Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերվա ժամը 4-ից Լոռու մարզի շուրջ 13 համայնք եւ մարզկենտրոն Վանաձորի ավելի քան 65 տոկոսը մնացել է առանց ջրի: Պատճառն այն է, որ վթարվել է նշված հատվածները սպասարկող «Նովոսելցովո» մայր ջրատարը:
«Ժամը 4-ին 911 ծառայությունից զանգ ենք ստացել, որ վթար է առաջացել «Նովոսելցովո» ջրատարի 1000-անոց խողովակի վրա: Դադարեցրել ենք ջրամատակարարումը, դատարկել ենք խողովակաշարն ամբողջությամբ:
Մեծ շիթով ջուր էր դուրս գցում, որի հետեւանքով մեքենաները չէին կարողանում անցնել: Եւ ժամը 8-ին սկսել ենք վթարավերականգնողական աշխատանքները: Այս հատվածում նոր խողովակաշար է անցկացվել»,- մեզ հետ զրույցում ասաց «Վիոլա ջուր» ՓԲԸ-ի Լոռի տեղամասի շահագործման տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը:
Վթարված խողովակաշարը գտնվում է Մ6 միջպետական նշանակության ճանապարհահատվածում: Վթարի հետեւանքով խափանվել է նաեւ նշված ճանապարհի երթեւեկությունը: Ճանապարհահատվածում, որը գտնվում էր հիմնանորոգման փուլում դեռ մեկ ամիս առաջ փլուզում էր տեղի ունեցել: Փլուզվել էր մոտ 70 մ երկարությամբ եւ 3 մ լայնությամբ ճանապարհը: Այժմ էլ նշված հատվածում ջրագիծն է վթարվել:
-Առավոտվա 5-ից զոդման միջոցով վթարավերականգնողական աշխատանքներ եմ կատարում: Էս պահին չգիտենք պատճառը սողանք է, թե ոչ, դեռ հստակ չէ,- ասում է ավագ բանվոր Գեւորգ Ադամյանը:
Տեղամասի պետ Ալեքսանդր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ շուտով աշխատանքներն ավարտին կհասցվեն եւ կվերականգնվի ջրամատակարարումը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ