, այն էլ՝ հպանցիկ, «ձեռի հետ»): Ընթերցողն այս գրքում չի տեսնի՝ Ջոն Լոկի, Դեյվիդ Հյումի, Ռիկարդոյի, Վիլյամ Ստանլի Ջեվոնզի, Կառլ Մենգերի, Բոյմ-Բավերկի, Ֆրիդրիխ Վիզերի, Ֆրեդերիկ Բաստիայի, Հեսուս դե Սոտոյի, Լուդվիգ Միզեսի, Ֆրիդրիխ Ավգուստ Հայեկի, Հենրի Հազլիթի, Մյուրեյ Ռոթբարդի ու ուրիշ հզոր մտածողների անունները: Հիշատակված են (այն էլ՝ շատ ու շատ քիչ) միայն ազատ շուկայի գործերին պետության միջամտության կողմնակիցները (բացի Lionel Rօbinson-ը), երևի այն պատճառով, որ իրենք էլ են այսօրինակ միջամտությանը կողմնակից (ինչը հաստատվում է գրքի շարադրանքով): Չկա անգամ շուկայի գործերը պետական միջամտությամբ կարգավորելու «գլխավոր ռահվիրայի»՝ Ջոն Մեյնարդ Քեյնսի անունը, ում «տեսությունը» վերջին մոտ 100 տարվա չդադարող ինֆլյացիայի պատճառն է և ում տեսության զանազան վարիացիաներն այսօր աշխարհի բուհերի մեծագույն մասում դասավանդվող միակ տնտեսագիտություններն են, չնայած վաղուց ու անառարկելի ապացուցված է, որ Քեյնսի տեսությունը լրիվ է սխալ: Սա նույնն է, ինչ որ նոր ֆիզիկա «ստեղծես», ու չհիշատակես՝ Արքիմեդեսի, Էվկլիդեսի, Գալիլեյի, Ֆերմայի, Պասկալի, Դեկարտի, Հյուգենսի, Կառնոյի, Թոմսոն-Կելվինի, Ֆարադեյի, Մաքսվելի, Կլաուզիուսի, Բոլցմանի, Գիբսի, Պլանկի, Ռեզերֆորդի, Էյնշտեյնի, Բորի, Մինկովսկու, Գիլբերտի, Շրեդինգերի, Հայզենբերգի, Բորնի, Դիրակի, Ֆեյնմանի, Լանդաուի, Լայբնիցի, Էյլերի, Լիուվիլի, Լեժանդրի, Լագրանժի, Գաուսի, Կոշու, Համիլտոնի, Յակոբու, Բեռնուլիների, Վայերշտրասի, Ռիմանի ու ուրիշ բազում հզոր ֆիզիկոս ու մաթեմատիկոսի անունը, իսկ Նյուտոնին էլ հիշատակես հպանցիկ՝ «ձեռի հետ»: Բայց երբ նպատակդ թերասությունն ու մոլորեցնելն է, հենց սա է այն ուղիներից մեկը, որ միամիտները մտածեն, թե այս հարցերից առաջինը միայն հենց դու ես խոսում:
3. Աճեմօղլուն ու Ռոբինսոնն ամենայն խնամքով խուսափում են տնտեսագիտության աշխարհում ընդունված տերմիններից: Այս գրքում չկան այնպիսի հանրահայտ տերմիններ, ինչպիսիք են՝ տնտեսագիտական կամ մոնետարիստական հաշվարկը, առաջարկ-պահանջարկը, բիզնեսի (առևտրի) ցիկլը, բում ու բաստը, շահ ու կորուստը ու բազմաթիվ այլ տերմիններ: Ամբողջ գրքում չկա տնտեսագիտական որևէ վերլուծություն, թե առկա տնտեսությունների, թե անցյալի տնտեսական վիճակների վերաբերյալ, չկա բանկերի, մանավանդ կենտրոնական բանկերի կործանարար գործունեության վերլուծությունը, չկա, առհասարակ, չկա իրավագիտական որևէ վերլուծություն: Այս գրքի հիմնական մեթոդը հիստորիցիզմն է, ինչը, ըստ ավստրիական տնտեսագիտության, սնանկ է:
4. Հեղինակները հորինել են միայն մի քանի «տերմին», որոնցով իբր բացատրում են աշխարհի պետությունների հարստությունների անհավասարությունը ու իբր այս անհավասարությունը վերացնելու ուղիներ են առաջարկում: Օրինակ, «ազատ շուկայական հարաբերություններ»-ի փոխարեն ամենուրեք գործածում են «ներառական ինստիտուտներ» (inclusive economic institutions), իսկ «ավտորիտար և տոտալիտար հասարակարգեր»-ի փոխարեն գործածում են extractive economic institutions կապակցությունը: Ներառական ինստիտուտները իբր այն ինստիտուտներն են, որոնք ընդգրկում են առավելագույն թվով շուկային մասնակից քաղաքացի, ու սրանց վաստակն էլ խլող չկա: Իսկ extractive-ը նշանակում է՝ «քաղող, խլող, քամող» ու սրա իմաստն այն է, որ ավտորիտար կամ տոտալիտար հասարակարգերում կան ինստիտուտներ, որոնք քաղաքացիների մեծ մասից խլում են սրանց աշխատանքի արդյունքն ու տալիս են օլիգարխներին, այսինքն, այս extractive economic institutions-ն ուղղակի նշանակում է՝ «թալանչիական տնտեսական ինստիտուտներ», ուրիշ ոչինչ: Հեղինակների «ստեղծած նոր» տերմինները երբեմն ուղղակի ծիծաղելի են: Օրինակ, հեղինակները գործածում են «արատավոր օղակ (ցիկլ, սպիրալ)» տրամաբանական հասկացությունը, բայց ոչ սրա հիմնական նշանակությամբ:
Ըստ իրենց, այս արատավոր օղակն այն ուղին է, ինչը շատացնում, հզորացնում է երկրի թալանչիական ինստիտուտները: Դե որ այս «հրաշալի» տերմինը ներմուծել են, ինչո՞ւ սրա հակադիր տերմինն էլ չներմուծեն: Ու հեղինակները ներմուծում են նաև «առաքինի օղակ» տերմինը: Չգիտես՝ ծիծաղե՞ս, թե՞ լաս: Կամ, հետևելով շուկային միջամտելու տեսության հետևորդ Joseph Shumpeter-ին, գործածում են «ստեղծարար ավիրմունք» (creative destruction) տերմինը, ինչը նշանակում է բում-բաստի մեխանիզմով ոչ արդյունավետ տնտեսությունների ինքնին վերանալը, ինչը վաղուց է հայտնի: Եվ ահա հեղինակները հորինում են նաև սրա հակառակը, «ոչ ստեղծարար ավիրմունք»-ի անհեթեթ գաղափարը: Գիտական չի նաև (ու օրինակ) «պլուրալիստական քաղաքական ինստիտուտներ» տերմինը, ինչն, անկասկած, բոլորովին սահմանված չի, ու անհեթեթ է:
5. Ի՞նչն է այս գրքի բովանդակությունը: Այն երկրները, որոնք այնպիսի քաղաքական կառուցվածք ունեն, որ իրենց տնտեսական ինստիտուտները ներառական են, հարստանում ու բարգավաճում են: Իսկ այն երկրները, որոնք այնպիսի քաղաքական կառուցվածք ունեն, որ իրենց տնտեսական ինստիտուտները թալանչիական են, աղքատանում ու թշվառանում են: Ո՞րն է հեղինակների «հանճարեղ» հայտնագործություն-խորհուրդը աղքատ երկրներին: Այս խորհուրդը հետևյալն է: Եթե ուզում եք հարստանալ ու բարգավաճել, այնպիսի քաղաքականություն վարեք, որ հրաժարվեք թալանչիական տնտեսական ինստիտուտներից ու ստեղծեք ներառական պլուարիստական տնտեսական ինստիտուտներ: Սրա համար պետք է, օրինակ, իրավական երկիր կառուցեք ու ձեզ սահմանափակեք ու հրաժարվեք պետական պաշտոնյաների կաշառակերությունից ու պետական օրենքներով հովանավորվող թալանից: Թե գրքի հիմնական միտքը, թե հիմնական խորհուրդը (ինչը տեղ-տեղ նշանակում է ազատ շուկայի պետական կարգավորում), ՀՀ-ում հայտնի են համարյա բոլոր հասուն մարդկանց: Գրքի մնացած մասը, այսինքն, ըստ էության, համարյա ողջ գիրքը (այս ողջ 570 էջը), կազմված է ուրիշների գրքերից հավաքած վիթխարի (ուղղակի անասելի վիթխարի) քանակով պատմական տեղեկություններից, որոնք իբր հաստատում կամ ապացուցում են հեղինակների հենց նոր շարադրածս «հայտնագործությունը»: Հենց այս պատմական տեղեկություններն են, որ գրքի ընթերցանությունը ոչ մասնագետի համար դարձնում են հետաքրքիր ու այս հիստորիցիստական գրքին գիտական գրքի տպավորություն են տալիս:
Մեծարգո պրն վարչապետ, Աճեմօղլուն ու իր հեղինակակիցը ուրիշ ոչինչ չեն ասում ու չեն էլ ասի երբևէ, որովհետև եթե ասեն, պիտի կրկնեն կամ լիբերթարյան տնտեսագիտության վաղո՜ւց հայտնի թեզերը, կամ քեյնսյան տնտեսագիտության կործանարար թեզերը, սրա համար էլ պիտի անցնեն գիտական տերմինոլոգիային ու այս տնտեսագիտությունների շարադրանքին: Բայց այդ ժամանակ իսկույն կերևա, որ այս պարոնները բոլորովին էլ օրիգինալ չեն, այլ ուղղակի կրկնում են ուրիշների ասածները: Գուցե առարկող լինի, թե բա ինչո՞ւ են Աճեմօղլուն ու Ռոբինսոնն այսքան հռչակավոր, ինչո՞ւ է նրանց գրքի հենց սկզբում Նոբելյան 5 մրցանակակիր ու 8 նշանավոր պրոֆեսոր անասելի գովում այս գիրքն, ու ինչո՞ւ են ողջ աշխարհում Աճեմօղլուին ու Ռոբինսոնին համարում հանճարեղ տնտեսագետ:
Սրա բացատրությունը երկար է ու տեղի սղության պատճառով անհնար է, որ դրվի այստեղ, միայն ասեմ, որ այսպիսի բաներ լինում են թե աշխարհում, թե մանավանդ Հայաստանում: Գրքի հաջողության պատճառը նախ ասված նոբելիստների ու նշանավոր պրոֆեսորների այս գովազդն է, իսկ հետո սրա ասածի ծայրաստիճան պրիմիտիվությունը: Իմիջիայլոց, այս բոլոր նոբելիստներն ու պրոֆեսորները միմիայն ազատ շուկայի գործերին միջամտելու կողմնակից ու ջատագովներն են և սրանց հակառակ կողմից ոչ մի կարծիք, ոչ մի գնահատական, իհարկե, չկա: Անտեղյակը կարդում է, գրքի բովանդակության քիչ առաջ ասածս ծայրահեղ պրիմիտիվ միտքը ու զարմանում է, որ հասկացավ, ու խիստ ոգևորվում է, որ մի հույժ «հանճարեղ» բան է հասկացել: Բա էլ ո՞նց չի ոգևորվի: Ասեմ նաև, որ 1964 թվից տրվող Նոբելյան մրցանակներն իրենց ոչ օբյեկտիվությամբ կարող են մրցել խաղաղության Նոբելյան մրցանակների հետ: Մի օրինակ բերեմ միայն: Ֆ. Ա. Հայեկն ու Գուստավ Մյուրդալը կիսեցին 1974 թվի Նոբելյան մրցանակը իրար լրիվ հակասող տեսությունների համար: Արդեն ասածս Քեյնսը 1930 թվին գրեց իր «Տրակտատ փողի մասին», իսկ 1936-ին՝ իր «Զբաղվածության, տոկոսի ու փողի ընդհանուր տեսությունը» գրքերը: (Այս վերջինը հայտնի է «Ընդհանուր տեսությունը» վերնագրով): Ֆ. Ա. Հայեկը, 1931 ու 1943 թվերին այս երկու գիրքն էլ մանրամասն վերլուծեց ու ցույց տվեց, որ սրանք, մեղմ ասած, բազում-բազում անհաշտ հակասություն ունեն գիտության ու տրամաբանության հետ: Ինքը՝ Քեյնսը, գրեց Հայեկին. «Փիլիսոփայական ու բարոյական առումներով ես ձեր (երկրորդ–Մ.Հ.) գրքին ոչ մի առարկություն չունեմ»: Բայց, ինչքան էլ տարօրինակ լինի, Քեյնսի այս գրքերը դարձան «մաթեմատիկական մակրոէկոնոմիկա» կոչված փսևդոգիտության ռահվիրաները ու, չնայած այս գրքերի բազում ուրիշ հիմնավոր քննադատությունների, համարվում են հանճարեղ:
Իսկական տնտեսագիտությունը, ինչին այս ուղղության ներկայացուցիչները կոչում են լիբերթարիզմ (քանի որ բացահայտ ու ծպտյալ սոցիալիստներն ու ազատ շուկային միջամտելու ամեն գույն ու երանգի կողմնակիցները իրենց համարում են լիբերալ, որովհետև իրենք էլ են ընդունում, որ լիբերալիզմը, այնուամենայնիվ, ճշմարիտ գիտություն է) բազում անգամ է անառարկելի ցույց տվել ու կյանքն էլ հաստատել է, որ քեյնսիզմից առաջացած շուկային միջամտելու բոլոր տեսություններն էլ կործանարար են: Բայց մեկ է, քեյնսիզմը այն աստիճան է հաղթել ողջ աշխարհում, որ աշխարհի ոչ մի բուհում ավստրիական դպրոցի լիբերթարյան տնտեսագիտությունը չի դասավանդվում, բացի թերևս Վիեննայի համալսարանը:
Այո, լիբերթարիզմը պարտվել է ողջ աշխարհում, բայց այս պարտությունը չի նշանակում, որ լիբերթարիզմը սխալ է: Թերևս արդարությունն էլ է պարտված ողջ աշխարհում, բայց արդյո՞ք սա նշանակում է, որ արդարությունը սխալ բան է, կամ որ մենք չպիտի ձգտենք արդարությանը:
Մենք հավատում ենք, որ Աճեմօղլու պես «ոչ պրոֆեսիոնալը» հանճարեղ է ու սրանով հպարտանում ենք, որովհետև ծագումով հայ է, բայց նույնիսկ տեղյակ էլ չենք, որ մեր հայրենակից Արմեն Ալչիյանը (Armen Alchian-ը), ով 2014-ի փետրվարի 19-ին 98 տարեկանում մահացավ ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, իրենից հետո ԱՄՆ-ի տնտեսագետների հզոր դպրոց է թողել, ու հենց իրենք՝ ամերիկացիները բողոքում էին, թե Ալչիյանին ինչո՞ւ Նոբելյան մրցանակ չեն տալիս: Իմիջիայլոց, Արմեն Ալչիյանը ծայր աստիճան համեստ մարդ էր ու իր գիտելիքներն ու նոր գաղափարները շռայլ նվիրում էր իր բոլոր հետևորդներին, մանավանդ ջահելներին, իսկ իր տնտեսագիտության բուհական դասագիրքը, Exchange and Production-ը (1964 թիվ, William R. Allen-ի հեղինակցությամբ, չնայած ընդունված է, որ հենց Ալչիյանին համարեն հեղինակը) արդեն կես դարից ավելի է, ինչ ԱՄՆ-ում տնտեսագիտության դասագրքերից ամենասիրվածն ու ամենահեղինակավորն է, իր հենց գիտականության ու հստակության համար: Ես երջանիկ կլինեի, եթե մենք Արմեն Ալչիյանին ու իր պես գիտնականներին հետևեինք, ու հենց սրա՛նց համարեինք սուպերգիտնական, որովհետև սա՛ է իրականությունը: Եվս մի իմիջիայլոց: Արմեն Ալչիյանը ընդամենը 1960-ական թվերին հրատարակված 4 գիտական հոդվածի հեղինակ է, բայց այս 4 հոդվածն այնքան են զորավոր, որ Արմենին համարում են 20-րդ դարի ամենահանճարեղ տնտեսագետներից մեկը:
Մեծարգո պրն վարչապետ, ասածներս ճակատագրական նշանակություն ունեն, որովհետև վաղ թե ուշ Դուք պիտի ընտրեք տնտեսական-քաղաքական հասարակարգի այն մոդելը, ինչը պիտի դրվի իշխանափոխված Հայաստանում, որպեսզի մեր երկիրը իրոք հեղափոխվի, թե չէ, ցավոք սրտի, ինչքան էլ հայտարարվի, թե Հայաստանում հեղափոխություն է եղել, այդ հեղափոխությունը չկա ու չի էլ լինի, ու մենք նորից կունենանք նախորդ իշխանությունից ժառանգած ավտորիտար սուպերվարչապետական ռեժիմը: Իսկ եթե նույնիսկ հրաժարվենք սուպերվարչապետական սահմանադրությունից, բայց տնտեսագիտական առումով անբարո սահմանադրություն որդեգրենք, ազատ շուկայով իրավական երկիր չենք ունենա։
ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
15.08.2018
Տնտեսագետ չեմ, սակայն ժամանակին մասնագիտացել եմ «տնտեսական» լրագրության ոլորտում և որոշակիորեն ծանոթ եմ տնտեսագիտությանը, կարդացել եմ հեղինակների՝ համացանցում առկա 70 էջանոց ռուսական թարգմանությունը և հասկացել, որ այդ գրքի հեղինակ/ների/ին լուրջ համարել չի կարելի: Մի քանի անգամ ֆեյսբուքով առաջարկել եմ Աճեմօղլիին Հայաստան հրավիրելու փոխարեն օգտագործել մեր մասնագետների ուժերը, բայց այդ ամենը հնչել է «ձայն բարբառոյ յանապատի»: