Ռուսաստանի և Վրաստանի միջև սահմանին բազմակիլոմետրանոց խցանումների մեջ հայտնված զբոսաշրջիկները նամակ են գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Միջնորդագրում նշվում է, որ զբոսաշրջիկները պահանջում են ծառայությունից հեռացնել այն սահմանապահներին, որոնք չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները: Զբոսաշրջիկներին հատկապես մտահոգել է այն հանգամանքը, որ «Վերին Լարս» անցակետում վրացական կողմում յուրաքանչյուր մեքենայի ստուգման վրա ծախսվել է առավելագույնը 10 րոպե, իսկ ռուսական կողմում՝ առնվազն կես ժամ:
Այն մարդիկ, ովքեր ցանկություն են ունեցել հանգստանալ Վրաստանում և Հայաստանում կամ այցելել հարազատներին, ստիպված են եղել ժամերով սպասել ռուսական սահմանին:
Ըստ գործակալության՝ փորձագետները նույնպես կարծում են, որ խնդիրն առաջացել է հենց ռուսական կողմում, քանի որ այնտեղ նախատեսված չէ այսպես կոչված «կանաչ միջանցքը», հետևաբար բոլորը սպասում են ընդհանուր հերթում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ