1947 թվականից ուժի մեջ մտավ Հնդկաստանի Անկախության Ակտը, և երկրի առաջին վարչապետ Ջավահարլալ Ներուն Դելիում առաջին անգամ բարձրացրեց անկախ Հնդկաստանի ազգային դրոշը:
Մեծ Բրիտանիայից անկախացած Հնդկաստանում տոնը նշվում է անկախ ազգային պատկանելությունից կամ դավանանքից ու խորհրդանշում է ժողովրդավարական Հնդկաստանի միաբան լինելու ձգտումը: Երկրի բոլոր քաղաքներում այս օրը պետական պաշտոնյաների եւ հանրային գործիչների ներկայությամբ կատարվում Է դրոշի բարձրացման արարողություն:
Հնդկաստանի անկախության հռչակման 71-րդ տարեդարձը նշվեց նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանատանը՝ ազգային դրոշի հանդիսավոր բարձրացման արարողությամբ:
«Մեզ համար կարեւոր այս օրվա միջոցառումներին հրավիրել ենք Հայաստանում բնակվող բոլոր հնդիկներին եւ Հնդկաստանի բարեկամներին»,-«Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայաստանում եւ Վրաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Հայաստանն ու Հնդկաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել են 1992 թվականից: Դրանք, ըստ դեսպանի, միշտ հրաշալի են եղել:
«Անկախ նրանից, թե որ կառավարությունը կամ նախագահն է իշխանության գլուխ, Հայաստանի հետ մեր հարաբերությունները հրաշալի են: Հայաստանի նախկին 3 նախագահները այցելել են Հնդկաստան, մեր 2 փոխնախագահները եղել են Հայաստանում: Փոխնախագահ Համիդ Անսարին այցելել է նախորդ տարվա ապրիլին: Մենք Հայաստանի հետ ունենք հրաշալի քաղաքական հարաբերություններ, միմյանց աջակցում ենք նաեւ միջազգային հարթակներում, ՄԱԿ-ում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վերջերս հանդիպման ժամանակ էլ, նա անձամբ վերահաստատեց, որ Հնդկաստանը այն 5 երկրների թվում է, որոնց հետ Հայաստանը զարգացնելու հարաբերությունները: Այնպես որ, հայ-հնդկական հարաբերությունները շարունակելու են մնալ հրաշալի ու զարգանալ»,-նշեց Հնդկաստանի դեսպանը:
Յոգեշվար Սանգվանը միաժամանակ նկատեց, որ ներկայում կենտրոնացել են Հայաստանի ու Հնդկաստանի միջեւ առեւտրական, տնտեսական ու մշակութային հարաբերությունները ընդլայնելու վրա: «Առավելապես փորձում ենք խորացնել բիզնես կապերը, մարդկանց միջեւ կապերը: Բիզնես ոլորտում հարաբերությունները ցանկալի նշաձողին դեռ չեն հասել, սակայն, մենք ձգտում ենք զարգացնել հարաբերությունները, կազմակերպել բիզնես պատվիրակությունների այցեր Հայաստան»,-ասաց նա:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: