Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես հայերենի հետ կապված սեպտեմբերի առաջին օրերին ես ասելիք կունենամ». Արայիկ Հարությունյան

Օգոստոս 15,2018 22:11

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Կասկադում հանդիպեց ուսանողների ու աշակերտների հետ ու պատասխանեց նրանց հարցերին:

Հարց ուղղվեց գիտության մասին, թե պետությունը ե՞րբ է ուշադրություն դարձնելու գիտությանը: Նախարարը պատասխանեց՝ հիմա. «Պետք է կարգուկանոն հաստատել այդ ոլորտում, նոր խոսել մեծ բարեփոխումների մասին: Երբ որ դու գտնվում ես շատ վատ վիճակում, դու չես կարող անմիջապես լավագույնի հասնել, ինչ-որ մի միջին վիճակի պետք է հասցնես վիճակը, որ խոսես արդեն բարձր նպատակների մասին»:

Հարց եղավ՝ ընդունելության կարգը փոխվելո՞ւ է թե ոչ, շտեմարանի համակարգը դարձյալ կիրառության մե՞ջ է լինելու: Նախարարը պատասխանեց. «Հայերենի հետ կապված արտահայտվել եմ, որ այդ շտեմարանները ցույց չեն տալիս այն ամբողջ պաշարը, որն ունի աշակերտը, հիմնականում դա անգիրի վրա հիմնված գիտելիքի ստուգման ձեւ է»:

Նախարարն ասաց, որ քննարկում են այլ տարբերակներ. «Ուղղակի հեղափոխությունը կրթական համակարգի համար անհարմար ժամանակում տեղի ունեցավ, որովհետեւ նոր ուսումնական տարուց առաջ լուրջ փոփոխություններ անելը հղի է ավելի մեծ կատակլիզմներով: Փոփոխությունները հանրակրթության մեջ հիմա արդեն նկատելի են կազմակերպման առումով, իսկ բովանդակային առումով առաջիկա մեկ տարվա մեջ այդ փոփոխությունները կտեսնեք»:

Նա ասաց, որ զուտ տեխնիկական առումով նոր դասագիրք, նոր ծրագիր կիրառության մեջ դնելը ամիսների ու տարիների խնդիր է, մի քանի ամսում ծրագրերի ու դասագրքերի փոփոխություն հնարավոր չէ, բայց հընթացս բոլոր այն պրոբլեմները, որոնք կարող են օպերատիվ լուծման ենթարկվել, դրանք իրականացվում են: Հատկապես հայերենի հետ կապված սեպտեմբերի առաջին օրերը ես ասելիք կունենամ:

Ինչ վերաբերում է շտեմարաններին, նախարարն ասաց՝ թող շարունակեն պարապել, պարապելը ոչ մեկին վնաս չի տալիս:

Մի ուսանող ասաց, որ մաթեմատիկայի միասնական քննության տեւողությունը նախկինում եղել է 4 ժամ, հիմա 3 ժամ է, ամեն խնդիր 1,5 րոպեում պետք է լուծեն, չեն հասցնում, նախարարն ասաց, որ կքննարկեն ու եթե պետք է, տեւողությունը կավելացնեն՝ կարեւորը գիտելիքը ստուգելն է, ոչ թե երեխաներին վատ վիճակի մեջ դնելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031