Այսօր Aravot.am-ը Շիրակի մարզ այցելած գյուղնախարար Արթուր Խաչատրյանից հետաքրքրվեց, թե տեղական գյուղմթերքներից ո՞րն առավել շատ պահանջարկ ունի դրսի շուկայում։
«Ծիրանը, մենք ամենօրյա տվյալները ստանում ենք, երեկ երեկոյան ստացած տվյալներով՝ 81 տոկոսով ավելի շատ ծիրան ենք արտահանել, քան անցած տարի, համարյա կրկնակի։ Կեռաս, ծիրան, խաղող, դեղձ, դեղձի սեզոնը դեռ չի սկսվել, բայց անցյալ տարվա հետ համեմատ՝ մոտ 3 անգամ ավելի շատ դեղձ ենք արտահանել», ասաց գյուղնախարարը։
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե ո՞ր երկրի շուկայում այդքան մեծ պահանջարկ կա հայկական արտադրության գյուղմթերքի։ «Հիմնական շուկան, իհարկե, Ռուսաստանն է, բայց եթե համեմատենք, նաև արտահանման աշխարհագրությունն է մեծացել, այսինքն՝ Ռուսաստանից բացի, նաև Ուկրաինա, Բելառուս, Վրաստան, Եվրոպական Միություն, նաև դեպի Մերձավոր Արևելք՝ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Դուբայ, Քաթար, Քուվեյթ։ Կեռաս ենք արտահանում Քաթար, նաև ծնեբեկ ենք արտահանում Քաթար։ Մի ընկերություն է, բայց մարդիկ կարողացել են մտնել Քաթարի շուկա։
Մի շուկայից կախվածությունը շատ ռիսկային է, Լարսի անցման ժամանակ կուտակումներ են տեղի ունենում, տուրիստների հոսք է գալիս, փակվեց, ռիսկային է, արտարժույթի տատանումներ են առաջանում, ռիսկային է։ Այստեղ նաև արտահանման աշխարհագրության ընդլայնումը խիստ կարևոր, ռազմավարական մեծ նշանակություն ունեցող հարց է, և երբ մենք խոսում ենք տարբեր միջազգային կառույցների հետ, նաև արժեշղթաների զարգացումը և ինտեգրումը միջազգային արժեշղթաներին, որն իր հետ կբերի նաև սպառման աշխարհագրության մեծացման»։
Լրագրողներից մեկը նախարարին առաջարկեց Լարսի կուտակումներից խուսափելու, ապրանքը փչացնելու փոխարեն ճիշտ օգտագործել «Շիրակ» օդանավակայանի հնարավորությունները, մաքսակետ տեղադրել Գյումրիում, օդանավով արտահանել գյուղմթերքը։ Նախարարը խոստացավ քննարկել՝ ասելով, որ խելամիտ առաջարկ է։ Ըստ ՝ Արթուր Խաչատրյանի,օդանավով բարձրարժեք մթերք պիտի արտահանվի՝ կեռաս, ելակ, ծնեբեկ, որոնք շուտ փչացող են։
«Շատ լավ գաղափար առաջարկեցիք, որովհետև ամսի մեկին ընկերություն կա, եթե չեմ սխալվում, 1320 գլուխ ոչխար պետք է արտահանի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Հիմա, եթե նման հնարավորություններ լինեն «Շիրակ» օդանավակայանում, կարծում եմ բոլորի համար շահավետ կլինի։ Կքննարկենք այս առաջարկը, եթե մաքսայինը, սննդի անվտանգության տեսչական մարմինը կարողանան այդ ենթակառուցվածքները ստեղծել, իրագործելի կլինի։ Լավ գաղափար է, 5 տարուց ավել Արաբական Էմիրությունների շուկան փակ էր մեր կենդանիների համար, հիմա բացվեց, եթե կարողանանք անփորձանք, առաջին արտահանումը ճիշտ կազմակերպել, Շիրակը միշտ եղել է ոչխարաբուծության կենտրոն, Ամասիայում ոչխարաբուծության զարգացման ծրագիրն է գործում, այստեղից արտահանելը շատ լավ կլինի», -ասաց նախարարը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ